Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՆԱՍԱՐԻ ԳՈՐԾԸ»

Դեկտեմբեր 12,2003 00:00

«ՍԱՆԱՍԱՐԻ ԳՈՐԾԸ» Նախաքննությունը դեռ ավարտված չէ Նոյեմբերի 22-ի «Առավոտում» «Խարդախի գործը չի՞ հասնի դատարան» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ ոմն Սանասար Ալեքսանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, որի վարույթը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Քննիչն է Արմեն Նադիրյանը։ Ընթերցողին տեղեկացրել էինք նաեւ, որ Ս. Ալեքսանյանը 1996-2003թթ. «չարաշահելով լիազորությունները, իր բազմապիսի ՍՊԸ-ների միջոցով յուրացրել է 990 հազար դոլար»։ Հիշատակություն կա մասնավորապես այն մասին, որ «Ռոսվնեշտորգի» կողմից իբրեւ նվիրատվություն ՀՀ ոստիկանությանն է առաքվել 130 հազար դոլար արժողությամբ պարկուճադիտակ։ Պարզ տրամաբանությամբ, յուրացրած գումարի արդյունքում Ս. Ալեքսանյանի գործով պետք է լինեին նաեւ տուժողներ։ Այդ հարցը ճշտելու համար էլ հրապարակումից մեկ օր առաջ, նոյեմբերի 21-ին, հեռաձայնել եմ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Գուրգեն Ամբարյանին, որը տեղեկացրել է. «Ս. Ալեքսանյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել, քննությունն ավարտական փուլում է»։ Իսկ մեր հաջորդ հարցին, թե՝ տուժողներ կա՞ն, մասնավորապես՝ ոստիկանությունը, նա արտաբերեց. «Ոստիկանությունը տուժող չի կարող համարվել, քանի որ Ալեքսանյանը, ըստ գործի նյութերի, նրանց գումարներ է տվել»։ Վեճի վերածվող իմ հարցուպատասխանի ժամանակ էլ իմացել եմ, որ այս գործով անցնում է Նորիկ Մուրադյանը։ ԽՍՀՄ նախկին ժողպատգամավոր, Սպիտակ ի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանը երկու օր առաջ «Առավոտում» էր՝ նոյեմբերի 25-ին տպագրված «Մեղադրվում է նաեւ Նորիկ Մուրադյանը» լուրի առնչությամբ։ Մենք գլխավոր դատախազությունից ստացած տեղեկությունն էինք տպագրել, որ սույն քրգործով «անմասն» չի մնացել նա։ Սակայն գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Ա. Նադիրյանը Ռուսաստանի Դաշնության «Ինվեստ վնեշտորգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նորիկ Մուրադյանին դեկտեմբերի 1-ին ուղարկել է հետեւյալ գրությունը. «Հայտնում եմ, որ վարույթումս քննվող ՌԴ «Ռոսվնեշտորգ» ԱՏՄ ՀՀ ներկայացուցչության պաշտոնատար անձանց չարաշահումների փաստի առթիվ հարուցած թիվ 62200903 քրեական գործով ձեր նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել եւ խափանման միջոց չի ընտրվել։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»։ Գրությունն ուղարկվել էր Ն. Մուրադյանի նոյեմբերի 27-ի դիմումին ի պատասխան։ Գլխավոր դատախազությունը կարող էր նույնքան բարեկիրթ գտնվել եւ քրեական հետապնդման մասին մեր լուրի հետ կապված թերթին տրամադրեր նույնպիսի գրավոր պատասխան կամ արձագանք (ինչպես վարվում է դատախազության այս կամ այն աշխատակցի դղյակը մեր թերթում տեսնելուց հետո)։ Փաստորեն, թյուրիմացություն է առաջացել գլխավոր դատախազության լրատվական ծառայության պատճառով։ Նորիկ Մուրադյանը «Առավոտին» տրամադրեց «Թամար տատիկ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնակատար Վ. Գրիգորյանի գրությունը, որը հայտնել էր, թե դադարեցնում է միմյանց միջեւ կնքված 1 մլն դոլարի պայմանագիրը՝ կապված «Առավոտի» հրապարակման հետ։ Ն. Մուրադյանը մեզ տրամադրեց նաեւ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ուղղված իր նամակը։ Այդ նամակում նա խնդրել էր ոստիկանապետից տնտեսական հանցագործության վարչության միջոցով կատարել համապատասխան ստուգումներ եւ քննություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության կանչելու եւ վերականգնելու ՌԴ-ին պատճառած վնասը։ Այդ նամակում տեղեկացվում է, որ 1994թ. «Ռոսվնեշտորգ» են դիմել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ս. Հարությունյանը եւ ՌԴ ՀՀ դեսպանատան խորհրդատու Ռիբալչենկո Անատոլի Եվգենեւիչը՝ «ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու նպատակով Երեւանում ներկայացուցչություն բացելու համար»։ ՌՎՏ-ի նախագահն Ն. Մուրադյանին է հանձնարարել զբաղվել վերոնշյալ հարցով՝ որպես նախագահի տեղակալի։ «1994-96թթ. միլիոնավոր դոլարի ժողովրդական սպառման ապրանքներ է ուղարկել Երեւանի ներկայացուցչություն։ Ներկայացուցչության պատասխանատու Ս. Ալեքսանյանը, օգտագործելով «Ռոսվնեշտորգի» անվան տակ նախկինում գործողություններ իրականացնելու հանգամանքը, կազմակերպել է «Ռուսա-3» ֆիրման, պետական միջոցները լվանալու նպատակով, որի միջոցով կազմակերպել է մի շարք մախինացիաներ հիմնարկների եւ բազաների հետ, որտեղ գտնվում էին մեր ապրանքները։ Ստանալով մեծ գումարների ապրանքներ, մուտք ցույց չի տվել, ձեռք բերելով կանխիկ գումար, յուրացումներ է կատարում ու հափշտակում»,- հայտնել է Ն. Մուրադյանը ոստիկանապետին ուղղված իր նամակում։ Ի դեպ, այդ գրությանը կցված էր նաեւ յուրացված ապրանքների ցանկը, մասնավորապես՝ խոսքը իրանական «Ջամեգա» ֆիրմայից ստացված 997.000 դոլարի սննդամթերքի, ֆրանսիական պարֆյումերիայի եւ իտալական սպագետտիի՝ (772.533 դոլարով կամ 33.862.668 ֆրանսիական ֆրանկով), 277.000 դոլարի առաքված հավի բդերի, ՀՀ ՊՆ առաքված 829.000 դոլարի ծխախոտի մասին է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել