Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ

Հունվար 21,2003 00:00

ԸՆԴԴԵՄ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀՀ ԿԸՀ նախագահ պրն Ա. Սահրադյանին Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետեւյալ հանգամանքների վրա. – մինչեւ 1997 թիվը Ռ.Քոչարյանը հանդիսացել է ԼՂՀ նախագահ, իսկ համաձայն այդ երկրի օրենսդրության՝ այդ բարձրագույն պաշտոնը կարող է զբաղեցնել միայն ԼՂՀ քաղաքացին, – ԼՂՀ-ն 1991 թ. հանրաքվեով հռչակել է իր անկախությունը, Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցել 1995 եւ 1999 թթ. ՀՀ խորհրդարանական, 1991, 1996 եւ 1998 թթ. ՀՀ նախագահական ընտրություններին, – ԼՂՀ-ն՝ համաձայն «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի, չի համարվում ՀՀ տարածք, – ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը պահանջում է, որ նախագահի թեկնածուն առնվազն վերջին 10 տարում հանդիսանա ՀՀ քաղաքացի եւ վերջին 10 տարում անընդմեջ բնակված լինի ՀՀ-ում։ – Ռ. Քոչարյանը ՀՀ անձնագիր ստացել է միայն 1998 թվի փետրվարին։ Անհայտ է, թե ե՞րբ եւ ի՞նչ հիմքերով է Ռ.Քոչարյանը ստացել ՀՀ քաղաքացիություն։ Ավելորդ չենք համարում նշել, որ մեկ այլ առաջադրված թեկնածուի՝ Ր. Հովհաննիսյանի, գրանցումը մերժվեց հենց այն պատճառով, որ նրա ներկայացրած փաստաթղթերը չէին համապատասխանում Սահմանադրության 50֊րդ հոդվածի պահանջներին։ Անթույլատրելի ենք համարում, որ ԿԸՀ-ն առաջնորդվում է երկակի ստանդարտներով՝ վերածվելով գործադիր իշխանության կամակատարի եւ կասկածի տակ դնելով առաջիկա նախագահական ընտրությունների օրինականությունը։ Մենք համոզված ենք, որ վերը բերված հանգամանքների համատեքստում ԿԸՀ-ն պետք է վերստին անդրադառնա Ռ. Քոչարյանի գրանցման խնդրին՝ կայացնելով ՀՀ օրենսդրությունից բխող նոր որոշում։ Մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը՝ ակնկալում ենք ստանալ Ձեր պատասխանը։ ՀՀ նախագահի թեկնածուներ Գեղամյան Արտաշես (ԱՄԿ) Դարբինյան Վլադիմիր (ՀԿԿ) Դեմիրճյան Ստեփան (ՀԺԿ) Մանուկյան Վազգեն (ԱԺՄ) Մարգարյան Գառնիկ («Հայրենիք եւ պատիվ» Սարգսյան Արամ («Հանրապետություն»)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել