Մանկավարժությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու կրթության, դաստիարակության, զարգացման օրինաչափությունները, ինչպես նաև մշակում է կրթական համակարգերի կատարելագործման ուղիները։ Ժամանակի ընթացքում /սկսած 17-րդ դարից/, այն վերածվել է մարդու զարգացման համապարփակ գիտության։
Մանկավարժությունը բազմաճյուղ գիտական համակարգ է, որը ներառում է ընդհանուր մանկավարժություն, մանկավարժության պատմություն, տարիքային մանկավարժություն, մասնագիտական կրթության մանկավարժություն, հատուկ մանկավարժություն, առարկայական դիդակտիկաներ, համեմատական մանկավարժություն, սոցիալական մանկավարժություն և այլն։
Քաղաքակրթական զարգացման ողջ ընթացքում մանկավարժությունն ունեցել է էական դեր և միշտ հասարակությունից հստակ պատվերներ է ստացել հետագա զարգացումների հիմքերը նախանշելու համար։
21-րդ դարում ևս մանկավարժական գիտությունն ունի իր հրատապ խնդիրները, որոնք կապված են թվային տեխնոլոգիաների արագ զարգացման, արհեստական բանականության առկայության, հասարակության գլոբալացման և կրթական կարիքների նկատելի փոփոխության հետ։
Կարդացեք նաև
Փորձենք տարբերակված ներկայացնել ժամանակակից մանկավարժության առանցքային ու հրատապ լուծման սպասող խնդիրներից։
-Թվային դարաշրջանի և ԱԲ /արհեստական բանականության/ մանկավարժություն, որը ենթադրում է տեխնոլոգիաների ինտեգրում ու թվային գործիքների արդյունավետ ներդրում ուսուցման գործընթացում։
ԱԲ-ի կիրառում, ուսուցման մեջ նրա դերի սահմանում և էթիկական բնույթի խնդիրների կարգավորում։
Մեդիագրագիտություն՝ սովորողների մոտ տեղեկատվական հոսքերը ֆիլտրելու, կեղծ տեղեկույթը տարբերակելու հմտությունների ձևավորում։
-Անհատականացված և ճկուն ուսուցում, որը ենթադրում է յուրաքանչյուր սովորողի հնարավորություններին, ընդունակություններին և հետաքրքրություններին հարմարեցված ուսումնական ծրագրերի ստեղծում։
Ուսուցչի դերի փոփոխություն, անցում տեղեկատվություն փոխանցողից՝ դեպի ուղղորդող, մենթոր։
Ինքնակրթության խթանում, սովորողների մոտ ինքնուրույն գիտելիք ձեռք բերելու պահանջի, մոտիվացիայի զարգացում։
-21-րդ դարի կարողությունների զարգացում։ Քննադատական մտածողության, ստեղծագործման, հաղորդակցման և թիմային աշխատանքի ինտեգրում դպրոցական ծրագրերում։ Սովորողների սթրեսակայունության, էմպաթիայի և առողջության պահպանման մեթոդաբանության զարգացում։
-Ներառական և համընդհանուր կրթության հիմնախնդիրներ։ Կրթության հասանելիության ապահովում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով խմբերի երեխաների համար։
-Բազմամշակութային կրթական միջավայրի խնդիրը, որը ենթադրում է տարբեր մշակույթների և արժեքների նկատմամբ հարգանքի ու հանդուրժողականության սերմանում։
-Շարունակական կրթության խնդիր, մշտապես վերապատրաստվելու և փոփոխվող աշխարհում աշխատաշուկային հարմարվելու հայեցակարգի զարգացում և արմատավորում։
Ուսուցիչների վերապատրաստում, նրանց մասնագիտական որակավորման շարունակական բարձրացում ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցում։
-Գնահատման համակարգի արդիականացում, թեստերից դեպի կարողություններ անցման ապահովում, ձևավորող գնահատման արմատավորում։
Ասվածից հետևում է, որ մանկավարժական գիտությունը 21-րդ դարում բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք պահանջում են կրթության հարացույցի՝ պարադիգմայի ու փիլիսոփայության արմատական վերանայում։
Եթե ավելի պարզ, ապա մանկավարժական գիտությունը պետք է պատասխանի առկախ հարցին՝ ինչպես սովորեցնել երեխաներին, երբ ԱԲ գործիքները կարող են վայրկյանների ընթացքում լուծել խնդիրներ, գրել էսսեներ, կատարել բարդ հաշվարկներ և այլն։
Ըստ էության պետք է տրվի գրագիտության նոր սահմանում և սովորողներին ոչ թե պետք է արգելել ԱԲ-ից օգտվել, այլ նրանց մոտ ,,հուշումների,, և ԱԲ -ի արդյունքների քննադատաբար վերլուծելու հմտություններ է անհրաժեշտ ձևավորել։
Միաժամանակ խնդիր է սովորողների ,,կլիպային մտածողության,, հաղթահարումը, այսինքն մշակել այնպիսի գիտական մեթոդներ, երբ կարճ տեսանյութերով թվային դարաշրջանի սերնդի մոտ հնարավոր լինի երկարաժամկետ ուշադրության կենտրոնացումը և ընթերցանության ունակությունը վերականգնելը։
Մեծ խնդիր է «Կրթություն հանուն կայուն զարգացման» ապահովումը։ Այն մասնավորապես ենթադրում է կլիմայական փոփոխությունների և գլոբալ ճգնաժամերի ներկա դարաշրջանում կրթական ծրագրերում էկոլոգիական, բնապանության տարրերի ներդրումը և համապատասխան մտածելակերպի, գիտակցության ու մշակույթի ձևավորումը։
-Հրատապ լուծում են ակնկալում սովորողների հոգեկան բարեկեցության և սոցիալ-էմոցիոնալ ուսուցման խնդիրները, որը ենթադրում է մասնավորապես թվային մեկուսացման հաղթահարում։
-Էմպաթիայի, հոգեկան առողջության աջակցման համակարգերի և էմոցիոնալ իրավիճակների մոտեցումների գիտական հիմնավորում։
Երբ լսում ենք ,,Մանկավարժություն,, բառը, առաջին հերթին պատկերացնում ենք դպրոց, դասարան, աշակերտներ, ուսուցիչներ…
Ընդունված է կարծել, որ սա նեղ մասնագիտական ոլորտ է, որը հետաքրքրում է միայն կրթության համակարգի աշխատողներին։ Բայց իրականում մանկավարժությունը շատ ավելի լայն է, այն մարդկային հարաբերությունների, փորձի փոխանցման և փոխըմբռնման նուրբ արվեստ է, որին առնչվում է մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ մասնագիտությունից, տարիքից և սեռից…
Կամո Աթայան
«Առավոտ» օրաթերթ
13.11.2026



















































