Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարամել»-Վերսանդ՝ 1:1

Հունիս 17,2003 00:00

«Կարամել»-Վերսանդ՝ 1:1 Թիվ 12 ընտրատարածքում (Շենգավիթ) կիրակի օրը կայացած կրկնակի ընտրությունների նախնական տվյալներով՝ պատգամավոր դարձավ Հարություն Ղարագյոզյանին՝ մոտ 5 հազար ձայների առավելությամբ։ Նրա մրցակից Վերսանդ Հակոբյանի կարծիքով, «իմ ընտրողներն ինձ չեն դավաճանել՝ նրանց թիվը պահպանվել է», բայց «Հարութը հաղթեց, որովհետեւ ընտրակեղծիքի ինդուստրիայի մեծ մասնագետ էր եւ նրան աջակցեցին վերեւից»։ Ինչպե՞ս են վերաբերվում Վ. Հակոբյանին նույն «վերեւները». «Ես նրանց հետ բանակցությունների չեմ գնացել, ընտրություններում ինձ հնարավորինս օգնել է ՀՅԴ-ն, բայց այսպիսի մանրակրկիտ մշակված կեղծիքների մեխանիզմների մասին ոչ մենք կարող էինք տեղյակ լինել, ոչ՝ նրանք»։ Այնուամենայնիվ, նշենք, որ Հարություն Ղարագյոզյանի ընտրակեղծիքների «ինդուստրիայից» մի օրինակի՝ անձնագրերի «հավաքագրման» մասին Վ. Հակոբյանի շտաբը տեղյակ էր պահել ե՛ւ թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովին (ՏԸՀ), ե՛ւ ԿԸՀ-ին, բայց ոչ մի տեղից ոչ մի արձագանք չի ստացել։ Ընտրություններին նախորդող օրերին լրատվամիջոցներն էլ տեղեկացրին, որ Հ. Ղարագյոզյանի համախոհները ամենատարբեր մեթոդներով Շենգավիթի ողջ համայնքում անցկացնում են անձնագրերի «հավաքագրում», յուրաքանչյուր անձնագրի դիմաց խոստանալով կամ վճարելով 3-10 հազար դրամ, շատ հաճախ էլ սպառնալով, որ «աշխատանքից կհանենք, ընտանիքիդ կվնասենք»։ Վ. Հակոբյանի կարծիքով, «Հարութի 12 հազար ձայների համար դա մեծ նշանակություն ունեցավ։ Իսկ եթե ուզեին, ՆԳ բաժնից չէի՞ն կարող բռնել պասպորտ հավաքողներին»։ Աերացիայի 071 տեղամասի դիտորդ Անահիտ Կիրակոսյանի հավաստմամբ, իրենց համայնքի ղեկավար Հայրապետ Հայրապետյանն ընտրողներին խումբ -խումբ առաջնորդել է տեղամաս, վճարել ու ներս թողել, «իսկ նույն մարդիկ անցյալ՝ 1-ին փուլում փնովում էին Հարութին, հիմա ճարահատյալ են համաձայնել, որովհետեւ շատ աղքատ են մեր թաղամասի բնակիչները»։ Որպեսզի համախոհները «չջրեն» վերցրած գումարները, Հ. Ղարագյոզյանի շտաբը մշակել էր «ստուգման» ձեւ՝ «հարութականները» քվեաթերթիկի վրա նշումն անում էին կարմիր կամ կանաչ թանաքով, «որ վերջում մեր մարդը հաշվի ու տեսնի՝ ապահովե՞լ է նա (գումարը վերցնողը- Ռ. Ա.) իր վերցրած գումարի չափով ձայները, թե՞ ոչ»։ Ի դեպ, ընտրական օրենսգիրքը չի սահմանափակում նշումների գույները։ 0260 տեղամասի դիտորդ Աիդա Իսրայելյանը տեղեկացրեց, որ «խեղճ մարդիկ այնքան վախեցած էին, որ շատերն իրենց հետ բերած գրիչները թողնում էին խցիկում»։ Տիկինը գտնում է, որ ողջ համայնքում Հ. Ղարագյոզյանի օգտին աշխատողների բանակը գլխավորում էին ավագանիներն ու հարկային աշխատողները։ Նույն Աերացիայում հաջողվել է ձերբակալել ավագանիներից մեկին՝ 50 հատ անձնագիր ձեռքին, ընտրատեղամասին մոտենալիս։ Նրան տարել են Շենգավիթի ՆԳ բաժին, բայց մի քանի ժամ հետո «ձերբակալվածին» տեսել են իր տեղամասում զբոսնելիս։ Ըստ արձանագրված բողոքների, բազմաթիվ տեղամասերում տեղի են ունեցել կրկնակի ընտրություններ դեմ դիմաց կամ մի փոքր հեռու գտնվող տեղամասերում։ Խոստացված գումարը «տեղահան» է արել անգամ անկողնային հիվանդներին։ Այս ամենի արդյունքում, այս ընտրությունների ժամանակ մայիսի 25-ի հետ համեմատած գրեթե կրկնապատկվել է ընտրողների թիվը, Հ. Ղարագյոզյանի քվեները՝ նույնպես։ Նախընտրական եւ ընտրական օրերին կատարվածից Վ. Հակոբյանը եկել է այն «դասական» համոզման, որ «եթե վերեւները մի թեկնածուի չեն ուզում, ուրեմն նա շանս չունի պատգամավոր դառնալու»։ Թեկնածուն մտադիր է բողոքարկել ընտրության արդյունքները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել