Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԿՌԻՎ» Է

Հունիս 13,2002 00:00

ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԿՌԻՎ» Է Վարդենիսցիները Քոչարյանին չեն ընտրելու. «Որ սենց ենք ապրում՝ ընտրենք ինչ անենք» «Մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է՝ փողը հողին չի խառնում»,- այսպես կատակեց մի վարդենիսցի՝ ցրելով լրագրողիս մտորումները Վարդենիս-Երեւան ճանապարհի անմխիթար վիճակի վերաբերյալ։ Ճանապարհը, ճիշտ է, «կարկատում» էին, սակայն դա հարցի լուծում չէ տուրիզմի բիզնեսով զբաղվելու ակնկալիքներ ունեցող Հայաստանի համար, առավել եւս, որ տուրիզմի զարգացում առանց Սեւանա լճի՝ առնվազն անհեթեթ է։ Ճանապարհից ստացած տպավորություններին ոչնչով չզիջեցին վարդենիսցիների հետ զրույցներից ստացած տպավորությունները։ Մարդկանց կենսամակարդակը, ապրելակերպը, խնդիրները բոլորին հայտնի ճշմարտություններ են։ Գյուղատնտեսական աշխատանքների շրջանն է, բայց լուրջ խնդիր է ոռոգման ջրի հարցը։ Ջրային տնտեսության մի աշխատակցի կարծիքով, համակարգը վերանորոգելու համար կապիտալ ներդրումներ են անհրաժեշտ. «Վարդենիսում 16-17 ջրանցք ունենք, նվազագույնը 5 կմ երկարությամբ։ Եթե 15-16 տարի ջրանցքը չնորոգվի, բնակչությունից հավաքած կանխավճարներով եւ ընթացիկ նորոգումներով հարցը չի լուծվի։ Անցած տարի ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ 12 խորքային հոր վերանորոգեցինք, բայց ընդհանուրի 60%-ը դեռ նորոգման կարիք ունի, իսկ մեկ հորի նորոգումն արժե 8-10 հազար դոլար։ Բնակչին չի հետաքրքրում, որ համակարգն անսարք է, նրան պետք է ժամանակին մատակարարես։ Ժողովուրդն ասում է՝ սարքի, ջուր տուր, բերք առնեմ, փողդ տամ, թե չէ որտեղի՞ց քեզ փող տամ քո գործն անես ու իմ մասին էլ մտածես»։ Քաղաքը նաեւ խմելու ջրի խնդիր ունի։ Մեր այցելած օրը քաղաքային ժողով էր։ Սոցիալական ներդրումների հիմնադրամի տարածաշրջանային ներկայացուցիչն ու քաղաքապետը ժողովրդին ներկայացնում էին հիմնադրամի 300 հազար դոլար արժողությամբ խմելու եւ ոռոգման ջրերի խնդրի լուծման ծրագրերը։ Ի դեպ, հիմնադրամը ֆինանսավորելու է ծրագրի 90%-ը, մնացած 10%-ը պետք է լինի բնակչության ներդրումը՝ աշխատուժի ձեւով։ Ժողովին ներկա էր առավելագույնը 80 մարդ։ «Ժողովուրդը հույսը կորցրել է», ժողովրդի իսկ որակումը քաղաքապետին վրդովեցրեց. «Ինչի՞ց եք հույսներդ կտրել… ավելորդ մեկնաբանություններ մի արեք, հարցերը տվեք եւ վերջ»։ Իսկ ընդհանրապես, քաղաքապետը վստահ էր, որ այդ ծրագրերի արդյունքում ջրի հարցը լուծվելու է։ Թե այդ վստահությունը որքանով է պայմանավորված առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով, միայն քաղաքապետին հայտնի կլինի։ Իսկ հիմնադրամի նկատմամբ մարդկանց անվստահությունը, ինչպես իրենք բացատրեցին, պայմանավորված է նրանով, որ «նրանք էստեղ նոր են»։ «Էստեղ հիմա քաղաքական կռիվ է,- լուսավորեցին անգործությունից առավոտից իրիկուն «կալցեվոյում» կանգնած վարդենիսցիները,- տուն-ինտերնատի տնօրենը հանրապետական է, ժողովրդին ստիպում է անդամագրվել իր կուսակցությանը։ Անգամ իր աշխատողներից 1-2-ին գործից ազատել է մերժման համար՝ տարբեր պատճառաբանություններով։ «Օրինաց երկիրն» է լավ քարոզչություն տանում, բայց Հանրապետականն ուժեղ է՝ լծակներ ունի, կարողանում է ազդել մարդկանց վրա»։ Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին. «Նախագահին չենք ընտրի, որ սենց ենք ապրում՝ ընտրենք ի՞նչ անենք… ըտենց թեկնածու չկա, որ գա ու ժողովրդի հոգսը հոգա»։ Բնակիչների հավաստմամբ, «ժողովրդի 50%-ն էստեղից դուրս է եկել, ամբողջ Վլադիկավկազը վարդենիսցիներ են»։ Ընդամենը մեկ ամիս է, ինչ ոսկու հանքն է աշխատում՝ 150-200 աշխատատեղով, «հանքի տերն էլ հնդիկ է»։ Աշխատանքի եւ զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է ընդամենը 746 աշխատանք փնտրող մարդ, 662 չզբաղված քաղաքացի, 531 գործազուրկ։ Սրանք, աշխատակցի հավաստմամբ, իրական թվերը չեն, քանզի «սեփականաշնորհում ունենալու պատճառով չեն կարող գրանցվել»։ 2000թ. մարտից գործազրկության 3500 դրամ նպաստը չի վճարվել՝ բյուջեում գումար չունենալու պատճառով։ Իսկ սեփականաշնորհում ունեցողների մի մասն էլ հողը չկարողանալով մշակել՝ վաճառել է, մնալով թոշակների հույսին։ Շատերը 150-200 հազար դրամ «գազի ու լույսի պարտքերը շալակած՝ անլույս ու անգազ նստած են»։ Ու «մենք էլ չգիտենք, թե հետո ի՞նչ է լինելու, ի՞նչ ենք անելու»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930