Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՉԱՓԱԶԱՆՑՆԵԼ

Նոյեմբեր 29,2002 00:00

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՉԱՓԱԶԱՆՑՆԵԼ Պետական գույքի կառավարման նախարարությունն ուսումնասիրել է վերջին 3 տարիների ընթացքում մասնավորեցված ընկերություններում ներդրումային պարտավորությունների կատարման վիճակը։ Ըստ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի, այս նախաձեռնությամբ կառավարությունը հանդես է եկել, որովհետեւ «նույնիսկ նախարարների մոտ հարց է ծագել, թե մասնավորեցումների ժամանակ սահմանվող պարտավորությունները ձեւակա՞ն են, թե՞ իրականացվում են»։ Ինչո՞ւ միայն վերջին տարիներինը՝ «միգուցե որովհետեւ վերջին տարիներին ես եմ նախարարը եղել, միգուցե այն պատճառով, որ միայն վերջին երեք տարիներին է, որ ներդրումային պարտավորությունների վերաբերյալ մասսայաբար պայմանագրեր են կնքվում։ Իսկ մինչ այդ, նման դեպքերը հատուկենտ էին»։ Երեկ պարոն Վարդանյանը «նախնական եւ առայժմ մակերեսային» ուսումնասիրությունների հիման վրա հաշվետվություն է ներկայացրել, որը կառավարությունն ընդունել է ի գիտություն։ Ըստ այդմ, պետք է կատարվեր 7,2 մլրդ դրամի, եւ «ԱրմենՏելն» ու մյուս մեծ ընկերությունները չհաշված, 18 մլն դոլարի ներդրում, «այսինքն, մոտ երեսունքանի մլն՝ այս 3 տարվա համար, որից կատարվել է մոտ քսանքանիսը՝ 22 մլն-ը»։ Մնացածն, ըստ նախարարի, «մի մասը չի կատարվել, որը՝ ժամանակը չի լրացել, որը՝ միանգամից չենք դիմում դատարան»։ Նախարարի խոսքերով, գործում է մեխանիզմ, ըստ որի, պարտավորությունների չկատարման դեպքում նախ հաշվետվություններ են պահանջում, եւ «եթե կատարված է ներդրումների 70%-ը, ապա 3 ամիս ժամանակ ենք տալիս լրացնելու համար։ Եթե էապես քիչ է կատարել, ամբողջ ներդրումային հայցով ենք մտնում դատարան»։ 16 գնորդների նկատմամբ հայցադիմումներից էլ ոչ բոլորն են բավարարվել, որովհետեւ դեպքեր կան, որ խոստացված ներդրումները պետության մեղքով չեն կատարվել, «այսինքն, որ նրանց սեփականության իրավունքը շատ ուշ է ձեւակերպվել»։ Օրինակ, ինչպես «Սեւան» հյուրանոցի դեպքում։ Դեպքեր էլ եղել են, երբ դատարանի վճիռներով մի շարք ընկերությունների բաժնետոմսեր բռնագանձվել են հօգուտ պետական գույքի կառավարման նախարարության։ Ընկերություն էլ կա, որ «ոչ գույքը կա, ոչ ինքը։ Հետախուզում է հայտարարված»։ Որոշ ընկերություններ էլ հաջողացրել են խոստացված արտադրական հզորություններն ստեղծել խոստացվածից ավելի քիչ գումարով։ Նման դեպքերում «ուսումնասիրել ենք, հայցը հետ ենք վերցրել։ Մեր նպատակը չի, որ դժվարություն ստեղծենք, այլ որ ձեռնարկությունն աշխատի»։ Մի շարք գործեր էլ դեռ դատական գործընթացներում են։ Նկատենք, որ այս բոլորը մտնում են չկատարված ներդրումների ծավալի մեջ եւ շուրջ 8-10 մլն դոլար են կազմում։ Սակայն նախարարն էլ խոստովանեց, որ «նախարարությունը բավականին լավ իրավաբանական կազմ ունի, բայց չհատկացվող միջոցների պատճառով ներդրումների իրական ծավալը չենք կարող հսկել, անկախ աուդիտ չենք կարող անել, դրա համար էլ իրենց ներկայացրած փաստաթղթերի հիման վրա ենք գնահատում»։ Այս ամենով հանդերձ, ըստ Դ. Վարդանյանի, «իրականում շատ վատ չեն կատարվել ներդրումները»։ Սակայն քանի դեռ չկա անկախ աուդիտի եզրակացությունը, անիմաստ է որեւէ գնահատական տալ, որովհետեւ սեփականատերերը շահագրգռված են, ուստի, կարող է եւ չափազանցնում են կատարված ներդրումների ծավալը։ Նախարարը համաձայնեց «Առավոտի» այս դիտարկմանը, նշելով. «Եթե այդպիսի կարիք առաջանում է, ապա մոտ 20%-ով։ Այսքանով են բարձրացնում թղթերը (նկատի ունի փաստաթղթերում արտացոլված ցուցանիշները- Ա. Ու.)»։ «Թղթերն իրենք հո կամայական չե՞ն նստում-գրում։ Դա համապատասխան պետական մարմինների կամ Մաքսային վարչության եւ այլնի ինվոյսներով (հաշիվ-ֆակտուրա) է կամ, ասենք թե, իրենց նախագծային հաշվարկներով է»,- անկեղծացավ նախարարը, որից ամենեւին էլ տպավորություն չստեղծվեց, թե տնտեսության աճի ցուցանիշներն էլ են «նկարվում»-ճոխացվում նույն պետական մարմինների աջակցությամբ, միայն թե ավելի ջանասիրաբար եւ հայրենանվեր գործ անելու գիտակցմամբ։ Կառավարությունն ընդունել է, որ այս ուսումնասիրությունը լիարժեք պատկերը չի արտացոլում, որովհետեւ դրանում ընդգրկված չեն նաեւ մեծ ընկերությունները։ Սա կլրացվի ապագայում եւ համապատասխան հետեւություններ կարվեն։ Ընդամենն արձանագրենք, որ եթե նախարարների մոտ հաճախակի նման հարցեր ծագեն եւ եթե դրանք նաեւ մյուս կարեւոր բնագավառներին վերաբերեն, ինչպես նաեւ, եթե խոստացված հետեւություններն ու քայլերն արվեն, ապա ավելի քիչ առիթ կունենանք քննադատելու կառավարությանը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել