Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Մայիս 26,2003 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ Մեզ ու ձեզ մեծ Ավետիս Շուրջ կես տարի տեւող ընտրական մարաթոնը երեկ ավարտվեց։ Ընտրազանգվածը կարող է իրեն այլեւս ժողովուրդ եւ հասարակություն զգալ, վերադառնալով որոշ չափով նորմալ կենսապայմանի։ Երեկ ապացուցվեց, որ նախագահական երկրորդ փուլին արձանագրված մասնակցության թիվը՝ մեկուկես միլիոնից ավելի մասնակից, պարզապես բլեֆ է։ Թեպետ ժամը 19172ի դրությամբ ԿԸՀ-ն փորձում էր հանրությանը համոզել, թե մոտ 1 մլն մարդ է մասնակցել ընտրություններին, ընտրատեղամասերում բոլորովին այլ պատկեր էր։ Ժամը 17-ի դրությամբ բազմաթիվ ընտրատեղամասերում (յուրաքանչյուրում մոտ 2 հազար ընտրող) քվեարկել էր 500-600 մարդ, նույնիսկ երթուղայիններով եւ մասնավոր ավտոմեքենաներով տեղամաս բերվողները դրությունը չէին փրկում։ Փաստորեն, ընտրազանգվածը պասիվ էր եւ երկրորդ՝ նման անհագուրդ ընտրակաշառք երբեւէ չէր բաժանվել։ Քաղաքական ուժերն ու մեծամասնական թեկնածուները «լավ փող թափեցին»։ Մի շարք տեղամասերում իրեր ծեծեցին, կրակեցին։ Հայաստանում հերթական անգամ ընտրությունները հակասեցին ժողովրդավարության ընդունված նորմերին եւ բազմաթիվ տեղամասերում անցան մեր ազգային մենթալիտետին համապատասխան։ «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբում դեռեւս ընտրությունների նախորդ գիշերվանից էին հնչում ահազանգեր ընտրախախտումների մասին։ Երեկվա դրությամբ եւս արձանագրվեց մոտ 100 ընտրախախտում, սակայն լցոնման դեպքերը ժամը 20-ի դրությամբ լուրջ թիվ չէին կազմում։ Մի քանիսն ակնհայտորեն «սարքված» էին՝ մի ճամբարից մյուս ճամբարի վստահված անձից կամ հանձնաժողովի անդամից ազատվելու նպատակով։ Ստորեւ ներկայացնում ենք «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբի կողմից արձանագրված մեծ կամ փոքր ընտրախախտումներից մի քանիսը։ 0367/16 ՏԸՀ (Գրողների միություն). ոստիկանները շրջում են քվեարկության սենյակում, վստահված անձի պահանջով դուրս չեն գալիս։ 0339/15. Հանձնաժողովի անդամի կարծիքով՝ 100-ական քվեաթերթիկ է պակասում բոլոր 3 տիպի քվեաթերթիկների կապոցներից։ Սակայն հանձնաժողովի նախագահը չի համաձայնել հաշվել կապոցները։ 0255 (թիվ 97 դպրոց). ՏԸՀ-ում զինվորականների ցուցակները կնքված չեն։ 0257/12 (թիվ 57 դպրոց). ՏԸՀ նախագահը, տեղակալը եւ քարտուղարը կնիքը տարել են տուն եւ վերադարձել 40 րոպեից։ 0219/10 եւ 0220/10 (թիվ 162 դպրոց). Ընտրատարածքների մոտ հավաքված ոստիկանները հրմշտում են վստահված անձանց։ 0257/12. Ժամը 7։30-ի սահմաններում հանձնաժողովի նախագահը եւ տեղակալը դեռեւս տեղում չէին։ 1440, 1451 (թիվ 17 մանկապարտեզ). ՏԸՀ կողմից նկատվել է ուրիշի անձնագրով քվեարկելու դեպք, կնիքները թաց են եղել։ 1439, 1440, 1442, 1444, 1445, 1446, 1449, 1450, 1451. թաց են եղել կնիքները։ Փոոխել են թանաքները, 1449-ում եւ 1440-ում թույլ չեն տվել փոխել թանաքները։ 1459 ՏԸՀ. Մայիսյան գյուղում վստահված անձանց դուրս են հանել՝ Աշոտ Աղաբաբյանի օգտին բաց քվեարկելու համար։ 1439. հանձնաժողովի անդամին չեն թույլատրել ստուգել ընտրողի անձնագիրը։ 0027/2. Մ. Մինասյանի օգտին կարուսել են բռնել ժամը 10։20-ի սահմաններում։ 0023/2, 0028/2, 0033/2, 0044/2, 0040/2. Կնիքները թաց են եղել։ 1287/43. Հրազդանի Կոճոռ թաղամասում ՀՀԿ անդամները ծեծել են վստահված անձանց։ 17 ընտրատարածք (Նոր Արեշի կինոյի մոտ). Սպիտակ «Նիվա»-ով մարդիկ անձնագրեր էին հավաքում։ 0356/16. Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ընտրողի հետ մտնում է խցիկ, ստուգում, թե ում օգտին է քվեարկել ընտրողը։ Վստահված անձի դիմում-բողոքը նախագահը պատռել է։ 18 ընտրատարածք (Ունիվերսամի դիմաց). Վլադ Հակոբյանի շտաբում փող են բաժանում, մեծ հերթ է գոյացել։ Տեղեկությունը հաղորդել է Սուրեն Աբրահամյանի շտաբի պետը։ 0215/10. Չհրկիզվող պահարան չկա, հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկները տարել է տուն։ 0027 տեղամասում «կարուսել» են բռնել եւ արձանագրել։ 0225 եւ 0226. Ա1 թաղամասի ՆԳ բաժնի պետ Գագիկ Ավետիսյանը տեղակալի հետ մտել է տեղամասեր եւ խոսել նախագահի հետ։ 1331/44 Պտղնու տեղամասում ընտրությունների սկզբից երկու ժամ շարունակ քվեատուփ չկար։ 0859 (Գեղարքունիք, Վ. Գետաշեն). ընտրացուցակները 1 ժամ ուշացումով են բերվել։ 1124/39 (Ստեփանավան). Նույն զինվորականներին տարել են երկու ընտրատեղամաս՝ ընտրելու։ Բողոքներին արձագանքել են, թե մի ընտրատեղամասում զինվորները քվեարկել են համամասնական ցուցակի, մյուսում՝ մեծամասնականի օգտին։ Ենթադրում ենք, որ երրորդ ընտրատարածք էլ կտանեն՝ հանրաքվեին մասնակցելու համար։ 0024. ՏԸՀ-ն արձանագրել է քվեարկություն՝ հիվանդանոցում գտնվողի փոխարեն։ Թիվ 10 ընտրատարածքում փորձ է արվել ձերբակալել պատգամավորության թեկնածու Սմբատ Այվազյանի շտաբի պետին։ Մաշտոցի քրեական բաժնի պետ պրն Մեխակյանն ասել է, թե ինքն ինքնագլուխ չի արել այդ բանը։ 0122/7 ժ. 16:00-ից հետո պատրաստվում են լցոնել ՀՀԿ-ն, փորձում են ընդդիմադիրների հետ լեզու գտնել: Էրեբունու 18 ընտրատարածք (0405/101/ դպրոց-Շորբուլախ). կանխվել է լցոնման դեպք, իրավիճակը լարված է: 0119/06 ՏԸՀ֊ում (Արաբկիր Շիրվանզադեի դպրոց). լցոնման փորձ է եղել: Աքորի գյուղում Քոչինյանները թիվ 40 ընտրատարածքում դրամ են բաժանել՝ ամեն թաղամասում 10.000-15.000 դրամ: Ալավերդիում եւ Սարահարթում՝ նույնպես: Թիվ 15 ընտր., 0339 տեղամաս (Աճառյան դպրոց). Անտոնյան Ալբերտ՝ վստահված անձ, կինը՝ հանձնաժողովի անդամ։ Մի քանի օր առաջ զգուշացրել են, որ ամուսինները չեն կարող միասին գտնվել նույն ընտրատեղամասում։ Երեկ ամուսնուն հեռացրին տեղամասից: 0332/15 ՏԸՀ. ընտրասենյակի դասավորվածությունը սխալ է, վստահված անձանց տեսադաշտը փակ է, հեռախոսն անջատված է: 12 հանձ. նախագահ Աֆիկյանը հրահանգել է ՏԸՀ-ների նախագահներին՝ հանրաքվեի մասնակցության համար ընտրողներին հարցնել «Ուզո՞ւմ են մասնակցել, թե՞ ոչ», իսկ Աժ ընտրություններին ստիպել են մասնակցել։ Նույն հրահանգը տրվել է նաեւ բոլոր տեղամասերում: 0295/12, 0296/12 ՏԸՀ 5000-ական դրամ է բաժանվել: 0363/16 ՏԸՀ (57 դպր.). ծեծել են հանձնաժողովի անդամին, սկսվել է ծեծկռտուք: 1696/53 ՏԸՀ. Կապան. Երեւանում գրանցված 3 ոստիկան քվեարկել են։ 0410/18, 0414/18 տեղամասերում շատ լարված է իրավիճակը, պատրաստվում է լցոնման։ 516/20. Արագածոտնի Գեղարոտ գյուղում գյուղապետը հավաքել է անձնագրերը, գյուղացիներին բաժանել են կրակայրիչներ, շապիկներ «Օրինաց երկիրի» կողմից, գրիչներ եւ հազարական դրամ եւ հայտարարել, որ նրանք արդեն կատարել են իրենց ընտրությունը։ Պատրաստեց՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Հ. Գ. Կեսգիշերից հետո «Արդարություն» դաշինքն իր ասուլիսում արձանագրեց, որ հիմնական խախտումները տեղի են ունեցել հաշվառման ընթացքում։ Ըստ դաշինքի ունեցած տվյալների, իրենք ավելի շատ ձայն են հավաքել, քան ՀՀԿ-ն, որը կեսգիշերին, ըստ պաշտոնական հաղորդագրության, ներկայացվել է առաջատարի դերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել