Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Հունիս 13,2002 00:00

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Ուզում եմ մի քանի նկատառումներ նշել ավարտական եւ փոխադրական քննությունների, քննական առաջադրանքների եւ հարցաշարերի մասին։ Ավարտական եւ փոխադրական քննությունների աշխատակարգի համաձայն, քննություններից երկուսը նշանակված էին հունիսի 2-ին եւ 9-ին, կիրակի օրը։ Ինչո՞ւ կիրակի, ի՞նչ իրավունքով։ Հունիսի 2-ին (կիրակի) 8-րդ դասարաններում նշանակված էր քննություն մաթեմատիկա առարկայից, հունիսի 3-ին 10-րդ դասարանում՝ դարձյալ մաթեմատիկայից։ Մեր դպրոցի 8-րդ եւ 10-րդ դասարաններում համապատասխանաբար կան 67 եւ 71 աշակերտ։ Մաթեմատիկայի նույն ուսուցիչներն են ընդգրկված հանձնաժողովների կազմի մեջ։ Կանոնակարգը պահանջում է նույն օրը ստուգել, վերանայել եւ հայտարարել գնահատականները։ Մեր փորձը ցույց է տալիս, որ կանոնակարգին հետեւելու դեպքում ժամանակի սղության եւ ուսուցիչների գերհոգնածության պատճառով չեն վերանայվում աշխատանքները, իսկ դրա անհրաժեշտությունը շատ մեծ է։ 3-րդ դասարանի հայոց լեզվի առաջադրանքների բովանդակության հետ համամիտ ենք, բայց առաջադրանքները կատարելու ձեւի պահանջը, մեր կարծիքով, մեխանիկական է եւ ամբողջությամբ չի բացահայտում աշակերտների գիտելիքների պաշարը։ Մեր դպրոցում այս քննության ժամանակ վերջին աշակերտը դուրս եկավ 45 րոպե հետո։ Այսինքն՝ օգտագործվեց տրված ժամանակի ուղիղ կեսը։ Ստացվեց, որ այս հարցարանների վրա ավելի շատ աշխատել էր ուսմասվարը, կոմպյուտերը եւ պատճենահանող մեքենան, քան՝ աշակերտը։ Ինչ վերաբերում է 3-րդ դասարանի մաթեմատիկային, ապա պետք է նշել, որ առաջադրանքները ճիշտ են ընտրված, բովանդակալից են եւ ներառում են տարրական դպրոցի մաթեմատիկայի դասընթացը։ 8-րդ դասարանի մաթեմատիկայի քննությանն առաջարկված խնդիրներից մեկը ուներ սխալ տվյալ, որն ավելորդ խուճապ ստեղծեց քննության ընթացքում։ Զավեշտականն այն էր, որ քննության ավարտին մնացել էր 10 րոպե, երբ զանգահարեցին եւ ճշտեցին սխալ տվյալը։ 10-րդ դասարանների հայոց լեզվի գրավոր քննության ծրարը բացեցինք 8.45, բաժանեցինք, հայտարարեցինք քննության սկիզբը ուղիղ ժամը 9-ին։ Աշակերտները սկսեցին աշխատել։ Որոշ ժամանակ անց սկսվեց մի խլրտոց, որը պայմանավորված էր հարցաթերթերի մեջ եղած բազմաթիվ թերություններով. կամ տառերը չէին երեւում, կամ կետադրական նշանները եւ նույնիսկ պահանջի մեջ սխալներ կային։ Սա նպաստեց ավելորդ աղմուկի առաջացմանը, որը խանգարում էր աշակերտներին կենտրոնանալ իրենց աշխատանքների վրա։ Իսկ 10-րդ դասարանի մաթեմատիկայի գրավորը սկսեցինք 9.40, որովհետեւ ռադիոյով առաջադրանքները հայտարարելուց հետո ստիպված ենք եղել 4 տարբերակները ձեռագրով գրել, տանել պատճենահանել եւ բաժանել յուրաքանչյուրին։ Անհնար է տարբերակները գրել սրահում դրված գրատախտակին այնպես, որ 71 աշակերտի համար այն հավասարապես տեսանելի լինի եւ աղմուկ չլինի սրահում։ Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ստանանք նաեւ մաթեմատիկայի առաջադրանքները բոլորի համար եւ քննություններն արդեն կընթանան լուռ, հանգիստ, խաղաղ, տրամադրող եւ կենտրոնացող մթնոլորտում։ 10-րդ դասարանի մաթեմատիկայի առաջադրանքները տպագրված նմուշին չեն համապատասխանում եւ ավելի բարդ էին։ Կարծես կազմողների նպատակը ոչ թե աշակերտի գիտելիքները բացահայտելն էր, այլ՝ չիմացությունը։ Կրկին բարձրանում է հետեւյալ հարցը. ինչպե՞ս կարելի է գիտելիքների նույն ծավալը, խորությունը պահանջել հանրակրթական դպրոցի, թեքումով դասարանների եւ ֆիզմաթ դպրոցների 10-րդ դասարանների աշակերտներից եւ ո՞րն է սրա նպատակը։ Ինչո՞ւ կեղծիքների, դժգոհությունների առիթ տալ, երբ կարելի է տարբերակված պետական քննության առաջադրանքներ առաջարկել։ Այս ձեւով հնարավորություն կտրվի յուրաքանչյուր աշակերտի վաստակել իր գնահատականը եւ ոչ թե տարբեր կեղծիքներով առնեն իրենց պետք եղածը։ Պարզ է, որ այստեղ գնահատականը պետք է տարբերակված լինի եւ ֆիզմաթի 20 միավորը ու հանրակրթական դպրոցի 20 միավորը նույնը չպետք է լինեն։ Այս մասին արդեն թող մտածի բարեփոխումների կենտրոնը, թե ինչպե՞ս։ Ընդհանրապես, կարծում եմ, այսօրվա հանրակրթական դպրոցը դեռեւս պատրաստ չէ բուհի համար քննությունների կազմակերպման մեխանիզմով օբյեկտիվ, արդարացի գնահատել աշակերտին. այս ուղղությամբ կատարած իմ յուրաքանչյուր սկզբունքային քայլ, որոշ աշակերտների, ծնողների եւ նույնիսկ ուսուցիչների կողմից որակվում է որպես աշակերտի ապագայի վրա քար գցելու քայլ։ Չեմ հասկանում նաեւ բուհերի 2002թ. առկա ուսուցման ընդունելության կանոնների 26 (դ) կետը, ըստ որի, մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դպրոցի ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին։ Ինչպե՞ս պիտի հաշվեն, ենթադրենք, հայոց լեզվից 20, մաթեմատիկայից 18, օտար լեզվից 5, պատմությունից 4, հայ գրականությունից 5, բնագիտությունից 16 գնահատականների առավելագույն միջինը, ինչո՞ւ հրահանգում չի մանրամասնված։ Չէ՞ որ դպրոցից տարվող գնահատականի յուրաքանչյուր փոփոխություն, քննությունների ժամանակ եթե ի վնաս աշակերտի է լինում, ծնողների մեջ պարզապես խուճապ է առաջացնում եւ ամեն մարդ թույլատրելի, թե անթույլատրելի միջոցներով փորձում է իր զավակի ատեստատում առավել նպաստավոր միավորներ ձեռք բերել։ Անշուշտ, սա բոլորին չի վերաբերում։ Այս ամենը ոչ թե բարձրացնում, այլ հեղինակազրկում է դպրոցի ավարտական քննությունները, որովհետեւ անլուրջ, անհետեւողական, անտարբեր վերաբերմունք ենք զգում քննությունների ձեւը եւ բովանդակությունը որոշող պատասխանատուների կողմից։ Ահավոր մեծ է իներցիան։ Այս գործընթացը կազմակերպելիս անհրաժեշտ նորություն, թարմություն, օրինավորության ավելի բարձր աստիճան ապահովելու ցանկություն չի նկատվում։ Շահագրգիռ մարդկանց հրավիրում ենք բանավեճի։ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ Թիվ 27 դպրոցի տնօրեն Հ. Գ. Կներեն կրթության պատասխանատու իմ գործընկերները, որ իրենց կաբինետներում չեն քննարկվում այս հարցերը, որովհետեւ, մեր կարծիքով, այս հարցերի քննարկումը միայն կաբինետներում վարելը օգտակար չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930