Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մեղավոր

Սեպտեմբեր 13,2003 00:00

Ո՞վ է մեղավոր Կառավարությո՞ւնը, մարզպետարա՞նը, քաղաքապետարա՞նը, թե՞ դատարանը Գյումրիի Խրիմյան հայրիկ 59 շենքի բնակիչների ու «Պրոգրես-համալսարան» արտադրական կոոպերատիվի նախագահ Ռաֆիկ Խաչատրյանի միջեւ ծագած թեժ հակամարտությունը, թվում է, անլուծելի է: Պատճառը, բնակիչների խոսքերով ասած, «պիղատոսների (նկատի ունեն դատավորներին- Ն. Ա.) սխալ որոշումները, փաշաների մեծ ախորժակն է»: ՀՀ կառավարության 1998թ. N 81 եւ 2001թ. N15 որոշումներով Գյումրիի կենտրոնական հրապարակում գտնվող փոստատան շենքի սեփականատերը դարձել է Շիրակի մարզպետարանը: Այնուհետեւ անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրով սեփականության իրավունքը փոխանցվել է «Պրոգրես-համալսարան»-ին: 25 տարի շարունակ այդ շենքում բնակվող, փաստացի գրանցված ու միասնական օրդեր ունեցող փոստատան աշխատակիցների իրավունքներն ամբողջովին ոտնահարվել են: Սակայն նոր սեփականատերը դատարանում վտարման հայց է ներկայացրել: Բնակիչները պարտավորվել են տարածքն ազատել, իսկ Գյումրիի քաղաքապետարանը վերջիններիս անօթեւան է ճանաչել, արտահերթ բնակարան ստացողների ցուցակում ընդգրկել: Քաղաքապետարանը միաժամանակ պարտավորվել է մինչեւ բնակարան հատկացնելը նրանց կողմից բնակտարածություն վարձակալելու դեպքում ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով ամսական 10 000 դրամ վճարել: Ի դեպ, վերաքննիչ դատարանում հայցը քննվել է առանց հայցվորների, բնակիչները դատին չեն ներկայացել (թեեւ մի ընտանիքի՝ Հունանյանների գործն է միայն քննվել): Խնդիրն այն է, որ ներկա պահին ոչ միայն բնակիչները պատրաստ չեն քաղաքապետարանի հետ վարձակալության պայմանագիր կնքել, այլեւ՝ քաղաքապետարանը: Մոտ 2 տարի է վերջիններս կառավարությունից վարձավճարի գումար չեն ստացել: Քաղաքապետարանի իրավաբան Վարդան Խաչատրյանը, վկայակոչում է կառավարության 432 որոշումը, համաձայն որի անօթեւանի կարգավիճակ ստանում են նրանք, ովքեր երկրաշարժից բնակարան են կորցրել կամ բնակարանը դարձել է բնակության համար ոչ պիտանի. «Մեր անօթեւանները մեզ քի՞չ են, այս մարդիկ փաստացի տուն չեն կորցրել, նրանց շենքը 3-րդ աստիճանի վթարային է, որն, ի դեպ, բնակության համար թույլատրելի է: Դատարանը մեզ պարտավորեցնում է, բայց ինչու՞ հազար տարվա բնակիչներին անօթեւան ճանաչենք: Եթե երկրաշարժից հետո հիշյալ շենքը ամբողջապես չի թալանվել եւ այսօր հրաշալի կառույցի է վերածվել՝ հենց նույն բնակիչների շնորհքն է»: Վերջիններս համառորեն չեն պատրաստվում շենքն ազատել եւ տրամաբանական հարց են բարձրացնում. «Եթե անգամ քաղաքապետարանը երկու տարվա վարձավճարը տա, հետագայում ի՞նչ ենք անելու,ե՞րբ է մեր բնակարան ստանալու հերթը հասնելու»: Ներկա պահին ոչ ոք չի շտապում նրանց բնակարաններով ապահովել, փոխարենը դատարանի հարկադիր կատարողները քաղաքացիներին փողոց են հանում: Բնակիչների հավաստմամբ, անգամ որոշ պաշտոնյաների հորդորանքները ԴԱՀԿ-ի մոտ գրոշի արժեք չեն ունեցել, եւ մինչեւ կասեցման վճռի վերջին վայրկյանը՝ իրենց պարտականությունը հավատարմորեն կատարել են: Թեեւ իրականությունը լսելուց հետո շատ են փոշմանել: Քաղաքի կենտրոնական մասը բարեկարգած, մեծ փողեր ծախսած սեփականատեր Ռաֆիկ Խաչատրյանն էլ է կարծես փոշմանել: Նա կառույցի փաստացի տերն է ու միաժամանակ տերը չէ: Մինչեւ օրս չի հաջողվում ավարտել շինարարական աշխատանքները, չավարտելու դեպքում էլ արածը ջուրն է լցվում: Բնակիչների ու սեփականատիրոջ միջեւ օր օրի թշնամությունը խորանում է, իսկ հարցը գործնական լուծում չի ստանում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել