Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքն էլ «նորոգեցին», ունքն էլ

Սեպտեմբեր 20,2003 00:00

Աչքն էլ «նորոգեցին», ունքն էլ Հայաստանի կամերային նվագախմբի գեղղեկավար Արամ Ղարաբեկյանը դժգոհ է Կամերային երաժշտության տան վերանորոգումից: Երեկ նա Կամերային երաժշտության տանը ասուլիս էր հրավիրել նոր՝ 2003-04թթ. համերգաշրջանը սկսելու առիթով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն կնշանավորվի սեպտեմբերի 22-ին բացվող համերգով։ Ֆլեյտահար Տաթեւիկ Բաղդասարյանը առաջին անգամ կներկայացնի Հարություն Դելլալյանի «Էկլոգա» ստեղծագործությունը, իսկ ճանաչված սոպրանո Աննա Մայիլյանը հանդես կգա Սամուել Բարբելի ռոմանտիկ «Դովեր Բիչ» եւ Էռնեստ Շոսոնի «Շանսոն Պերպերտուել» ստեղծագործությունների կատարմամբ։ Կկատարվեն նաեւ Յոհան Փախելբելի, Հենդելի ու Բեթհովենի հանրահայտ գործերը։ Երեւանյան համերգից հետո ՀԿՆ-ն Արամ Խաչատրյանին նվիրված համերգով հոկտեմբերի 4-ին հանդես կգա Թբիլիսիի օպերայում, իսկ նոյեմբերին՝ Կալիֆոռնիայում եւ Գերմանիայում։ Նախատեսված են նաեւ հյուրախաղեր Սալոնիկում։ Դեկտեմբերին նվագախումբը կվերադառնա Հայաստան՝ ներկայացնելով տոնական շքեղ համերգ։ ՀԿՆ-ն հրավիրված է մասնակցելու այս տարի նոյեմբերին Գերմանիայում կազմակերպված միջազգային փառատոնին, իսկ 2004-ին՝ Խորվաթական փառատոնին։ Մի խոսքով, ստեղծագործական առումով որեւէ խնդիր Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հեղինակավոր խումբը չունի։ Ինչ վերաբերում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, վիճակն այդքան փայլուն չէ։ Լինսի հիմնադրամի միջոցներով շենքի նորոգման աշխատանքները պետք է ավարտված լինեին դեռեւս 2002-ի դեկտեմբերին, բայց մինչ օրս շենքն անմխիթար վիճակում է, թեեւ վերանորոգումը ավարտված են համարում։ «Խորապես ափսոսում եմ, որ ունեցել ենք հոյակապ առիթ մեր համերգասրահները նորոգելու, սակայն այդ հարցերով ոչ կոմպետենտ մարդիկ են զբաղվել»,- փաստեց Ա. Ղարաբեկյանը։ Նա տեղեկացրեց, որ միշտ իրենցից գաղտնի է պահվել շենքի վրա ծախսված գումարի չափը։ Փոխարենը Կամերային տան շքամուտքը մնացել է այնպես, ինչպես 30 տարի առաջ էր։ Հայտնի է, որ դահլիճը չի ջեռուցվելու, չկան լուսավորող սարքավորումներ (թեեւ նախատեսված էր), բեմը ծածկված է կավրոլիտով, ինչը հակասում է ակուստիկայի կանոններին։ «Եթե մատով սեղմեք պատուհանների ապակիները, ապա դրանք 5սմ-ով կտատանվեն, իսկ եթե մեկը հանկարծ անզգույշ դիպչի՝ ցած կթափվեն։ Տեսնես ճարտարապետը՝ Ստեփան Քյուրքչյանը, իր տո՞ւնն էլ է այդպես նորոգել։ Էլ չենք խոսում ծառայողական մուտքի տարօրինակ լուսավորության մասին։ Արվեստագետները դրա տակ ուրվականի տեսք են ստանում։ Շենքն էլ «զարդարել» են արաբական ջահերով եւ համարում են՝ ժամանակակից լուծումներ են տվել»,- վերանորոգման թերությունների ընդամենը չնչին մասը ներկայացրեց Ա. Ղարաբեկյանը։ Ճարտարապետ Ստ. Քյուրքչյանին մտահոգությունները ներկայացնելու իր ջանքերը ավարտվել են Քյուրքչյանի աղմուկ-աղաղակով։ ՀԿՆ-ի ղեկավարությունը կատարվածը շտկելու ակնկալիքով դիմել է հնարավոր բոլոր ատյաններին, սակայն «լսող ականջ չկա, ոչ էլ՝ վերահսկող»։ Ստիպված, 2 շաբաթ առաջ Ա. Ղարաբեկյանը Կամերային երաժշտության տան խայտառակ վերանորոգման մասին նամակով տեղյակ է պահել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Առայժմ արձագանք չկա։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել