Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՈՐԾԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ

Հունվար 14,2004 00:00

ԿԳՈՐԾԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ Փետրվարի 16-ին տեղի կունենա «Ազատական առաջադիմական» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը (ԱԺ նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ում օրոք Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին) երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե նոր ստեղծվելիք կուսակցությունը կգործի ընդդիմադիր դաշտում։ Պրն Հովհաննիսյանն առայժմ խուսափեց հրապարակել կուսակցությանն անդամակցելու մտադրություն եւ պատրաստակամություն հայտնած անձանց անունները, սակայն ասաց, որ կուսակցությանը կանդամակցեն նաեւ մի շարք գործարարներ. «Համագումարը կընտրի կուսակցության առաջնորդին, ես առայժմ նախաձեռնող խմբի ղեկավարն եմ։ Տարբեր շերտերից մարդիկ կան, ովքեր կդառնան կուսակցության անդամ։ Կան հայտնի անուններ, կան անհայտ անուններ։ Ես ամեն ինչ պիտի անեմ, որ կուսակցությունը լինի խորքային կուսակցություն, ունենա գաղափարախոսություն, չլինի «ֆասադային» կուսակցություն»։ Ընդդիմադիր դաշտի համախմբման գործընթացներին «Ազատական առաջադիմական» կուսակցությունը կարո՞ղ է կամ մտադի՞ր է որեւէ մասնակցություն ունենալ։ Մեր այս հարցին պատասխանելով պրն Հովհաննիսյանն ասաց, որ ընդդիմադիր դաշտի համախմբման մասին ինքը թերթերից է իմացել եւ առայժմ «այս պահին մենք դեռ լեգիտիմ կուսակցություն չենք, որ նման հայտարարություն անենք, մենք կգրանցվենք եւ այդ գործընթացը կշարունակվի, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք»։ Կուսակցության ֆինանսական միջոցները կգոյանան անդամավճարներից, ներդրումներից եւ որոշ գործարարների աջակցությունից, ինչպես տեղեկացրեց Հովհաննես Հովհաննիսյանը. «Ֆինանսական հնարավորությունները ցանկացած կուսակցության համար պրոբլեմ է, մանավանդ, երբ այն իշխանամետ կուսակցություն չէ եւ չի օգտվում իշխանության հնարավորություններից։ Բայց մեր երկրի ապագան, մեր պետության եւ մեր բոլորի ապագան շատ ավելի կարեւորում ենք եւ պատրաստ ենք ֆինանսական սուղ պայմանների դեպքում անգամ աշխատել»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել