Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մեխանիզմները բավարար չեն, քանի դեռ Հայաստանը տեր չի կանգնում արցախցիների իրավունքներին. Բեգլարյան

Հոկտեմբեր 29,2026 20:45 Share
Աջակցեք aravot.am-ին

«COP17-ի կանաչ գոտում տաղավար ունենալու համար «Արցախ միությունը» և մի շարք այլ արցախյան կազմակերպություններ դիմել են, սակայն բոլորիս մերժել են՝ որևէ հիմնավորում չներկայացնելով։ Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ արցախամերժության և ադրբեջանական հանցագործությունների լեգիտիմացման տեսանկյունից, համոզմունք կա, որ նրանց միջամտությունն է եղել պատճառը, որպեսզի Արցախի թեման COP17-ում ինստիտուցիոնալ առումով հնարավորինս չներկայացվի, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների մակարդակով»,- այսօր «Միջազգային հանձնառություններն ու ազգային օրակարգը COP17-ի համատեքստում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ COP17-ի օրակարգային հարցերից մեկը եղել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների թեման, և հենց այդ պատճառով Արցախը պետք է ներկայացված լիներ, առավել ևս, որ միջոցառման հյուրընկալողը Հայաստանն է։

«Բացի Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների քննարկումից՝ պետք է ներկայացնեինք նաև Արցախի բնական լանդշաֆտի դեմ տեղի ունեցած և տեղի ունեցող հանցագործությունները, թե ինչ է Ադրբեջանն անում օկուպացիայի ներքո»,- նշեց Բեգլարյանը։

Բեգլարյանը նկատեց, որ Ադրբեջանը Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ շարունակական ցեղասպանական հանցագործություններ է կատարում։

«Շատ բան կար ներկայացնելու, և սա պարզապես իրազեկման հնարավորություն էր՝ միջազգային տարբեր կառույցների ու որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրելու, գուցե նաև դրա միջոցով կոնկրետ փաստաթղթերի ընդունման և որոշումների կայացման հասնելու համար»,- ասաց նա։

Բեգլարյանի խոսքով՝ արցախցիները միակը չեն, որոնց խնդիրների վրա միջազգային հանրությունը աչք է փակում։

«Ստանդարտները երկակի չեն, բազմակի են։ Որոշում կայացնողները, հատկապես կառավարությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ դիվանագետները, միշտ հղում են անում պետական մարմինների կամ գործընկեր պետությունների կառավարությունների որոշումներին։

2021 թվականից հետո քանի՜ անգամ եմ տարբեր դիվանագետների հետ հանդիպումներ ունեցել Հայաստանում և այլ երկրներում, քանի՜ անգամ եմ բարձրացրել իրավունքների հարցը, այդ թվում՝ վերադարձի իրավունքը, մշակութային ժառանգության պահպանության հարցը և այլն։ Ուղիղ հղում են արել ՀՀ կառավարության դիրքորոշումներին՝ ասելով, որ համագործակցում են նրա հետ, իսկ վերջինիս դիրքորոշումն այն է, որ խաղաղության գործընթաց է ընթանում և այլն։

Որևէ կերպ հաշվի չեն առնում նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանները։ Հետևաբար, մենք՝ որպես քաղաքացիական հասարակություն, պետք է առավելագույնս բարձրաձայնենք մեր խնդիրները, անհանգստացնենք նրանց, օգտագործենք բոլոր միջազգային մեխանիզմները։ Դրա միջոցով որոշակի արդյունքների կհասնենք, բայց դրանք ռազմավարական արդյունքներ չեն ապահովի, քանի դեռ Հայաստանը՝ որպես պետություն, տեր չի կանգնում Արցախի ժողովրդի իրավունքներին»,- եզրափակեց Բեգլարյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031