Լրահոս
Օրվա լրահոսը

Տո, մենք՝ հեչ, գաղափար ա կորչում

Դեկտեմբեր 12,2003 00:00

Տո, մենք՝ հեչ, գաղափար ա կորչում Այլեւս որեւէ կասկած չկա, որ ամենամոտ ապագայում հարեւան հանրապետությունում կհանգրվանեն ԱՄՆ ռազմաբազաները։ Այս մասին, արդեն պաշտոնապես, Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը։ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի մոսկովյան նիստի ժամանակ վերջինս նաեւ հաղորդել է, թե այդ հարցն առաջիկայում դառնալու է Ադրբեջանի կառավարության քննարկման առարկա։ Ուղղակի հիացմունք է պատճառում այն քաղաքական հետեւողականությունը, որով Ադրբեջանը դանդաղ, բայց նպատակասլաց կերպով, առանց ավելորդ ցուցադրականության եւ վնասակար աղմուկի, մեկը մյուսի հետեւից կյանքի է կոչում երկրի ռազմավարական շահերի իրականացմանն ուղղված հստակ ծրագրեր։ Այն պարագայում, երբ Վրաստանի երբեմնի նախագահ Շեւարդնաձեն ընդամենը Թբիլիսի էր հրավիրում մի քանի տասնյակ ամերիկյան ռազմական տեսուչների՝ հակաահաբեկչական ստորաբաժանումների մարտիկներին ուսուցանելու նպատակով, Մոսկվան դրան արձագանքում էր «անհայտ ինքնաթիռների» կողմից Պանկիսի կիրճի մերձակա վրացական գյուղեի ռմբակոծությամբ կամ վրաց- աբխազական շփման գծում իրավիճակի կտրուկ սրմամբ։ Միեւնույն ժամանակամիջոցում Բաքուն շատ ավելի հեռուն էր գնում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը խորացնելու հարցում, այդ նույն ընթացքում հաջողացնելով չկորցնել նաեւ Կրեմլի բարեհաճությունը՝ փաստորեն ստեղծելով այնպիսի վիճակ, որ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանն ուղղակի մրցակցեն, թե ով ավելի շահավետ կհամագործակցի Ադրբեջանի հետ։ Ահա եւ քեզ իսկական «քոմփլեմենթարիզմ»՝ բառիս ադրբեջանական ընկալմամբ։ Դրա արդյունքում, համատեղելով հաճելին օգտակարի հետ, Ադրբեջանը տեւական ժամանակահատվածով ապահովում է իր ազգային անվտանգությունը, զուգահեռաբար ակնկալելով ռեալ եւ վիթխարածավալ տնտեսական դիվիդենդներ։ Մեզ մնում է միայն համադրել մի քանի հանգամանքներ՝ մեկնաբանությունները թողնելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ կայանալիք հաջորդ փակ նիստի մասնակիցներին։ Այսպես։ Ադրբեջանում տեղակայվում են ամերիկյան ռազմաբազաներ, ինչի դիմաց այս երկրի բյուջեն սկսում է համալրվել բավականաչափ կլորիկ վարձակալական գումարներով։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է մուծել իր տարածքում այլեւս անհասկանալի նպատակներով տեղակայված ռուսական զորքերի կոյուղու եւ ջեռուցման վարձերը։ Ադրբեջանում ամերիկյան զինուժն ամբողջությամբ իր վրա է վերցնում «Բաքու-Ջեյհան» նավթատարի հուսալի պաշտպանությունը, իսկ դրա գործարկումն, ինչպես հայտնի է, սկսած 2005թ., տարեկան այս երկրի համար ապահովում է 4 մլրդ դոլարի բյուջե։ Հայաստանն, իհարկե, հետ չի մնում։ Նա, ինչպես եւ ՀԱՊԿ անդամ մնացյալ երկրները, ինչ-որ գումարներ է տնտեսում Ռուսաստանից էժան զենք գնելու գործարքից, սակայն այլեւս անհայտ է, թե ում դեմ է ՀՀ-ն գործարկելու այդ զենքը, քանզի դրանով վախեցնել Ադրբեջանին, նույնն է, թե՝ «հաթաթա» տալ ԱՄՆ-Ադրբեջան ռազմական դաշինքին։ Եվ սա դեռ բոլորը չէ։ Իրավիճակի ծիծաղելիությունը (արցունքների միջից) այն է, որ Ադրբեջանին տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար է մուծվելու (եւ այժմ էլ մուծում է) մեր անզուգական հովանավոր Ռուսաստանը՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը վարձակալական հիմունքներով շահագործելու դիմաց։ Բայց վհատվելու կարիք չկա. անկանխատեսելի տնտեսություն ունենք, մեկ էլ տեսար այնպես աճեց, որ մեր բոլոր չուզողները տարածաշրջանից փախչեն։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել