Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՈՐԴՈՒՑՍ ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ»

Սեպտեմբեր 13,2003 00:00

«ԵՍ ՈՐԴՈՒՑՍ ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ» Ասում է Ջոն Հարությունյանի մայրը «Որ եկավ, շատ վատ էր, պրիստուպներ էր տալիս, ասում էր՝ վայ, մամ, մեռնում եմ: Մարմնի տարբեր մասերն էր ցավում, երեք անգամ հիվանդանոց ենք տարել: Մի անգամ էլ ասաց՝ մամ, ավելի լավ է մեռնեմ, քան ապրեմ: Ասացի՝ Ջոնիկ, գուցե մի վատ բա՞ն ես արել, ասա, ասաց. «Չէ, ոչ մի բան չեմ արել»: Երեսը դուրս էր տվել, շուրթերը ճաքճքել, սառը քրտինք էր գալիս անընդհատ: Բժիշկներից մեկն էլ նույնիսկ ասաց, որ նա հիվանդ չի, ինչ-որ բան է կատարվում հետը»,- որդու մասին խոսելիս Անիկ Հարությունյանը՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունն իրականացրած Ջոն Հարությունյանի մայրը, արտասվում էր: 53 տարեկան Ա. Հարությունյանը խոհարար է աշխատում Մարտունու հիվանդանոցում: Երեք տղա ուներ: Նրանցից մեկը՝ Ռաջը, զոհվել է պատերազմում: «Գիտես, որ իմ տղան այդպես է արել, ես ամաչում եմ գլուխս բարձրացնեմ, մարդկանց հետ զրուցեմ: Հիմա մարդկանց հետ չեմ կարողանում խոսել: Մեկը՝ զոհված , մեկը՝ բանտում, էս մեկն էլ չգիտի ինչ անի, մենակ է մնացել: Ջոնը չորս երեխա ունի, մեծը տասը տարեկան, փոքրը՝ երկու»: Մարտունին, որտեղ հանդիպեցի Անիկ Հարությունյանին, փոքրիկ քաղաք է: Եթե մեկը մի բան է անում, հաջորդ օրն ամբողջ քաղաքը խոսում է այդ մասին: Ամբողջ քաղաքը հունվարին գիտեր, որ Ջոնի մոտ փող կա ու նա ընկերների հետ քեֆեր է անում, մեքենա է գնել, փողեր է բաժանում: Տղամարդիկ փողոցներում տեղ-տեղ խմբված զրուցում են, ինչպես ցանկացած հայկական բնակավայրում: Օրվա վերջում այդ խմբերն արդեն գինովցած են լինում, խոսակցությունները դառնում են ավելի բարձրաձայն: Ու ահա, այդ խմբվածների մեջ էլ երբեմն կարելի էր տեսնել Ջոնին իր ընկերներով: Սակայն նա շատախոս չէր, ավելի շատ լուռ լսում էր զրույցները: Նա լիդեր չէր իր շրջապատում: Նա միշտ էլ կատարող է եղել, երբեք ոչինչ չէր նախաձեռնում: «Չգիտեմ՝ մեր աղքատությունն է ստիպել, որ դա անի, թե ընկերությունը, չեմ հասկանում: Մեզ մի քիչ պարտք է եղել, գուցե դրա համար է արել,- շարունակում է Ջոնի մայրը:- Նա ենտեղ ի՞նչ գործ ուներ, ոչ մեկն իրեն վատություն չէր արել, իր երեխեքին, կնոջը վատ բան չէր ասել, ինչի՞ պիտի սպաներ: Էդ փողով ոչ մի բան չի առել: Էն մեքենան է: («Ժիգուլի» մակնիշի մեքենան Ցավի անունով է): Բայց դրանից առաջ կովը տարել էր, ծախել, եկավ ասաց՝ մեքենայի փողի կեսը տվել եմ, կեսն էլ պիտի տամ: Բանկում 2000 դոլար պարտք է եղել, էդ պարտքն էլ չի փակել»: Քննիչի հարցին՝ թե ինչու բանկի պարտքը չի մարել, Ջոնը պատասխանել է, որ դրանք արյունոտ փողեր են եղել: «Տան համար, երեխեքի համար ոչ մի բան չի առել, փողը միայն բաժանել է ընկերներին»,- ասում է մայրը: Քեֆեր է արել ընկերների, նույնիսկ ոստիկանների հետ: Ոստիկանները նրա հետ կերել-խմել են, իսկ բաժանվելուց հետո Ջոնի մեքենան կանգնեցրել են ու 20 հազար դրամ տուգանել: Գեղամ Շահբազյանը երկու անգամ է եղել Ջոնենց տանը: Մի անգամ եկել էր մինչեւ սպանությունը, երկրորդ անգամ՝ սպանությունից հետո: «Գեղամին ասի. «Նայի, հա, տղաս այնտեղ խուլիգանություն չանի»: Ասաց. «Չէ, Անիկ տոտա, ոչ մի վատ բան չկա»: «Էդ երկրորդ անգամ երկար ժամանակ դեմ-դիմաց կանգնած՝ բերան- բերանի խոսում էին՝ փսփսալով: Հետո, որ Գեղամը գնաց, ասացի՝ Ջոնիկ, աչքիս էդ տղան լավ մարդ չի երեւում, ասաց՝ չէ, մամ, ուրիշ բան էինք խոսում, չէինք ուզում կողքի մարդիկ լսեն, անասունները տանելու մասին էինք խոսում: Որ փողը բերեմ, էդ մեքենայի փողի մի մասն էլ տամ»: «Գեղամը, որ երկրորդ անգամ եկել էր, Ջոնի երեխեքից մեկի ծննդյան օրն էր, խաղալիքներ էր բերել՝ մի մեծ մեքենա ու ատրճանակ: Ես կատակով ասացի, որ էս մեքենան բերել ես երեխեն վրան նստի, ատրճանակով էլ մարդ սպանի՞: Ես հետո եմ հիշել, որ իմ խոսքերից Գեղամն ու Ջոնն իրար նայեցին: Հիմա մտածում եմ, որ Գեղամին թվացել է, թե Ջոնն ինձ պատմել է: Գեղամի հայացքի մեջ կարծես թե հարց կար. «Ջոն, պատմե՞լ ես մամայիդ»: Ում ծնողը կուզեր, որ իր որդին մարդասպան լինի: Գլխումս չի տեղավորվում, որ Ջոնը կարող է այդպիսի բան անել: Էլի չեմ հավատում, չեմ պատկերացնում: Ասում էի՝ Ջոն, հավը մորթի, ասում էր՝ մամ, չեմ կարողանում, որ արյուն էր տեսնում, խելագարվում էր: Էդ կռվի տարիներին էլ օրեր կային, որ գժված էր գալիս, երբ արյուն էր տեսնում: Արյունից վատ է զգում ֆիզիկապես»: «Իսկ դատավարությանը, որ գնում եք, մարդիկ գիտե՞ն, որ դուք Ջոնի մայրն եք»,- հարցնում եմ: «Ինձ թվում է՝ ոչ, որ իմանան, կգան, կջղայնանան, վիրավորական բաներ կասեն: Վախենում եմ իմանան, սուս ու փուս նստում եմ ու հայացքով խոսում եմ Ջոնի հետ: Մեղավոր է՝ պիտի պատժվի, բայց տղուս տարել են գցել մեղքի մեջ, չորս երեխան թողել են որբ, հորը տարել գցել մեղքի մեջ: Երեւի տղուս խմեցրել են, ինչ172որ բան են արել, ինքն այդպիսի բան չէր անի: 4 անգամ գնացել էր, չէր արել, ետ էր եկել: Վերջում էլ կես լիտր օղի են խմեցրել, ինքն այդպիսի բան չէր անի: Նոյեմբերին մի քանի անգամ զանգել են մեր տուն Երեւանից: Ջոնը ջղայնացած ասում էր՝ չեմ գալիս, հերիք է զանգեք: Ես էլ միամիտ ասում էի՝ Ջոնիկ, ինչի՞ չես գնում, էդ մարդը քանի անգամ է քեզ օգնել անասունները վաճառել: Փող ես աշխատել: Ասում էր՝ մամ, դու սուս մնա, չեմ ուզում՝ չեմ գնում: Ես դրանցից ոչ մեկին չեմ մեղադրում, տղայիս եմ մեղադրում, որ վիզ է վերցրել ու գնացել էդ գործն արել: Ինչու՞ ես գնում էդ ջահել տղուն սպանես, քո նման տղա է: Խաբել են տղուս, խաբել են ու տարել գցել էդ գործի մեջ: Էլ հեռուստացույց չեմ կարողանում նայել, էդ մարդկանց դեմքերը, թվում է՝ Ջոնի դեմքն է: Ես տղա եմ կորցրել, հիմա մեկն էլ պիտի կորցնեմ: Ուղեղիս մեջ չի մտնում, որ երեխես կարող էր էդ բանը անել: Մեկ-մեկ էլ մտածում եմ՝ երեւի Ջոնիս շատ են տանջել ու ինքն իր վրա է վերցրել: Ես եթե իմանայի, էդ Գեղամին պատառ-պատառ կանեի: Նրա երեխեն Մարտունու զորամասում էր ծառայում, գալիս էր մեր տուն, հաց էր ուտում, նստում զրուցում էինք, ով կհավատար, որ նրա հայրը տղուս գլխին էս փորձանքը պիտի բերի: Էդ զալում էնպես են իրենց պահում, որ սկսում եմ մտածել՝ էդ դրանց մեջ մեկը չի՞ եղել, որ եկել են Ղարաբաղից իմ տղուն են տարել: Ու մեկ էլ չեմ հասկանում, թե դատարանում ինչու՞ են ծափահարում, հո թատրոն չեն եկել, բա Տիգրանի մայրն էլ ծնող է, ի՞նչ է՝ ուզում են, որ չխոսի՞: Կյանքում ես Ջոնին չեմ ների, բայց որդիս է, ինչ արած: Գնում եմ, որ տեսնի մենակ չէ, որ ես իրենից չեմ հրաժարվել: Ես ավելի բարձր էի ինձ պահում, որ Ռաջս զոհվել էր պատերազմում, իսկ հիմա գլուխս ներքեւ պահած եմ քայլում: Ոստիկաններից մեկն ասել է ինձ՝ Անիկ տոտա, մի՛ մոռացիր, որ հերոս տղա էլ ունես»: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել