Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ» ՄԻԱԿ ՄԵՂԱՎՈՐԸ ՉԷ

Ապրիլ 04,2003 00:00

«ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ» ՄԻԱԿ ՄԵՂԱՎՈՐԸ ՉԷ ՀՀ «վերընտրած» նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում ընտրողների հետ շփվում է բացառապես ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածով. շփումներն ավարտվում են ընտրողների վարչական կալանքով ու տուգանքով: Մինչդեռ եթե հիշյալ շփման միջոց հայրենական գրպանային դատախազությունը, ոստիկանությունն ու դատարանները բարի լինեին նայել նույն Օրենսգրքի հաջորդ էջը, մասնավորաբար՝ 189.4 եւ 189.6 հոդվածները, առնվազն «թագավորի տղեն կկծեր իր մատը»: Հոդված 189.4. Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը. «Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսություններում եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանություն չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ տասնհինգապատիկից մինչեւ քսանհինգապատիկի չափով»: Քոչարյանի «կլիզմաները, թամաշաները, շողուլները, ղալմաղալները, կալկուլյատորները» եւ այս կարգի այլ արտահայտությունները, որ ոչ մի կերպ չեն կարող հայերեն համարվել, հնչել են զանգվածային միջոցառումների ժամանակ, առանց հայերեն համաժամանակյա թարգմանության: Եվ քանի որ թարգմանություն ապահովելը կազմակերպիչների գործն է, ուրեմն հենց նրանք էլ թերացել են: Հետեւաբար, 25 հազար դրամի չափով վարչական տույժ է հասնում Քոչարյանի այլեւս նախկին մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը, նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Մկրտչյանը ու շտաբի պետ Սերժ Սարգսյանը: Հոդված 189.6. Պաշտոնատար անձանց եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելը. «Պաշտոնատար անձանց եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանհինգապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով»: Քոչարյանի հիշյալ արտահայտությունները, հնչել են նրա նախագահության՝ պաշտոնատար անձ լինելու օրերին: Հետեւաբար, դարձյալ 25 հազար դրամի չափով վարչական իրավախախտ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը թող չշտապի տեղեկանք ստորագրել, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացի չէ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդված 16-ով ամրագրված է, որ օտարահպատակները վարչական պատասխանատվության են ենթակա ընդհանուր հիմունքներով: Հոդված 6. Վարչական իրավախախտումների կանխումը. «Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները մշակում եւ իրականացնում են այնպիսի միջոցառումներ, որոնց նպատակն է կանխել վարչական իրավախախտումները, բացահայտել ու վերացնել դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, քաղաքացիներին դաստիարակել բարձր գիտակցության ու կարգապահության, խորհրդային օրենքների խստիվ պահպանման ոգով»: Խորհրդային բառը վրիպակ չէ, իսկ նշված հոդվածը պատգամավորների խորհուրդների վրա է դնում այս աշխատանքների համակարգումը: Այդ խորհուրդներից բարձրագույնը ԱԺ-ն է: Վարչական իրավախախտումը չի պատժվում, եթե կատարվել է ծայրահեղ անհրաժեշտության՝ պետական, հասարակական կարգին սպառնացող վտանգը վերացնելու (հոդված 17) կամ էլ անհրաժեշտ պաշտպանության նպատակով (հոդված 18): Մնում է հայրենական գրպանային դատախազությունը, ոստիկանությունն ու դատարանները ապացուցեն, որ Քոչարյանն ու նրա շրջապատը ոչ հայերեն խոսելով նախ անհրաժեշտաբար պաշտպանվում են եւ հետո՝ վերացնում պետական հասարակական կարգին սպառնացող վտանգը: Եթե իհարկե հոդված 6-ում թվարկվածներից որեւէ մեկը դիմի դատարան: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ Հ. Գ. Հրապարակումը պատրաստ էր տպագրության փետրվարի 19-ից հետո, մարտի 5-ից առաջ: Ենթադրում էի, թե եվրոպացի դիտորդների բացասական գնահատակը կդառնա իշխանությունների համար «ճշմարիտ ուղի» վերադարձի հիմք: Թերեւս իզուր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել