Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ «ՕԲՅԵԿՏԻՎ» ԿԼԻՆԻ

Սեպտեմբեր 04,2003 00:00

ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ «ՕԲՅԵԿՏԻՎ» ԿԼԻՆԻ Երեկ խոստացավ քաղաքացիական ծառայության համակարգի հերթական փուլի ամփոփման նպատակով լրագրողներին հյուրընկալած խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Բանն այն է, որ առաջիկայում անց է կացվելու ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնի մրցույթ։ Ըստ համառորեն պտտվող լուրերի, պաշտոնը զբաղեցնելու է Հայաստանում միջին խավն այդպես ել չձեւավորած Սեյրան Ավագյանը։ Վերջինիս հաշվով պարոն Բադալյանը լռեց, բայց մրցույթի մասին ասաց, որ այն «կլինի օբյեկտիվ»։ Ի պատասխան լրագրողների հարցերի, պարոն Բադալյանն անկեղծացավ եւ խոստովանեց, որ երկու պաշտոնյայից փախչել չի կարողանում՝ նախագահից եւ վարչապետից։ «Առավոտի» դիտարկումը, որ այս անկեղծությունից հետո տարօրինակ չէ՞ մրցույթի օբյեկտիվության մասին խոսելը, քաղծառայության խորհրդի նախագահն ավետեց. «Պիտի ապավինեմ մեր մեխանիզմներին եւ մրցույթի կարգին»։ Ապա փոքր ինչ անհասկանալի տրամաբանությամբ հավելեց. «Իմ ամենամեծ ցանկության դեպքում չեմ կարող այդ կարգի վրա ազդել։ Չեմ կարող, չէ՞, նախագահականից եկած եռյակին (խոսքը մրցութային հանձնաժողովի երեք անդամների մասին է- Ն. Գ.) պարտադրել»,- վրդովվեց Մ. Բադալյանը։ Այդ մասով, կարծում ենք, անկախ հանձնաժողովի նախագահը պիտի հանգիստ լինի. նախագահական եռյակն իր գործը կանի՝ առանց պրն Բադալյանի կարծիքը հարցնելու։ Իսկ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է։ Իսկ, առհասարակ, ըստ Մանվել Բադալյանի, քաղծառայության մրցույթներում հաղթելը «գերխնդիր չէ» (ուզում էր, երեւի, ասել՝ դժվար չէ)։ Պարտվում են, մարդիկ, որոնք, ըստ բանախոսի, «տառաճանաչից մի քիչ են բարձր»: Իսկ նրանց (այդ հազիվ տառաճանաչների) թիվը, ըստ խորհրդի տրամադրած վիճակագրական տվյալների, բավականին մեծ է։ Այսպես, խորհրդի գործունեության 1,5 տարվա ընթացքում 73 քաղծառայող ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ատեստավորումը չանցնելու պատճառով։ Նրանցից 27-ը բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ են զբաղեցրել։ Համակարգում եւս 100 թափուր տեղ է առաջացել ուսումնասիրությունների արդյունքում։ Դրանք անց են կացվում խորհրդի կողմից եւ արդյունքում որոշվում է, թե մեր քաղծառայողները որքանով են համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին։ Եվս 72 թափուր տեղ է առաջացել մրցույթներ չկայանալու պատճառով։ Ընդ որում, դրանցից 52-ը կայացել է եւ հաղթողներ չեն ճանաչվել։ Ասել է թե, դիմորդներից ոչ ոք այդ պաշտոնների չափանիշներին չի համապատասխանել։ Կան նաեւ մասնագիտություններ, որոնց հավակնորդները քիչ են կամ ընդհանրապես չկան։ Օրինակ, կրկնակի մրցույթից հետո շարունակում է թափուր մնալ բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի գծով պաշտոնը։ Փոխարենը ճոխ-ճոխ են ֆինանսիստ-իրավաբանները։ Հուլիսի 1-ից կիրառման մեջ մտած քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենքով՝ ազգիս ծառայողների աշխատավարձերը բարձրացել են։ Ասենք, մեր տարբեր ատյանների աշխատակազմերի ղեկավարներն այլեւս 150 հազար դրամ աշխատավարձ կստանան։ Դա, իհարկե, քիչ է այն տառապանքի դիմաց, որը քաշում են առավոտյան 9-ից երեկոյան 18-ը թղթատարությամբ զբաղվող այդ չինովնիկները։ Կառավարության կարճաժամկետ ծրագրերում ամրագրված է, որ բազային աշխատավարձը 45 հազար դրամ է լինելու. այդ դեպքում քաղծառայողների մինիմում աշխատավարձը կլինի 150-160 հազար դրամ։ Այս նորարարությունները խորհրդի նախագահին վստահություն են տալիս, որ քաղծառայողների համակարգը կկայանա։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել