Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՍՐՏԻՆ ՄԽԻԹԱՐԱՆՔ

Մայիս 28,2003 00:00

ՍՐՏԻՆ ՄԽԻԹԱՐԱՆՔ Ընտրությունները Հայաստանում անցան ինչպես միշտ՝ ինչպես ընդունված է 1995 թվականից: Դինամիկան հետեւյալն է. բռնություններն ու վարչական ճնշումները նահանջում են երկրորդ պլան՝ իրենց տեղը զիջելով փողին: ՄԱԿ-ը ձեզ օրինակ: Ընդ որում, դժվար թե որեւէ մեկը հավատա, որ ՀԺԱՄ-ը, «Հզոր Հայրենիքը», «Արժանապատիվ ապագան» կամ ՀՌԱԿ-ը ՄԱԿ-ից ավելի աղքատ էին: Պարզապես հիշյալ 3 կուսակցություններում մենեջմենթն արդյունավետ չէր, ինչպես նաեւ հույսեր էին կապվում վարչական ռեսուրսի հետ, որը, սակայն, օգտագործվեց միայն ՀՀԿ-ի համար: Բայց մի պահ վերանանք բոլոր դժգոհություններից, կեղծիքներից, խախտումներից, ընտրակաշառքներից եւ այլն ու փորձենք տեսնել նաեւ լավը, դրականը: 1. ՀՅԴ-ն էապես չընդլայնեց իր մասնակցությունը ԱԺ-ում: Բնականաբար, ազգայնական հոսանքը պետք է ներկայացված լինի մեր խորհրդարանում, բայց ինչքան որ կա, հերիք է: Թե չէ, մեկ էլ տեսար, պատերազմ հայտարարեին այն երկրներից մեկին, որի հետ մենք ունենք «ոչ թե սահման, այլ ճակատ»: Կամ՝ օրենք ընդունեին, որ ՀՀ ամեն մի քաղաքացի պարտավոր է ամեն առավոտ այրել թուրքական դրոշը: 2. Խորհրդարան չանցավ ոչ մի կոմունիստ: Ընտրարշավի ընթացքում ՀԿԿ172ն իրեն դրսեւորեց որպես դարն ապրած բրածո: 30-ամյա Սանատրուկն իր մտածելակերպով կատարյալ ծերունի է, եւ հայտարարում է, որ «այսօր մեզ Ստալին է պետք»: Ձախ պոպուլիզմի դրոշը վերցրին «Օրինաց երկիրն» ու «Ազգային միաբանությունը» /վերադարձնենք ավանդները, հետ բերենք արտագաղթածներին, բարձրացնենք թոշակները/: Վաղ թե ուշ Հայաստանում կձեւավորվի մի քաղաքական ուժ, որը դավանում է սոցիալիզմ՝ այդ բառի ժամանակակից, արեւմտյան իմաստով: 3. Սահմանադրության հանրաքվեն տապալվեց: Հարցն այն չէ՝ ավելացան նոր նախագծով նախագահի լիազորությունները, թե պակասեցին: Ավելի կարեւոր է, որ այսօրվա եւ վաղվա իշխանությունները Հիմնական օրենքի նկատմամբ շտապողական ու թեթեւամիտ վերաբերմունք այլեւս չդրսեւորեն, ինչպես նաեւ չզուգակցեն հանրաքվեն եւ քաղաքական ընտրությունները: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել