Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքը՝ նոր ուսումնասիրությամբ

Ապրիլ 04,2003 00:00

Ջավախքը՝ նոր ուսումնասիրությամբ Մատենագիտական, բանագիտական ու հավաքչական բնույթի վիթխարածավալ գործ է կատարել վաստակաշատ մանկավարժ, լրագրող Սարգիս Զուռնաչյանը, որի «Ախալքալաք (ժամանակագրություն)» ժողովածուն հրատարակվել է «Պարույր Սեւակ» եւ «Հայաստան» հրատարակչությունների (միացյալ) կողմից։ Արխիվային նյութերի, պարբերական մամուլի, գրական եւ պատմական ուսումնասիրությունների հիման վրա ներկայացված է Ջավախքի եւ մասնավորապես Ախալքալաքի շրջանի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչեւ 20-րդ դարի 90-ական թվականները։ Գրքի գլխավոր խմբագիր, անվանի գրող եւ հրապարակախոս Հովհ. Մելքոնյանը ներածականում նշում է, որ հեղինակը ստեղծել է Ախալքալաքի համընդհանուր տոհմածառը։ Աշխատության հեղինակը նշում է, որ «Ջավախք» տերմինի առաջացման վերաբերյալ կան իրարամերժ տեսակետներ։ Ըստ գիտապատմական աղբյուրների, Ջավախքի մասին առաջին գրավոր տեղեկությունը Արարատյան (Վանի) թագավորության մ.թ.ա. 8-րդ դարի Արգիշտի 1-ին արքայի «Խորխոռյան» տարեգրությունն է, որտեղ Արգիշտիի նվաճած տարածքների թվում հիշատակվում է նաեւ Ջավախքը՝ «Ջաբախա» ձեւով։ Աշխատության էջերում Ախալքալաքի պատմության վերաբերյալ ակնարկները հասցվում են մինչեւ մեր ժամանակները։ Մատենագիտական, աղբյուրագիտական բազմառատ տվյալներով Ջավախքի հայապատկան ու հայաբնակ լինելը պատմական վաղ դարաշրջաններից սկսած։ Այս առումով մեջբերվում են բազմապիսի վիճակագրական աղյուսակներ ու տեղեկագրեր գավառի բնակչության էթնիկական կազմի վերաբերյալ։ Գրքում կենսագրական ընդարձակ տեղեկություններով ներկայացված են Ջավախքի ծնունդ մեր ժողովրդի գրական, հոգեւոր-մշակութային մեծերը, նշանավոր անհատականությունները (Ղունկիանոս Կարնեցի, Սիայի, Մաթին, աշուղ Թիֆիլի, Հավասի, Երվանդ Լալայան, Ջիվանի, Գեւորգ Ալթունյան, Ղազարոս Աղաջանյան, Հովհաննես Մալխասյան, Վահան Տերյան, Դերենիկ Դեմիրճյան, Մկրտիչ Սարգսյան եւ այլն)։ Լայնորեն լուսաբանվում է գավառի մշակութային անցուդարձը, կրթական-դպրոցական կյանքը, մանրամասն տրվում է կրթօջախների հիմնադիրների, տնօրենների, աշակերտական եւ ուսուցչական կազմը։ Այս ամենով հանդերձ, պետք է նշել, որ սույն աշխատությունը զերծ չէ որոշակի բացթողումներից, կրկնություններից, մասնագիտական սխալներից եւ վրիպակներից։ Նկատելի են անուշադրության արժանացած կրթական գործի նվիրյալներ, այլ դեմքեր ու դեպքեր։ Հուսանք, որ հեղինակը հաշվի է առնելու ընթերցողների կողմից արվող բոլոր արժեքավոր դիտողությունները գիրքը վերահրատարակության նախապատրաստելու ընթացքում։ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Պատմական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել