Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐԸ

Մարտ 26,2003 00:00

ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐԸ Երեկ «Արարատ» ֆուտբոլային ակումբը ԺՄ-ում մամուլի ասուլիս էր հրավիրել։ Առիթը՝ ՀՖՖ-ի կողմից իրենց մեկ մրցաշրջանով որակազրկելը եւ դրան սեփական մեկնաբանություն ու գնահատական տալն էր։ Հասկանալի է, դա արժանացել էր լրատվամիջոցների առանձնահատուկ հետաքրքրությանը, նախ՝ որ ամբողջ թիմի որակազրկումը մեզանում աննախադեպ իրողություն է, ապա՝ խոսքը վերաբերում է այնպիսի անուն կրող թիմի, ինչպիսին «Արարատն» է։ Շնորհակալություն հայտնելով լրագրողներին՝ իրենց հրավերքին արձագանքելու համար, ակումբի փոխնախագահ Գագիկ Գրիգորյանը խոսքը փոխանցեց «Արարատի» բաժնետեր եւ գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին։ Սակայն մինչ նրա ելույթին անդրադառնալը, ներկայացնենք ակումբի փաստաբան Արթուր Գրիգորյանի մեկնաբանությունը։ ՀՖՖ-«Արարատ» կոնֆլիկտը հասկանալու համար նա առաջարկեց ետ գնալ անցած տարվա դեկտեմբերի 24-ին, երբ ՀՖՖ-ն ձեւափոխվեց՝ դառնալով իրավաբանական անձանց միություն՝ հասարակական կազմակերպության կարգավիճակով։ Արդյունքում հիմնադիր անդամներ դարձան այն ակումբները կամ մարզական կազմակերպությունները, որոնք ոչ առեւտրային են։ Հետեւանքն այն էր, որ «Արարատը», «Բանանցը», Միկան», «Սպարտակը», որոնք արդեն ունեին ՓԲԸ կամ ՍՊԸ կարգավիճակ, մնացին խաղից դուրս։ Ստացվեց, որ անհայտ «Գանձասար» կամ Ֆուձալի ակումբը, «Զվարթնոցը», որն այլեւս գոյություն չունի, «Լոռին» դարձան նոր կազմակերպված ֆեդերացիայի հիմնադիրներ։ Այս ակումբներով հիմնադրված ֆեդերացիան հաստատեց մի կանոնադրություն, որի համաձայն՝ մասնավոր սեփականության ձեւ ունեցող ակումբներ հայտնվեցին խաղից դուրս, եւ ֆեդերացիայում նրանց իրավունքները պաշտպանող այլեւս չմնաց… Ակնհայտ երեւում է, որ այսուհետ ֆուտբոլում ներդրումները կսահմանափակվեն։ Փաստաբանը համեմատություն անցկացրեց ֆեդերացիայի նախորդ, որի դեմ «Արարատը» նույնպես անհաշտ պայքար էր մղում, եւ ներկայիս նախագահների վարած քաղաքականությունների միջեւ եւ, իհարկե, ի վնաս ներկայիս ղեկավարի։ Հիմա անդրադառնանք Ա. Անդրեասյանին։ Նա խոսքն սկսեց հետեւյալ մտքով. «Այսօր բոլորս միասին ինչ անում ենք՝ հայկական ֆուտբոլի համար է։ Տխուր է այն իրողությունը, որ «Արարատին» այսօր այսպիսի վիճակի մեջ են դրել, զրկել են չեմպիոնատում խաղալուց, անտեսել, որ այս տարի լրանում է «Արարատի» հիմնադրման 40 եւ ոսկե հաղթանակի 30-ամյակը… Ֆեդերացիայի նախագահը նույնիսկ չմտածեց, որ… մեր ֆուտբոլի խորհրդանիշը «Արարատն» է»։ Այնուհետեւ խոսեց ակումբի հովանավորների, որոնք բաժնետոմսերի մեծ մասի տերն են, նրանց ներդրումների մասին, թե ոչ ոք չի ցանկանա գումարներ ներդնել մի գործում, որտեղ դրանք հօդս են ցնդում… Թվում է, թե ամեն ինչ ասված է ճիշտ ու տեղին։ Բայց… ամբողջ ասուլիսում նշանակետը զգացմունքների վրա խաղալն էր։ Փաստաբանի փաստարկները չեմ վերլուծում՝ իրավական ոլորտի մասնագետ չեմ, բայց մնացած պարագաներում բերված փաստարկներն այնքան էլ համոզիչ չեն թվում։ Նախ՝ Անդրեասյանը հայտարարեց, թե «Ֆեդերացիան կարող էր այդպես վարվել «Լեռնագործի» հետ, բայց ոչ «Արարատի»։ Այսինքն՝ օրենքն ընտրությա՞մբ պետք է կիրառել։ «Արարատը» հիշողության ուժով օրենքից վե՞ր է։ Հինգ արարատցիներին հավաքական չգործուղելու որոշումը Անդրեասյանը ներկայացրեց երկու ասպեկտով։ Մարզական առումով իր համոզմունքը նա հիմնավորեց, որ իրենք այդ ժամանակ Ծաղկաձորում հավաք էին անցկացնում եւ ֆուտբոլիստները պատրաստ չէին հավաքական ներկայանալու։ Ընդունենք, որ իրոք այդպես էր։ Ուրեմն, այդ դեպքում հավաքականն ընդհանրապես անգործության պե՞տք է մատնվեր։ Մյուս ակումբները, որոնք նույնպես հավաքականի թեկնածուներ են աճեցնում, այդքան խելք չունեի՞ն, որ ֆուտբոլիստներին գործուղում էին հավաքականներ։ Անդրեասյանի պատմածից պարզվեց նաեւ, որ ավելի շատ նշանակություն են ունեցել ակումբի հիմնական տերերի, որոնք բնակվում են Շվեյցարիայում եւ ԱՄՆ-ում, որոշումը՝ Իսրայելում պատերազմ էր։ Էլի նույն հարցը՝ ֆեդերացիայում այդքան բան չգիտեի՞ն։ Մյուս ակումբներին իրենց ֆուտբոլիստների անվտանգությունը չէ՞ր մտահոգում։ Թե՞ միակ խելացին ու մտածողը «Արարատի» ղեկավարությունն էր։ Ամենայն հավանականությամբ, այստեղ գործել են ուրիշ սկզբունք-համոզմունքներ, որոնց մասին «Արարատում» խուսափում են անկեղծ խոսել։ Լրագրողներից մեկը հարցրեց, թե ակումբի արտասահմանցի տերերը տեղեկացվա՞ծ էին նման որոշման հավանական հետեւանքների մասին։ Ո՛չ Անդրեասյանը, ո՛չ էլ մյուսները միանշանակ պատասխան տալ չկարողացան։ Այլ բան է, որ կանոնադրության տվյալ կետը փոփոխման անհրաժեշտություն ունի, բայց դրա համար կա օրինական ճանապարհ, որը շրջանցվում է։ Շոշափվեցին նաեւ այլ հարցեր, որոնք, իմ կարծիքով, ավելի շատ ներկաների հոգեբանական մշակման դեր ու նշանակություն ունեին։ Բանը հասավ այնտեղ, որ ասուլիսի քննարկման թեմա դարձավ նաեւ «Արարատի» ու «Ֆուտբոլ+»-ի դատավարության վերլուծությունը։ Փաստաբանը սկսեց կարդալ առաջին ատյանի դատարանի վճիռը։ Եվ երբ տողերիս հեղինակը փորձեց ներկաներին ետ բերել ասուլիսի բուն թեմային, Անդրեասյանն ընդվզեց. «Կարող ա՞ դատավորի բարեկամն ես»։ «Արարատի» որակազրկումն անկեղծորեն հուզում է բոլորիս։ Հարցի դրական՝ «Արարատին» առաջնություն վերադարձնելու լուծման առնչությամբ եղան բազմաթիվ առաջարկներ, սակայն ակումբը, որքան հասկացա, մտադիր չէ ընդառաջ որեւէ քայլ կատարել։ Դրա փոխարեն սպասում է, որ ֆեդերացիան իր առջեւ մեղանչի։ Հազար ափսոս։ Եվ վերջում. չգիտես ինչու, շատերն «Արարատ» եւ Արկադի Անդրեասյան հասկացությունները նույնացնում են, նրանց միջեւ հավասարության նշան դնում։ Անդրեասյանի անձի դեմ ոչինչ չունեմ, ավելին, իմ հիշողության մեջ նա «Արարատ-73»-ի ամենավառ աստղերից է։ Բայց, գիտեմ շատերին դուր չի գա, այդուհանդերձ պիտի ասեմ. երբ ասուլիսից հետո լրագրողներով արդեն ընկերական զրուցում էինք նրա հետ, ասացի. «Արկադի Գեորգիեւիչ, դուք միշտ խնդիրներ եք ունենում ֆեդերացիայի ու նրա ղեկավարների՝ Արմեն Սարգսյանի, որ ձեր թիմակիցն է եղել, Սուրեն Աբրահամյանի, հիմա էլ՝ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Միակ բացառությունը Նիկոլայ Ղազարյանն էր, բայց այդ ժամանակ դուք աշխատում էիք արտասահմանում։ Ինչո՞ւ հատկապես դուք»։ Հետեւեց պատասխան, որը հրապարակել այս պահին նպատակահարմար չեմ գտնում։ Այսուհանդերձ, բոլորն էլ շատ ցանկանում են, որ կողմերը միմյանց ընդառաջ քայլ անելու բարի կամք դրսեւորեին։ Երեկ նույնիսկ լրագրողները հաշտեցնողի դեր ստանձնելու պատրաստակամություն հայտնեցին, միայն թե դժվարանում եմ ասել, թե առաջին քայլն ով կանի։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել