Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼ ՄԱՍՆԱԳԵՏ Է ՓՆՏՐՎՈՒՄ

Հունիս 12,2002 00:00

ԱՅԼ ՄԱՍՆԱԳԵՏ Է ՓՆՏՐՎՈՒՄ Քաղաքական շրջանակներում այս օրերի ամենաթեժ թեման՝ իմփիչմենթի հարցը, Երեւանի կոնյակի գործարանը «Պեռնո Ռիկարին» հանձնելու 4-րդ տարեդարձի միջոցառումների ընթացքում անգամ չանտեսվեց։ Հանրապետության նախագահին լրագրողների ուղղած հարցերը հենց այս թեմայով էին։ «Առավոտի» հարցին, թե «կարծում եք օրինակա՞ն էր իմփիչմենթի հարցն օրակարգ չմտցնելու Արմեն Խաչատրյանի քայլը», նախագահը պատասխանեց. «Անօրինական կլիներ, եթե հարցը մտներ օրակարգ։ Դա կլիներ իսկապես անօրինականություն եւ հնարավորություն կտար մինչեւ խորհրդարանական ընտրությունները (2003թ. մայիս) ամեն ամիս նման առիթներ ստեղծել եւ օրինաստեղծ գործունեությամբ զբաղվելու փոխարեն անընդհատ ինչ-որ թեմաներ հարուցել։ Բայց սկզբունքային հարց է. ստեղծված է հանձնաժողով, որի իրավասությունները շատ հստակ էին։ Որոշման մեջ ընդգրկված է 3 կետ, երեւի գիտեք այդ մասին։ Եվ եզրակացության մեջ, ինչ-որ տեղ խախտումներով, ինչ-որ մի նախադասություն գնաց, որն ընդհանրապես կապ չունի այն լիազորությունների հետ, որի համար ստեղծված է այդ հանձնաժողովը։ Ով ինչի մասին խոսի՝ վերջում ասելու են իմփիչմենթ։ Չի կարելի»։ Ըստ նախագահի, հանդուրժել սա, կնշանակի մինչեւ մայիս անընդհատ ունենալ նույն պատմությունները։ Հարցերի գերակշռող մասը «պետականամետ» ծագման էին։ Օրինակ, հասարակության մեջ կարծիք է ձեւավորվել, որ այս խորհրդարանն իրեն վաղուց սպառել է եւ այս երկու օրերի դեպքերը դրա վառ ապացույցն են, չե՞ք կարծում, որ պետք է լուծարել խորհրդարանը կամ, այնուամենայնիվ, առկա է ճգնաժամ, եթե ինքըստինքյան հարցը չլուծվի, ի՞նչ պետք է արվի։ Կատարվածը նախագահի վրա տհաճ տպավորություն է թողնում եւ, իր կարծիքով, ընդհանրապես բոլորի վրա։ Նա չի կարծում, որ «խորհրդարանը կարող է մի քանի անկարգապահ պատգամավորի գերին դառնալ, երկրի օրենսդիր մարմինը չի կարող հանդուրժել նման իրավիճակը։ Համոզված եմ, որ խորհրդարանում կան առողջ ուժեր, որոնք ի վիճակի են անձամբ կարգավորել ստեղծված իրավիճակը։ Եթե տեսնենք՝ շատ է ձգձգվում, իհարկե, միջամտելու ենք։ Ցույց ենք տալու, որ կարգը պարտադիր է նաեւ պատգամավորի համար»։ Ինչ վերաբերում է լուծարելուն՝ «կարող է թվալ, թե դա նույնիսկ ամենակարճ լուծումն է։ Բայց փորձենք մի քիչ անձնավորված գնահատել խորհրդարանի իրավիճակը։ Այս երկու օրվա ընթացքում ընդամենը 6-7 պատգամավորի ագրեսիվ պահվածքն է ստեղծել այս իրավիճակը։ Չեմ կարծում, որ այդ 6, 7, 10 պատգամավորի պատճառով պետք է ամբողջ խորհրդարանի վարկանիշն ընկնի»։ Իմփիչմենթը նախաձեռնած պատգամավորները գործընթացը կարեւորում էին նաեւ նրանով, որ դա հնարավորություն կտար փարատել կամ հաստատել կասկածները, այսինքն՝ հստակություն կմտցներ հարցի մեջ։ Նախագահը այլ մոտեցման կողմնակից է։ Կասկածները փարատելու փոխարեն՝ նա առաջվա նման կարծում է, որ նման նախաձեռնությունները երկրի վարկանիշի վրա ազդում են։ Եվ ովքեր իրենց այդպես են պահում, ըստ նրա, երկրի վարկանիշի մասին չեն մտածում։ Բայց Ռոբերտ Քոչարյանը մեծահոգաբար առաջարկում է «այդ մի քանի հոգու կեցվածքը չտարածել ամբողջ խորհրդարանի վրա»։ Վարկանիշը, կայունությունը, թվում է, պատրվակներ են ընդհանրապես հարցից խուսափելու համար։ Նրա համոզմամբ, «մեր խորհրդարանի մեծամասնությունը եւ այլ կազմակերպված խմբակցություններ պետք է ավելի ակտիվ եւ համառորեն պաշտպանեն իրենց երկրի եւ մեր խորհրդարանի վարկանիշը, թույլ չտալով այն խուլիգանությունը, այլ բառ ուղղակի դժվարանում եմ գտնել։ Եթե այդ ուժը չգտնեն, ուրեմն պետք է միջամտենք»։ Բայց ընդհանրապես, թվում էր, նախագահը արհեստականորեն փոքրացնում է խնդիրը։ Չնայած ապահովագրված, բայց, այնուամենայնիվ, անձնական վիրավորանք հասցրեց ոմանց. «Կարծում եմ, կան մարդիկ, որոնք այլ մասնագետի կարիք ունեն։ Չեմ ուզում ասել ինչ մասնագետի, բայց այլ մասնագետի կարիք ունեն։ Եվ մի քանի հոգու պատճառով սա անվանել խորհրդարանական ճգնաժամ՝ ես չեմ ուզում։ Մի երկու-երեք օր անցնի, կերեւա՝ սա իսկապես ճգնաժա՞մ էր, թե՞ մի քանի հոգու ագրեսիվ, անպատասխանատու գործունեություն»։ Հետեւաբար, հարց է առաջանում՝ ո՞վ է այն այլ մասնագետը, որը հապաղում է իր լուման ներդնել երկրի վարկանիշի պահպանման հարցում։ Երեւանի կոնյակի գործարանի՝ Պեռնո Ռիկարին հանձնելու 4-րդ տարեդարձի «քաղցր առիթը» նախագահը չցանկացավ խաթարել ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի պարտության հարցերի քննարկմամբ, հատկապես գործարանի տարածքում։ Վերջում անսպասելիորեն նախագահը հարց ուղղեց լրագրողներին՝ դրական պատասխան ակնկալելով կոնյակի գործարանի գործարքի վերաբերյալ՝ շարունակելով հավատացնել, որ այսուհետ ավելի լավ է լինելու։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել