Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագիտական պատասխաններ

Սեպտեմբեր 24,2003 00:00

Դիվանագիտական պատասխաններ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Աշոտ Քոչարյանի երեկվա մամուլի ասուլիսը նվիրված էր արդեն պատմության գիրկն անցած թեմաների՝ Ռոբերտ Քոչարյանի Բուլղարիա կատարած պաշտոնական այցին, Յալթայի գագաթաժողովին եւ Լիտվայի նախագահի՝ հայաստանյան այցին։ Ուստի ներկայացնենք դրանց տրված Աշոտ Քոչարյանի պատասխանները։ Երրորդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը նախագահ Ռ. Քոչարյանի ելույթում կարեւորվեց ընդդիմության դերն ու նշանակությունը իշխանության կառուցողական գործունեության մեջ, մասնավորապես ընդգծվեց, թե լավ ու արդյունավետ աշխատելու համար իշխանությունը միշտ պետք է իր թիկունքին զգա ընդդիմության շունչը։ «Առավոտը» երեկ փորձեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակից իմանալ՝ արդյո՞ք իշխանությունն իր թիկունքին զգում է հիշյալ շունչը։ Բնականաբար, շունչ պիտի լինի, որ դա որեւէ մեկը զգա։ Բայց այդպես պատասխանելու փոխարեն, պրն Քոչարյանը մեղքը գցեց տարվա եղանակների վրա. «Հաշվի առնելով, որ ամառային շրջանը նոր է ավարտվել եւ նոր է ակտիվանում քաղաքական կյանքը, ապա, իսկապես տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը փորձեց առավել մանրամասն պատասխան ստանալ կոալիցիոն կառավարությանը՝ փոխնախարարների եւ վարչության պետերի նշանակմանը վերաբերող հարցին։ Նախագահի մամուլի խոսնակը պարզաբանեց. «Ինչ վերաբերում է նշանակումներին եւ այլն, չեմ կարծում դա այսպես քննարկումների հարց է, աշխատանքային հանդիպումների ժամանակ գուցե կարելի է ավելի մանրամասն խոսել դրա մասին»։ Լրագրողներին հետաքրքրում էր, թե հարցն ի՞նչ փուլում է եւ կշարունակվե՞ն երկկողմանի հանդիպումները, այս անգամ արդեն՝ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։ Որքանո՞վ է հավաստի, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ են ներկայացվել եռանախագահողների կողմից եւ մինչեւ ե՞րբ բանակցային կողմ չի դիտվելու Ղարաբաղը եւ այլն։ Նախագահի մամուլի խոսնակն ասաց. «քանի որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Օսկանյան-Գյուլլ հերթական հանդիպումը, սպասենք, դա կլինի ամսի 25-ին, եւ, երեւի, ընդհանուր նոր զարգացումներ լինեն։ Ինչ վերաբերում է հանդիպումների ֆորմատին, ապա, բնականաբար, պետք է սպասենք Ադրբեջանի նախագահական ընտրությունների ավարտին»։ Մամուլի խոսնակն ասաց նաեւ, որ «բնականաբար, ցանկալի է, որ ԼՂՀ-ն լինի բանակցային կողմ, եւ դրա մասին նաեւ հայտարարել է ՌԴ-ի կողմից նշանակված նոր համանախագահ պրն Մերզլյակովը, բայց, ամեն դեպքում, պետք է ասել, որ Հայաստանի ներկայությունը բանակցային գործընթացում ավելի մեծ կշիռ եւ արդյունավետություն է տալիս գործընթացին»։ Յալթայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նախագահների եւ վարչապետների հանդիպման ընթացքում, առանձին հանդիպում տեղի չի ունեցել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վ. Պուտինի միջեւ։ Արդյո՞ք սա նշանակում է հարաբերությունների սառեցում։ Ոչ, չի նշանակում, ըստ ՀՀ նախագահի մամուլի խոսնակի. «պարզապես աշխատանքային օրացույցում տեղ չգտնվեց հանդիպման համար»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել