Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European Progressive Studies/FEPS) գլխավոր ասամբլեան նոյեմբերի 13-ին վավերացրել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի անդամակցության դիմումը։
FEPS-ը եվրոպական խոշորագույն քաղաքական հիմնադրամներից մեկն է, իսկ սոցիալ-դեմոկրատական ուղղվածության՝ խոշորագույնը։ Այն ունի 41 լիիրավ անդամ ԵՄ անդամ երկրներից և 31 դիտորդ անդամ՝ ԵՄ և այլ երկրներից։
Այս հաջողությունն իր աշխատանքները վերաաշխուժացնող «Հրայր Մարուխյան» հիմնադրամին հնարավորություն կտա շեշտակիորեն ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակը, ներգրավվել ոլորտային կրթական, հետազոտական և գիտական ծրագրերում։ FEPS-ի անդամակցությունն էապես կընդլայնի նաև «Հրայր Մարուխյան» հիմնադրամի վերլուծական ներուժը՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով օգտվել FEPS-ի վերլուծական կարողություններից։
Կարդացեք նաև
FEPS-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Գևորգ Ղուկասյանը հանդիպել է FEPS-ի նախագահ Նիկոլաս Շմիդթի և FEPS-ի գլխավոր քարտուղար Լասլո Անդորի հետ և մտքեր փոխանակել առաջիկա համագործակցության շուրջ։ Նախքան այդ՝ գլխավոր ասամբլեայի ընթացքում տեղի ունեցած իր ելույթում, նա ընդգծել է Հայաստանում սոցիալ-դեմոկրատական գաղափարների շուրջ մտավոր, ակադեմիական և քաղաքական միջավայրի զարգացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ սոցիալ-դեմոկրատիան Հայաստանի համար պարզապես քաղաքական ավանդույթ չէ, այլ երկրի ապագայի հրամայական, ինչպես նաև ժողովրդավարական համախմբման, սոցիալական արդարության, տնտեսական զարգացման ու ազգային անվտանգության մարտահրավերներին արձագանքելու համապարփակ արժեհամակարգ։ Գևորգ Ղուկասյանն առանձնացրել է Հայաստանում սոցիալ-դեմոկրատական գաղափարների քաղաքացիական և մտավոր միջավայրի ձևավորումը՝ որպես հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություն։
Անդրադառնալով հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններին՝ Գևորգ Ղուկասյանը նշել է, որ այն նպատակ ունի կամուրջ դառնալու հայաստանյան հասարակության և եվրոպական սոցիալ-դեմոկրատական ընտանիքի, ակադեմիական հետազոտությունների և քաղաքական որոշումների կայացման, ինչպես նաև պատմական սոցիալիստական ժառանգության և արդի մարտահրավերների միջև։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ




















































