Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍ ԿԱ, ՈՐ «ԱՐՄԵՆՏԵԼԻՑ» ԿԱԶԱՏՎԵՆՔ

Սեպտեմբեր 27,2003 00:00

ՀՈՒՅՍ ԿԱ, ՈՐ «ԱՐՄԵՆՏԵԼԻՑ» ԿԱԶԱՏՎԵՆՔ ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը, որը վարեց «ԱրմենՏելի» կողմից լիցենզիայի դրույթների ախտման հարցով բաց ժողովը, երեկ այդ ընկերության բացակայության պայմաններում հրապարակեց իր եզրակացությունը: Իր բացակայությունը պարոն Մուրադյանին «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը բացատրել է նախօրոք ծրագրված այցով՝ Վրաստանում գտնվելու հանգամանքով: Սակայն ընկերության մյուս տնօրենների բացակայությունը վկայում էր բոյկոտի մասին: Առավել եւս, որ այս վարույթի օրինականությունն «ԱրմենՏելը» կասկածի տակ էր առնում ի սկզբանե: Բացի այդ, Էդվարդ Մուրադյանը երեւի օրը կհարմարեցներ համապատասխան խնդրանքի դեպքում: Բաց Ժողովը նախագահողի եզրակացությունը կառավարության համար խորհրդատվական նշանակություն ունի, «ԱրմենՏելի» համար պարտադիր կատարման ենթակա չէ: Բայց Կառավարության համար այն հիմք է առաջարկվող սանկցիաները կիրառելու համար: Իսկ երեկ հրապարակված եզրակացության պարագայում կառավարությունը հանգիստ կարող է իրագործել ծրագրվածը՝ զրկել մենաշնորհից: Այսպիսով, ժողովը նախագահողի եզրակացությունը վեցից միայն երկու կետով է անհամաձայնություն հայտնում կառավարության պնդումներին ու մեղադրանքներին: Պարոն Մուրադյանն անհիմն է գնահատել կառավարության այն մեղադրանքը, թե «ԱրմենՏելն» ի վիճակի չի լինի «խելամիտ առեւտրային ռեսուրսների գործադրմամբ ապահովել հեռախտության պարտավորված մակարդակը»: Խոսքը Երեւանից դուրս չորս կայանների տեղադրման եւ 800 գյուղերի թվայնացման մասին է: Հաջորդ կետը, որով բաց ժողովը համաձայն չէ կառավարության հետ, ներդրումների չկատարման հարցն է, որին Է. Մուրադյանն անգամ չի անդրադարձել, որովհետեւ պարտավորությունն OTE-ինն է, ոչ թե «ԱրմենՏելինը»: Մնացած մեղադրանքների հարցում պարոն Մուրադյանը համամիտ է կառավարության հետ, որին մի շարք սանկցիաների կիրառման առաջարկություն արեց: Ինտերնետ ծառայությունների, միջազգային ելքի, բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման բացառիկ իրավունքներն առաջարկեց ձեւակերպել որպես ոչ բացառիկ: Պարոն Մուրադյանը միաժամանակ ծառայություններ մատուցելու կարգի վերաբերյալ մի շարք առաջարկություններ արեց կառավարությանը, որոնք «ԱրմենՏելի» կողմից կատարվելու դեպքում ընկերության ծառայությունների մատուցման մակարդակը կհամապատասխանեցվի միջազգայինին: Գաղտնիության իրավունքի խախտման մասով, եզրակացությանը համաձայն, «ԱրմենՏելն» ամենայն հավանականությամբ, այսուհետ ստիպված կլինի անջատել այն սարքավորումները, որոնք նպաստում էին տեղեկությունների հաղորդման գաղտնազերծմանը: Էդվարդ Մուրադյանն անդրադարձել էր նաեւ ներկայացված ապացույցների հիմնավորվածությանը: Նա իր եզրակացությունը կազմեց այնքան գրագետ ու մանրակրկիտ, ինչպես վարել էր բաց ժողովը: «ԱրմենՏելը» պաշտպանվեց այնպես, ինչպես կառավարել էր իր բիզնեսը: Կառավարությունը մեղադրեց այնպես, ինչպես միջազգային ստանդարտներն էին պահանջում: Կառավարությունը ներկայացնող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ եզրակացությանը ծանոթանալուց հետո կանի իր մեկնաբանությունները: Իսկ սակագների անհիմն բարձրացում, ըստ նախարարի, չի սպառնում, որովհետեւ հաշվի առնելով գերշխող դիրքի հանգամանքը, համապատասխան մարմնի կողմից կվերահսկվի: Նա ասուլիսով հանդես կգա երկուշաբթի: Տրանսպորտի եվ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ բազմաթիվ հեղինակավոր օպերատորներից Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում աշխատելու առաջարկներ են ստացվել: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ «ԱրմենՏելից», սակայն բջջային «որակյալ» կապի պատճառով դա չհաջողվեց:8217 ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել