Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳԻՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԻ ԾԱՌԱՅՈՒՄ

Դեկտեմբեր 17,2003 00:00

ԾՐԱԳԻՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԻ ԾԱՌԱՅՈՒՄ Աշխատանքից ազատվել է 1967թ. բացված թիվ 136 դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Լիդա Գրիգորյանը: Վերջինս 1999թ. ճանաչվել է տարվա լավագույն ուսուցչուհի, իսկ 2001-ին՝ քաղաքապետարանի կրթության վարչության կողմից արժանացել է պատվոգրի՝ մանկավարժական ստեղծագործ աշխատանքի եւ նվիրումի համար: Լ. Գրիգորյանը կենսաբանության ուսուցչուհի էր, ուներ դասղեկական դասարան, որ պետք է ավարտի 3 տարի անց, եւ ուսուցչուհին ուզում էր գոնե «ավարտացնել» իր դասարանը: Բայց այդ ամենն, իհարկե, բավարար չէ, որպեսզի ուսուցիչը օպտիմալացման տակ չընկնի: Տվյալ դեպքում կրճատումը ձեւականորեն արդարացված է. ուսուցչուհին թոշակառու է: Բայց ինչպես Լ.Գրիգորյանի՝ ԿԳ նախարարությանը հղած նամակում է նշվում, խոսքն այս դեպքում խնդրի բարոյական կողմի մասին է: Ու նաեւ նրա, որ երբեմն թոշակի տարիքի ուսուցչի ասելիքն ավելի շատ է: Լ. Գրիգորյանը մեջբերում է թերթերից մեկում Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի խոսքերն այն մասին, որ աշխատանքից պետք է ազատել այն թոշակառուներին, ովքեր ասելիք չունեն: Եվ իրավացիորեն նշում, որ այս էլ որերորդ տարին թմբկահարվում է, թե բուհական ընդունելության քննություններում դիմորդները գիտելիքների շատ ցածր մակարդակ են ցուցաբերում հատկապես կենսաբանություն առարկայից: «Եվ դրա պատճառը դպրոցի երիտասարդ ուսուցչական կադրերի գիտելիքների ոչ բավարար մակարդակն է ու սխալ կրճատումների արդյունքը»: Փաստորեն, բոլոր ուսուցիչների մակարդակը գնահատում է տնօրենը: Այսօր կան շատ դպրոցներ, որտեղ թոշակի տարիքի ուսուցիչներ են դասավանդում: Եվ նրանց շատ հաճախ հնարավոր չէ փոխարինել երիտասարդ կադրերով: Մյուս կողմից էլ՝ շատ տնօրենների համար ավելի հեշտ է գործ ունենալ «շուկայական մեխանիզմների» մեջ խորացած երիտասարդ կադրերի հետ, քան «դրամահավաքներով» ու «մասնավոր պարապմունքներով» չզբաղվող (կամ՝ եթե իրերն իրենց անունով կոչենք՝ կաշառք չվերցնող) ավագ սերնդի դասատուների: Վերադառնալով կոնկրետ այս դեպքին, ասենք, որ թիվ 136 դպրոցի տնօրեն Գրետա Թունյանը զարմանքով լսեց այն մասին, որ ինչ-որ մեկը դժգոհ է իր վերաբերմունքից. «Մենք նույնիսկ հավաքույթ ենք կազմակերպել աշխատանքից ազատված ուսուցիչների համար»,- ասաց նա, եւ բնավ չնվաստացնելով նախորդի վաստակը՝ ավելացրեց, որ Լ. Գրիգորյանին այժմ փոխարինում է 2 դիպլոմ ունեցող երիտասարդ կադր: Պարզապես տնօրենը կարծում է, որ ժամանակն է տեղ տալ երիտասարդ կադրերին: Թերեւս միամտություն կլինի այս հարցում պահանջել հաշվի նստել նաեւ աշակերտների կարծիքի հետ: Թեկուզ միայն նրա համար, որ հիմա աշակերտներին (ու նրանց ծնողներին) էլ է հարմար հարցերը լուծել նորօրյա օրենքներով աշխատող ուսուցիչների հետ: Բայց, ի վերջո, եւս մեկ անգամ հիշենք, որ «օպտիմալացման ծրագիր» կոչվածն իրականում բարեփոխումների ծրագիր է, ինչի վերջնական նպատակն է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական մակարդակ ձեռք բերելը: Այսինքն՝ ամեն գնով բարձրացնել կրթական որակը, եւ ոչ՝ ամեն գնով եւ ամենակարեւորը՝ որակի հաշվին, բարձրացնել ուսուցչի աշխատավարձը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել