Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԴԵՌ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ»

Հուլիս 02,2003 00:00

«ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԴԵՌ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ» Ասում է նախագահ Քոչարյանը՝ նկատի ունենալով Նուբարաշենում տեղի ունեցած սպանությունները եւ դատախազության ու ոստիկանության կրավորական դիրքը: Երեկ Հայաստանի դատախազության 85-ամյակն էր եւ առաջին անգամ նշվեց Դատախազության աշխատողի մասնագիտացված տոնը։ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում ասեղ գցելու տեղ չկար։ Ներկա էին բոլոր նորանշանակ նախարարները, առանց վարչապետի, ԱԺ նորընտիր նախագահն ու պատգամավորներ։ Ուշագրավ է, որ մշակույթի այս պալատում տեղ զբաղեցնելու հարցում հատկապես դժվարություններ ստեղծվեց նորանշանակ մշակույթի նախարար Թամարա Պողոսյանի համար։ Նա համեստորեն ուզում էր նստել չորրորդ, ոչ թե իրեն հատկացված երկրորդ կարգում։ Մասնագիտական տոնի առթիվ ելույթ ունեցավ հանրապետության գլխավոր դատախազ, ՀՀ արդարադատության պետական խորհրդական Արամ Թամազյանը, որը շնորհակալություն հայտնեց կառավարությանը այս տարվա մարտի 7-ի որոշմամբ հուլիսի 1-ը Դատախազության աշխատողի օր սահմանելու համար, դատախազության անձնակազմի եւ իր անունից շնորհակալություն հայտնեց անձամբ նախագահ Քոչարյանին. «Հայոց պետականության ամրապնդման գործում դատախազության աշխատողի ներդրումն ըստ արժանվույն գնահատելու համար»։ Պատմական էքսկուրս կատարվեց Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանից սկսած, դատախազական մարմինների ստեղծման, Հայաստանի խորհրդայնացումից հետո համակարգում կատարված կառավարման մարմինների գործունեության, անգամ ԽՍՀՄ կազմավորման ժամանակ Հայաստանի դատախազության՝ իբրեւ ենթակա ստորաբաժանման, գործունեության մասին. «1924 թվի սահմանադրությամբ դատախազության վրա դրվեց հեղափոխական օրինականության հաստատման պատասխանատվությունը»։ Հետաքրքիր է, որ գլխավոր դատախազը շեշտեց 1936թ. խորհրդային սահմանադրությունը, որով, ըստ նրա, «էապես բարձրացվել էր» դատախազության դերն ու նշանակությունը։ Այնուամենայնիվ, չմոռացվեցին նաեւ անկախ պետականություն հռչակելուց հետո Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների իրավական կարգավիճակի հստակեցման, լիազորությունների ընդլայնման եւ դրանց իրականացման հարցերը։ Նշելով վերջին 5 տարիների ընթացքում դատախազական գործունեության առանձին ձեռքբերումները, պարոն Թամազյանն ասաց. «Զգալի չափով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը, քրեական գործերով եւ նյութերով ավելի քան 8 մլն դրամ։ Նույն ժամանակահատվածում դատախազների հարուցած պետական շահերի պաշտպանության հայցերով դատարանների կողմից բավարարվել են շուրջ 30 մլրդ գումարի հայցեր։ Արտադատարանական կարգով վերականգնվել է պետությանը պատճառված 13,2 մլրդ դրամի վնաս»։ Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ հնչեցին բազմաթիվ թվեր ու ցուցանիշներ, սակայն քաղաքացու վստահությունն իրավապահ մարմինների նկատմամբ բավականաչափ քննադատական է։ Հունիսի 25-ին Նուբարաշենում տեղի ունեցած ահաբեկության կապակցությամբ նա ասաց. «Հանցավոր խմբերի միջեւ վերջերս տեղի ունեցած հաշվեհարդարները, կրակոցներն ու սպանությունները բազմաթիվ հարցեր հարուցեցին, որոնց հստակ պատասխանները դատախազությունից եւ ոստիկանությունից ես դեռ չեմ ստացել։ Հասարակությունը սպասում է իրավապահների արագ եւ համարժեք արձագանքին։ Մեզանում չպետք է տեղ գտնեն միջնադարյան վենդետան եւ գողական մտածելակերպը»։ Անդրադառնալով տնտեսական ոլորտի հանցագործություններին, հանրապետության նախագահն ասաց. «Մեր խնդիրն է՝ պաշտպանել օրինական գործարարությունը՝ մի կողմից՝ ոչ ճիշտ միջամտություններից, մյուս կողմից՝ ագահ չինովնիկներից եւ հանցավոր խմբերից։ Հայաստանում չպետք է լինեն շորթում եւ ռեկետ, քրեական հաշվեհարդարներ եւ անբարեխիղճ մրցակցություն»։ Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը, որն իր խոսքում նշելով Սուրեն Օսիպյանի, Արտավազդ Գեւորգյանի անունները, չմոռացավ նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, գիտնական Վլադիմիր Նազարյանին։ Գլխավոր դատախազը սահմանափակվել էր՝ հիշելով Պետիկ Թորոսյանին, Վռամշապուհ Թադեւոսյանին, Վարդգես Մուսախանյանին, Սուրեն Օսիպյանին, Արտավազդ Գեւորգյանին։ Հենրիկ Խաչատրյանի անունը, որպես տաղանդավոր գիտնականի եւ համակարգի բարեփոխիչներից մեկի, այդպես էլ չհնչեց։ Հանրապետության նախագահը ձեռնունայն չէր եկել հանդիպման։ Նրա հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվեցին Արմեն Աշրաֆյանը, Ներսես Խանոյանը, վաստակավոր իրավաբանի կոչում ստացան գլխավոր դատախազի երկու տեղակալները՝ Ժիրայր Խառատյանն ու Աղվան Հովսեփյանը։ Շնորհակալագրեր ստացան Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի մարզերի դատախազների օգնականները՝ Ռոբերտ Այվազյանը, Աննա Մանթաշյանը, Աշոտ Հովսեփյանը, Գեւորգ Դանիելյանը, Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանը եւ Սամվել Մանուկյանը։ Հրաչյա Բադալյանին շնորհակալագիրը ստանալուց հետո այլեւս չտեսանք։ Իսկ լրագրողները համառորեն փնտրում էին նրան։ Դիմեցինք զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին, թե ինչու Զինդատախազությունից պարգեւատրվածների մեջ որեւէ մեկը չկար, արդյո՞ք դա Զինդատախազության գնահատականը չէ։ Նա ասաց. «Հանրապետության նախագահն ինքն է որոշում՝ ում եւ երբ պարգեւատրի։ Իսկ ի՞նչ կարիք կա՝ այսօրվա օրը տարբերակենք Զինվորական դատախազություն, Քաղաքացիական դատախազություն։ Դատախազությունը, մեր Սահմանադրության 103 հոդվածի համաձայն, կենտրոնացված, միասնական կառույց է, եւ բոլոր գնահատականները, որոնք հնչեցին թե՛ հանրապետության նախագահի, թե՛ գլխավոր դատախազի անունից, վերաբերում են դատախազությանն ընդհանրապես»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել