Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՏԵՍԱԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 04,2003 00:00

ԵՐԵՔ ՏԵՍԱԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Դրանցից ձեւականը օմբուդսմենի պաշտոնի ներմուծումն է «Մենք չենք կարող սպասել սահմանադրական փոփոխություններին, որոնք կարող են ընդունվել կամ չընդունվել»,- երեկ հայտարարեց ԵԽ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան ի պատասխան այն հարցի, թե չի՞ կարելի, արդյոք, հետաձգել «Մարդու իրավունքների պաշտպանի» օրենքի ընդունումը մինչեւ սահմանադրական փոփոխությունների իրականացում։ Երկու օր տեւած օրենքի նախագծի քննարկումների ավարտին կազմակերպիչները մամուլի ասուլիս հրավիրեցին, որի ժամանակ մասնավորապես նշվեց, թե քննարկման մասնակիցների առաջարկները մեծ մասամբ ընդունվել են՝ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ հաշվի առնելու համար։ Լրագրողներից մեկի հարցին՝ կարո՞ղ է օմբուդսմենը լինել քաղաքական դեմք, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց՝ կարող է լինել նաեւ քաղաքական գործիչ, բայց կան մի շարք սահմանափակումներ։ Օրինակ, տվյալ անձը չի կարող լինել կուսակցության անդամ եւ չի կարող առաջադրվել որեւէ ընտրությունում իբրեւ թեկնածու։ Իսկ եթե կա հասարակական սեր ու հարգանք վայելող մեկը, որը կհրաժարվի իր կուսակցական պատկանելությունից եւ որին կընդունեն ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը եւ, որը հավատարիմ կլինի մարդու իրավունքների սկզբունքներին, ուրեմն կարող է հավակնել օմբուդսմենի կոչմանը (պաշտոնի՞ն)։ Ակնհայտորեն իշխանությունները հերթական անգամ ընտրում են եւ շտապ-շտապ անց են կացնում ԵԽ-ի առջեւ ստանձնած այն պարտավորությունները, որոնք իրենց «դուր են գալիս»՝ առաջ մղելով նախ՝ մահապատժի վերացումը եւ օմբուդսմենի հարցը։ Այս շտապողականությունն ունի կոնկրետ դրսեւորում՝ մինչեւ սահմանադրական փոփոխությունները մարդու իրավունքների պաշտպանին կնշանակի երկրի նախագահը (ասում են՝ խորհրդակցելով ԱԺ խմբակցությունների հետ), որից հետո՝ տվյալ օմբուդսմենի լիազորությունները վայր կդրվեն, եւ ԱԺ-ն ինքը ընտրություն կկատարի։ Իսկ ի՞նչ երաշխիք, որ սահմանադրական փոփոխություններ կկատարվեն, ի՞նչ երաշխիք, որ փոփոխությունները կլինեն այնպիսին, որոնցով հնարավոր կլինի իրականացնել վերը նշված տարբերակը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով, իշխանությունների շտապողականությունը՝ ընդունել «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքը, ունի հետեւյալ բացատրությունը. «Կարծում եմ, այստեղ կա մեկ այլ խնդիր։ Դուք գիտեք, թե ընտրություններից հետո ինչպիսի վիճակի մեջ հայտնվեց Հայաստանը ԵԽ-ի առջեւ, եւ ես այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանի իշխանությունները շտապում են մի քանի պարտավորություններ շտապ կատարել եւ կարեւոր չի՝ ինչպե՞ս կատարել, որպեսզի ցույց տան, թե ինչքան հավատարիմ են պարտավորությունների կատարման սկզբունքներին»։ ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունները պրն Իշխանյանը բաժանեց պայմանականորեն երեք խմբի՝ պարտավորություններ, որոնք Հայաստանը հեշտությամբ կատարում է (ազատազրկման վայրերի հանձնումը ՆԳՆ-ից՝ արդարադատության նախարարությանը եւ այլն), մեկ այլ խումբ պարտավորություններ, որոնց կատարումը զուտ ձեւական բնույթ ունի (որպես օրինակ նշվեց «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին, եւ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքների ընդունումը)։ Երրորդ խումբ պարտավորությունները, ըստ Ա. Իշխանյանի՝ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չեն պատրաստվում կատարել։ Դրանք են՝ ազատ ընտրությունների անցկացումը, անկախ դատարանների ստեղծումը եւ այլն։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել