Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՄԱՆ ԾԱՐԱՎՆ ԱՎԵԼ Է

Հուլիս 12,2003 00:00

ՈՒՍՄԱՆ ԾԱՐԱՎՆ ԱՎԵԼ Է Նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը մեծացել է Երեկ կեսօրի դրությամբ Երեւանի պետական համալսարանն ուներ մոտավորապես 2800 դիմորդ, որից 34-ը մեդալակիր են, 1-ը՝ միջազգային, 10-ից ավելին՝ հանրապետական օլիմպիադաների հաղթողներ։ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսանդր Գրիգորյանի հավաստմամբ, միջազգային օլիմպիադայի հաղթող դիմորդը բուհ կընդունվի առանց ընդունելության քննություններ հանձնելու։ Իսկ հանրապետականի հաղթողների համար սահմանված արտոնությունների համաձայն, հավասար միավորներ հավաքելու դեպքում առաջնահերթությունը կտրվի նրանց։ Նախորդ տարվա համեմատ, ԵՊՀ դիմածների թիվը գրեթե նույնն է։ Այս տարի մայր բուհն ունի 671 պետպատվերով տեղ, 1126 վճարովի, 267 առանց բանակի տարկետման իրավունքի (ԱՏ)։ Այս բուհում դիմորդներն ավելի շատ նախընտրել են հայոց լեզվի, գրականության եւ ինֆորմատիկայի ֆակուլտետները։ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը երեկվա դրությամբ, անցյալ տարվա համեմատ, 20 դիմում ավելի է ստացել։ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սամվել Գաբրիելյանի խոսքերով, այս բուհում դիմումները ֆակուլտետների միջեւ հավասարապես են բաշխվում։ Դիմորդների թվում մեդալակիրներ դեռեւս չկան։ Երեկ կեսօրին ԵՃՇՀ-ն ուներ արդեն 171 դիմում։ Այս բուհն ունի 114 պետպատվերով տեղ, 194 վճարովի, 91 տեղ՝ առանց տարկետման իրավունքի։ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը երեկվա դրությամբ դիմել էր 412 շրջանավարտ։ Անցյալ տարվա համեմատ, այս տարի դիմորդների թիվը 30-40-ով ավելացել է։ Բուհում, նախորդ տարիների նման, շարունակում են հեղինակություն վայելել բուժական գործ, մանկաբուժություն, բժշկական կանխարգելման գործ ֆակուլտետները։ Բուհ է դիմել 7 մեդալակիր։ Բուհին հատկացված տեղերից 148-ը պետպատվերով է, 196-ը՝ վճարովի, իսկ 70-ը՝ առանց տարկետման իրավունքի։ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում առայժմ մեդալակիր դիմորդ չկա։ Այս բուհում դիմորդների հոսք է նկատվում անգլերեն լեզվի ֆակուլտետում։ Ինստիտուտը այս տարի պետպատվերի համար նախատեսել է 170 տեղ, վճարովիի համար՝ 235, առանց տարկետման իրավունքի ընդունվողների համար՝ 195 տեղ։ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի խոսքերով, 3-4 տարի է, որ դիմորդների քանակը գրեթե նույնն է մնում։ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանը երեկ կեսօրին արդեն ուներ 1323 դիմում։ Անցյալ տարվա նույն օրվա համեմատ այս տարի դիմումների թիվը 300-ով ավելի էր։ Համալսարանն ունի 1129 տեղ, որից 278-ը պետպատվերով է, 514-ը՝ վճարովի, 337-ը՝ ԱՏ-ի։ Պատասխանատու քարտուղար Սպարտակ Փալիկյանի հավաստմամբ, արվեստի ֆակուլտետի նկատմամբ դիմորդների հետաքրքրությունը այս տարի եւս մեծ է, հատկապես կերպարվեստ եւ գծագրություն ֆակուլտետներում։ Իսկ պարարվեստի մանկավարժության ֆակուլտետի համար հուլիսի 11-ի դրությամբ 20 տեղի համար 40 դիմում կար։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հեղինակության առումով առաջին տեղում է կոմպյուտերային համակարգերի եւ ինֆորմատիկայի դեպարտամենտը։ Բուհն առայժմ մեդալակիր դիմորդ չունի։ Երեկվա դրությամբ այս բուհ ընդունվող ցանկացողների թիվը 1170-ն էր։ Ներառյալ մարզերում գործող ՀՊՃՀ-ի կրթահամալիրները՝ 685 տեղ սահմանվել է պետպատվերի համար, 933-ը՝ վճարովիի, 415-ը՝ ԱՏ-ի։ Երեւանի գեղարվեստի ակադեմիան այս տարի ունի 38 պետպատվերով տեղ, 52՝ վճարովի, իսկ ԱՏ-ի՝ 8 տեղ։ Նախորդ տարվա համեմատ, այս տարի դիմումների թիվը 20-ով ավելի է։ Երեկ կեսօրին բուհն արդեն 88 դիմում ուներ։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում երեկ կեսօրի դրությամբ 669 դիմում էր գրանցվել։ Այս տարի բուհում ակտիվությունը շատ մեծ է։ Դիմողների թիվը, նախորդ տարվանից 200-ով ավելացել է։ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Արսեն Հայկյանի հավաստմամբ, դիմորդները հիմնականում ընտրում են պարենամթերքի տեխնոլոգիաների մասնագիտություններ։ «Բուհում այս տարի ավելացած 4 մասնագիտությունները եւս նպաստել են, որ այդ բուհ դիմողները ավելանան»,- համոզված է Ա. Հայկյանը։ Գյուղատնտեսական ակադեմիան այս տարի ունի 214 պետպատվերով, 397 վճարովի եւ 65 առանց տարկետման իրավունքի տեղեր։ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, պատասխանատու քարտուղար Ասյա Ղազարյանի հավաստմամբ, նկատելի է երգիչ-դիմորդների թվի աճը։ Բուհն այս տարի ունի 112 վճարովի, 71 պետպատվերով եւ 30 ԱՏ-ով տեղեր։ Երեկ կեսօրին բուհն ուներ արդեն 167 դիմում-հայտ։ Ա. Ղազարյանը ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում գործող 6-7 երաժշտական ուսումնարան ավարտած եւ կոնսերվատորիա դիմած դիմորդների համար ոչ մի արտոնություն չի գործում. «Երաժշտական ուսումնարան ավարտածն արդեն մասնագետ է եւ հանգիստ կարող է դասավանդել դպրոցներում»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել