Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂՎԱԾ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ

Սեպտեմբեր 24,2003 00:00

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂՎԱԾ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունն այսօր կհատի եզրագիծը։ Մրցաշարը ցույց տվեց, որ բոլոր շախմատիստներն էլ մարտականորեն են տրամադրված։ Դրա ապացույցը խաղացված պարտիաների արդյունավետության մեծ տոկոսն է։ ՈՒրախացնում է, որ մրցակցությունը սուր է ընթանում մի կողմից մեր ներկայիս երիտասարդ, բայց արդեն բարձր կարգ ու բավականաչափ մրցափորձ կուտակած վարպետների, մյուս կողմից՝ շախմատային մեծ ճանապարհին առաջին քայլերն անող շախմատիստների միջեւ։ Պայքարն անհաշտ է ոչ միայն չեմպիոնության ու մրցանակային տեղերի, այլեւ՝ դրա արդյունքում հավաքականի մեկ թափուր տեղի համար։ Եվ եթե առաջատարներն իրենց առջեւ դրել են հատկապես վերջին խնդիրը լուծելու հարցը, մյուսները նպատակ ունեն լրացնել սահմանված նորմաները, բարձրացնել կոչումն ու կարգը։ Այստեղ հատկապես կարելի է նշել Արման Փաշիկյանին։ Այս երիտասարդը, որից մի երկու տուր առաջ սպասում էին, որ կարող է լրացնել միջազգային վարպետի նորմա, առաջնության ավարտին նա ընդհուպ մոտեցել է գրոսմայստերի նորմայի սահմանագծին։ Դրա համար նրանից պահանջվում է վերջին երկու պարտիաներում վաստակել մեկ միավոր։ Բայց դրանից առաջ արդեն լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման, որի համար պահանջվում էր 4,5 միավոր։ Միայն ուրախանալ կարելի է, որ Հայաստանի առաջնությունը, թեեւ ուժեղագույն մի քանի գրոսմայստերների բացակայությամբ, անցնում է բարձր մակարդակով։ Արդար լինելու համար պետք է փաստել նաեւ, որ մասնագետների գնահատմամբ մասնակիցները հաճախ են սխալ քայլեր կատարում, չեն կարողանում ավելի ճիշտ շարունակություններ գտնել։ Բայց դրանց կողքին էլ եղել են հետաքրքիր ու գեղեցիկ պարտիաներ։ Իսկ երեկ 8-րդ՝ նախավերջին տուրում առաջնության միանձնյա առաջատար Գաբրիել Սարգսյանը եւ երկրորդ տեղում ընթացող Արման Փաշիկյանը ռիսկի չդիմեցին եւ համաձայնեցին ոչ-ոքիի։ Միմյանց չնեղացրին նաեւ խաղատախտակի առջեւ ու կյանքում վաղեմի մրցակից-բարեկամներ Աշոտ Անաստասյանը եւ Արսեն Եղիազարյանը։ Կարեն Ասրյանը կարեւոր միավոր վաստակեց Արտաշես Մինասյանից, Տիգրան Պետրոսյանը՝ Գեւորգ Հարությունյանից։ Հերթական պարտությունը կրեց առաջնության միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը։ Այս անգամ նա զիջեց Տիգրան Պետրոսյանին։ Վերջին տուրից առաջ մրցանակային աղյուսակն այսպիսի տեսք ունի։ 1. Սարգսյան՝ 6 2. Փաշիկյան՝ 5,5 3-4. Անաստասյան՝ 5 3-4. Ասրյան՝ 5 5. Մինասյան՝ 4,5 6-7. Եղիազարյան՝ 4 6-7. Պետրոսյան՝ 4 8. Գալստյան՝ 3 9. Հարությունյան՝ 2 10. Մկրտչյան՝ 1 Վերջում տեղեկացնենք, որ հայ շախմատիստները մարզասերներին ուրախացնում են ոչ միայն Երեւանում։ Չեռնոգորիայում վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանը մինչեւ 10 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Սա Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի նմանատիպ ձեռքբերումներից հետո առաջին հաջողությունն է։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել