Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրեցիները հուսով են

Ապրիլ 04,2003 00:00 Share

Մեղրեցիները հուսով են Մեղրիի 131 բնակիչներ են ստորագրել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին հասցեագրված հետեւյալ դիմումի ներքո: Մեծարգո պրն Հարությունյան Ձեզ են դիմում Մեղրիի ողջ հասարակության ներկայացուցիչները։ Հայաստանի նախագահի ընտրությունն անցավ զանգվածային կեղծիքներով ու բռնություններով։ Ժողովուրդն ընտրեց Ստեփան Դեմիրճյանին, սակայն նախագահ հռչակվեց Ռոբերտ Քոչարյանը։ Օրերս մամուլից տեղեկացանք, որ Ստեփան Դեմիրճյանը դիմել է ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով։ Հիմա համայն հայության ուշադրության կենտրոնում Դուք եք եւ դատարանի մյուս ութ անդամները։ Հավատում ենք, որ Դուք Հայաստանի շահն ու արդարությունը վեր կդասեք եւ Ձեր վճռով կօգնեք, որպեսզի մեր երկիրն ու ժողովուրդն ազատվի ազգակործան քաղաքականություն իրականացնող վարչախմբից։ ՍԴ-ի որոշումը հատկապես կենսական նշանակություն ունի մեր՝ մեղրեցիներիս համար։ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում քննարկել է Մեղրին փոխանակելու հարցը՝ ոտնահարելով մեղրեցիներիս իրավունքները, նսեմացնելով մեր արժանապատվությունը։ Այլեւս չենք հավատում Քոչարյանի այն հավաստիացումներին, թե Մեղրիի հարցը չի քննարկվել։ Չենք հավատում, որովհետեւ իշխանությունների քաղաքականությունն ուղղված է Մեղրիի հայաթափմանը։ Ըստ այդ՝ մամուլից տեղեկացել ենք, որ ժամանակին Անվտանգության խորհրդում Հայոց Սպարապետի ներկայությամբ քննարկվել է Մեղրիի փոխանակման տարբերակը, որին Սպարապետը խիստ ընդդիմացել է։ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանը դարձյալ փորձեց «լուծել» այս հարցը, ու թերթերը գրեցին, որ այս անգամ նրան ընդդիմացան Սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Խիստ մտահոգված ենք, որ եթե Քոչարյանը մնա իշխանության, կրկին առեւտրի ու սակարկության առարկա է դարձնելու Մեղրին։ Ժողովուրդն իմաստուն է եւ ճիշտ է ասում, որ չկա ծուխ առանց կրակի։ Սակայն մեղրեցին երբեք չի թողնի իր հողը, իր նահատակ որդիների շիրիմները։ Մենք կռվել ենք օտարի դեմ, կկռվենք նաեւ օտարից էլ վատ, հայրենիքը վաճառքի հանած իշխանության դեմ։ Մեղրեցիների հույսը Ձեր արդարադատությունն է։ Այդ մեծ հույսով ու ակնկալիքներով էլ դիմում ենք Ձեզ։ Այս խայտառակ ընտրությունները չեղյալ հայտարարելով՝ Դուք կփրկեք Հայաստանը, Ձեր անունն իր արժանի տեղը կզբաղեցնի մեր մեծերի կողքին։ Ձեզանից ակնկալում ենք արդարություն եւ օրինականություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել