Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում

Հոկտեմբեր 26,2002 00:00

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում Ստեփան Գրիգորյան- «Արմատ»՝ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն անցնում է աշխարհում իր տեղը գտնելու ծանր ճանապարհ: Մի կողմից, Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը եւ քաղաքական վերնախավը հայտարարում են ժողովրդավարական սկզբունքներին, տնտեսական ազատ շուկայական հարաբերություններին իրենց հավատարմության մասին (ընդունվել է «Հողային կոդեքսը», որը գործնականում օրինականացրել է Ռուսաստանում հողի մասնավոր սեփականությունը, միասնական հարկեր են կիրառվում տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ, հայտարարված է ռուսաստանյան բանակում բարեփոխում անցկացնելու մասին եւ այլն), հանդես են գալիս Արեւմուտքի հետ մերձենալու, Համաշխարհային առեւտրային կազմակերպությանը անդամագրվելու օգտին: Մյուս կողմից՝ Ռուսաստանում տեղի են ունենում շատ բաներ, որոնք ակնհայտորեն չեն տեղավորվում ժողովրդավարական սկզբունքների ու նորմերի շրջանակներում: Զգացվում է քաղաքական ընդդիմության ազատությունների սահմանափակման միտումը: Ներկայումս համադաշնային մակարդակի բոլոր հեռուստակայանները գտնվում են իշխանությունների հսկողության տակ: Բռնություններով ուղեկցվող հզոր կամպանիա է ընթանում Ռուսաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների դեմ: Անորոշ եւ անկայուն ներքաղաքական այսպիսի իրավիճակն անմիջականորեն անդրադառնում է երկրի արտաքին քաղաքականության վրա: Տարածաշրջանում Ռուսաստանի շահերի բաղկացուցիչները ներկայումս հետեւյալն են. – Համարելով տարածաշրջանն իր «կենսական շահերի գոտին»` Ռուսաստանը չի ուզում կորցնել այստեղ իր դիրքերը, պայքարում է Հարավային Կովկասում իր ռազմական ներկայության համար: Ինչպես հայտնի է, ռուսական ռազմակայանները հանգրվանած են Հայաստանում եւ Վրաստանում, իսկ 2002 թվականի սկզբին Ադրբեջանը տվեց Գաբալայի ռադիոալեհավաք կայանը Ռուսաստանի կողմից 10 տարով վարձակալելու իր համաձայնությունը: – Ռուսաստանը փորձում է իր համար նվազագույն կորուստներով որոշել եւ ամրագրել Կասպից ծովի կարգավիճակը: Նշենք, որ Կասպիցի բաժանման հարցում բավական մոտ են Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի դիրքերը, ծովին վերաբերող նրանց միջեւ երկկողմանի պայմանագրերն այս պահի դրությամբ արդեն կնքված են: Թուրքմենիայի եւ Իրանի դիրքերը էականորեն տարբեր են առաջին երեք երկրների դիրքերից, ինչն էլ հանգեցրեց իրանա-ադրբեջանական եւ թուրքմենա-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը: 2001 թվականի ամռանը այս հարցում Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հակասությունների պատճառով հասունացել էր նրանց ռազմական բախման ռեալ վտանգը: – Ռուսաստանն ակնհայտ բացասական վերաբերմունք ունի Բաքու-Ջեյհան ծրագրի նկատմամբ, համարում է, որ նավթատարը կթուլացնի իր ազդեցությունը տարածաշրջանում: ՌԴ կառավարությունը ռուսաստանյան նավթային ընկերություններին արգելել է մասնակցել այդ ծրագրի ֆինանսավորմանն ու նավթատարի կառուցմանը: – Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է տարածաշրջանային (ղարաբաղյան, աբխազական եւ հարավ-օսական) հակամարտությունների լուծման գործընթացներին ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ միջազգային այլ ֆորմատների շրջանակներում, եւ այդպես պահպանում է իր ազդեցությունը տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա: Մինսկի խմբում Ռուսաստանը համանախագահ է, հանդես է գալիս ղարաբաղյան կարգավորման տարբեր նախաձեռնություններով: Միաժամանակ Ռուսաստանը փորձում է լուծել Հարավային Կովկասի հակամարտությունները «տարածաշրջանային» այլ ֆորմատներով, օրինակ, «Կովկասյան քառյակով» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան): Վերջին ամիսների ընթացքում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մի քանի տասնյակ հազար բնակիչներ ստացան ՌԴ քաղաքացիություն, ակտիվացան այս ինքնավարությունների ղեկավարների շփումները ռուսաստանյան պաշտոնյաների հետ, հաճախացան նրանց ելույթները ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքներով: Սրանք քայլեր են, որոնք լուրջ ու գործուն ազդեցություն են ունենում տարածաշրջանում զարգացող իրադարձությունների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել