Լրահոս
Օրվա լրահոսը

Տվեք մեզ գրականություն, եւ մենք շուռ կտանք աշխարհը

Նոյեմբեր 05,2002 00:00

Տվեք մեզ գրականություն, եւ մենք շուռ կտանք աշխարհը Մասնագիտական երաժշտական գրականության կարիք միշտ ունեցել ենք, մասնագետ երաժիշտների կարիք՝ ոչ։ Որքան էլ պարադոքսալ է երեւույթը, բայց իրողություն է դասական երաժշտության բոլոր ճյուղերի համար։ Գերատեսչություններին դա չի հուզում, ինչպես միշտ՝ նրանք հեռու են ստեղծագործող-կատարողների հոգսերից։ «Մենք ստիպված դիմում ենք դեսպանատների օգնությանը, փորձում կապեր հաստատել արտերկրի երաժշտական գրադարանների հետ, որ կարողանանք որեւէ դարի որեւէ հեղինակի որեւէ գործի նոտաներ ունենալ»,- դժգոհեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ, թավջութակահար Արամ Թալալյանը։ Մեր հանդիպման առիթը Սայաթ-Նովայի անվան դպրոցում կազմակերպված համերգն էր։ Դահլիճը կիսադատարկ էր, ինչը բացատրություն ուներ. «համերգը մեր ուժերով ենք կազմակերպել, հայտարարություն տալու գումար չենք ունեցել»։ Տեղյակ հանդիսատեսն էլ, բնականաբար, դոցենտի ուսանողներն էին, ինչպես նաեւ՝ ներկայացուցիչներ Գերմանիայի դեսպանատնից։ Բացատրենք վերջիններիս «տեղեկացվածության» դրդապատճառը։ Շուրջ 9 տարի է՝ գերմանական Հեսեն նահանգի Արեւելյան երկրների հետ կապերի ընկերությունն անցկացնում է կամերային երաժշտության բաց դասեր Երեւանում, որին մասնակցել է նաեւ Արամ Թալալյանը։ Ծրագրի ավարտից հետո նախաձեռնվել է գերմանացի կոմպոզիտորների գործերից կազմված համերգաշար՝ Հայաստանում կամերային երաժշտության զարգացման նպատակով։ Համերգաշարին աջակցում է Գերմանիայի դեսպանատունը։ «Մենք առաջին հերթին ուզում ենք ցույց տալ, որ մեզ դրամ պետք չէ կամերային երաժշտությունը զարգացնելու համար, որ մեր երիտասարդ երաժիշտները պատրաստ են իրենց տաղանդը նվիրաբերելու այդ գործին,- ասաց Ա. Թալալյանը,- սա շատ բարձր ու բարդ արվեստ է, շատերը խուսափում են մտնել այս աշխարհը, բայց սիրողներն էլ շատ են, պարզապես պետք է մշակել կամերային արվեստի տրադիցիա»։ Դրա համար, պարզվում է, մենք ունենք շնորհալի (նույնիսկ՝ տաղանդավոր) երաժիշտներ, պակասում է նրանց փորձը, կամերային աշխարհից անտեղյակությունը՝ նոր գործեր, նոր կատարողներ ու համերգներ, եւ կրկին՝ երաժշտական ձեռնարկները։ «Մենք հիմա անհրաժեշտություն ունենք Բեթհովենի կվարտետների որեւէ մի հատորի, առայժմ մեզ աջակցում է Գերմանիայի դեսպանատունը եւ հաջորդ շաբաթ համերգաշարը կշարունակվի Ֆ. Մենդելսոնի կվարտետներով եւ Ռ. Շումանի կվինտետով»։ Նույն Հեսենյան ընկերության ղեկավար ֆրաու Ուրսուլա Լինդեն կազմակերպել է փոքրիկ երաժշտական գրադարան, որտեղից էլ մատակարարվում են գերմանացի կոմպոզիտորների գործերը։ Բայց դոցենտ Թալալյանը հույս ունի, թե ժամանակի ընթացքում կծնվի մի ընկերություն, որը կզբաղվի կամերային համերգների կազմակերպմամբ, կստեղծի ակտիվ կապեր արտերկրի «կամերայինների» հետ, կհիմնի սեփական գրադարան, ուր կարելի է գտնել ցանկացած դարի հեղինակների գործեր։ «Բոլոր նախադրյալները կան այդ կենտրոնի հիմնադրման համար»,- վստահեցրեց Արամ Թալալյանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել