Հոկտեմբերի 23-ին «Շերեմետևո» օդանավակայանում գրող, լրագրող, դերասան և ռեժիսոր Ռուբեն Փաշինյանին թույլ չեն տվել հատել սահմանը։ 7 ժամ կորցնելուց հետո նրան վերադարձրել են Հայաստան՝ նրա գնած տոմսը փոխանակելով այդ օրվա տոմսով։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Ռուբեն Փաշինյանը, որը բազմիցս եղել է ՌԴ-ում՝ կազմակերպելով գրքերի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ։ Նա նաև մի շարք մրցանակներ ունի՝ այդ թվում «Золотое перо Руси» միջազգային գրական մրցույթի ոսկե շքանշանի է արժանացել։ Ռուբենի «Արուջի» պիեսն ստացել էր «Ոսկե բու» մրցանակ՝ ամենախելացի ստեղծագործության համար։ Նրան պատրաստվում էին պարգևատրել «Մշակույթի դեսպան» պատվո դիպլոմով՝ բազմամյա մշակութային և հասարակական գործունեության համար։
Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից Մշակութային կենտրոնում հոկտեմբերի 25-ին պետք է կայանար Ռուբենի «Интервью без купюр» ֆիլմի պրեմիերան, ծրագրված էին նաև ստեղծագործական այլ հանդիպումներ, որոնք այդպես էլ չիրականացան։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ռուսաստան իր մուտքի սահմանափակումներին, մեր զրուցակիցն այդ մասին պատահաբար տեղեկացել էր օտարերկրյա քաղաքացիների մուտքի նախնական ծանուցման համար նախատեսված RuID էլեկտրոնային համակարգից՝ իբր Ռուսաստանում գտնվելու թույլատրված 90 օրը խախտելու պատճառաբանությամբ։ Եվ սա այն դեպքում, երբ, իր պնդմամբ, երբեք Ռուսաստանում չի գտնվել մեկ ուղևորության ընթացքում երկու շաբաթից ավելի, ուստի ակնհայտ էր, որ սահմանափակումն առաջացել է տեխնիկական սխալի հետևանքով։ Ռուբեն Փաշինյանը դիմում էր ուղարկել Ռուսաստանի ՆԳՆ էլեկտրոնային ընդունարանի միջոցով՝ կցելով մուտքի և ելքի ամսաթվերը հավաստող փաստաթղթեր։ ՆԳՆ-ից էլ նրան ծանուցել էին, որ սահմանափակումները վերացված են, և այդ տեղեկատվությունը շտեմարաններում կթարմանա 7 օրվա ընթացքում։ Ինքն էլ տոմս էր գնել, որպեսզի ի վերջո մեկնի մրցանակաբաշխությանը մասնակցելու։
Փաշինյանն ասում է, որ «Շերեմետևո» օդանավակայանում բախվել է խնդրին։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունից փոխանցել են, որ տեղյակ չեն իր մուտքի սահմանափակման վերացման մասին, ու չնայած ներկայացված փաստաթղթերին և բացատրություններին՝ թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան։ Գրողը մեզ փոխանցեց, որ, ունենալով սիրտանոթային համակարգի խնդիրներ, ստիպված է եղել գիշերն անցկացնել առանց հանգստանալու, իսկ օդանավում իրեն տեղավորել են ամենաանհարմար տեղում։ Միջգերատեսչական շփոթի պատճառով արդյունքում տապալվել են մրցանակը և դիպլոմը ստանալը, պլանավորված հանդիպումները, ֆիլմի պրեմիերայի անցկացումը։
«Այժմ Ռուսաստանում բնակվող իմ իրավաբան ընկերները պատրաստել են դիմում, որը պետք է ուղարկեն ՌԴ ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ընդունարան՝ պահանջելով ներողություն խնդրել ինձանից, վերադարձնել այն գումարը, որը ծախսել եմ տոմսի վրա, նաև փոխհատուցել բարոյական վնասը»,- ասաց Ռուբեն Փաշինյանը։ Նա հավելեց, որ Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունի, առաջիկայում չի պատրաստվում մեկնել այդ երկիր, իսկ պատահարի օրը ստացել է բազմաթիվ զանգեր ու նամակներ, որոնցով ներողություն էին խնդրում կատարվածի համար։ Նա ասաց, որ պատրաստվում է իր իրավունքները վերականգնել իրավական ճանապարհով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































