Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը հաղթեցին Իտալիայում

Սեպտեմբեր 09,2003 00:00

Հայերը հաղթեցին Իտալիայում Իննամյա Ինեսա Քոչարյանը «Ոսկե տաճար» մրցույթից վերադարձավ առաջին մրցանակով Հուլիսի 28-ին Իտալիայի Մարիոտո քաղաքում մեկնարկեց «Ոսկե տաճար» ամենամյա մրցույթը, որն ավարտվեց օգոստոսի 24-ին։ Այս տարի «Ոսկե տաճարին» Հայաստանից մասնակցել են նաեւ երկու փոքրիկ երգչուհիներ, Ինեսա Քոչարյանը՝ Արտաշատից, Մարիաննա Հովհաննիսյանը՝ Երեւանից։ Մրցույթին իրենց ուժերն են չափել Եվրոպայից եւ ԱՊՀ-ից ժամանած 6-16 տարեկան շուրջ 250 մասնակիցներ։ Նրանցից դափնեկրի կոչման է արժանացել ընդամենը 7-ը, այդ թվում՝ մեր երկու հայրենակիցները։ Եվ Ինեսա Քոչարյանը, եւ Մարիաննա Հովհաննիսյանը «Էմմի-բի» կենտրոնի սաներ են։ Ինեսան նաեւ «Կռունկ» փառատոնի մասնակից է, «Ոսկե բանալի» եւ «Դո-ռե-մի» միջազգային մրցույթների մրցանակակիր։ Նա Իտալիայում հաղթող է ճանաչվել իր հասակակիցների շրջանում, իսկ Մարիաննան՝ ավելի մեծ տարիքային խմբում։ Ինեսայի Իտալիա մեկնելու ծախսերը հոգացել է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, իսկ հայրը՝ Արմեն Քոչարյանը, ինչպես նաեւ երգչուհի Նադեժդա Սարգսյանը բարոյապես են աջակցել եւ ոգեւորել մրցույթից առաջ։ Իտալիայում Ինեսան կատարել է Կոնստանտին Օրբելյանի հայտնի «Վոկալիզը»՝ երգ առանց բառերի, որի առաջին կատարողը Տաթեւիկ Հովհաննիսյանն էր։ Ժյուրին բարձր է գնահատել ոչ միայն կատարումը, այլեւ գործիքավորումը։ Վոկալ արվեստի հարուստ ավանդույթներ ունեցող Իտալիայում անցկացվող այս մրցույթի ժյուրիի կազմում եւս հեղինակավոր արվեստագետներ էին։ Այստեղ էր նաեւ Միլանի «Լա Սկալա» թատրոնի երգչուհի Բոբի Սոլոն։ Վերադարձից հետո Մարիոտոյի միջազգային մրցույթի փոքրիկ դափնեկրին ընդունել է Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը։ Նա խոստացել է աջակցել նրա նոր տեսահոլովակի իրականացմանը։ Իսկ տեսահոլովակում կնկարահանվի ոչ միայն Ինեսան, այլեւ նրա քույրը՝ Սոնան, որը նույնպես երգում է։ Տեսահոլովակում աղջիկների կատարմամբ կհնչի կոմպոզիտոր Արսեն Ադոնցի երգերից մեկը։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել