Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ն գործում է փոխզիջումներով

Հունվար 15,2004 00:00

ՀԲ-ն գործում է փոխզիջումներով Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը շատ լարված է համարում վերջին 6 ամիսների ՀԲ-ի աշխատանքը Հայաստանում: Ըստ պրն Ռոբինսոնի, մոտակա կես տարվա համար ՀԲ-ն նույնպես լարված օրակարգ ունի: Հունվարի 22-ին ՀԲ տնօրենների խորհրդում կքննարկվի կրթական երկրորդ ծրագիրը, որը ներառելու է ՀԲ-ի ներգրավվածությամբ՝ Հայաստանի կրթական համակարգի 4-5 տարվա աշխատանքային ծրագիր: Այս ծրագրով նախատեսված դպրոցների օպտիմալացման (ավելի պարզ ասած՝ ուսուցիչների կրճատման) մասին խոսելով, պրն Ռոբինսոնը նշեց, որ այսօր Հայաստանում չկա ուսուցիչների այն պահանջը, ինչ 10 տարի առաջ էր, «միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ կան մարդիկ, որոնք բացի ուսուցչությունից, ոչ մի ուրիշ գործ չեն կարող անել: Կրթության նախարարությունը փորձում է ծրագիրն իրականացնել հնարավորինս քիչ ցավ պատճառելով»: Առաջիկա 6 ամիսների նոր ծրագրերը կարժենան 75 մլն ԱՄՆ դոլար: Ընթացիկ ծրագրերի ընդհանուր արժեքը կկազմի 215 մլն, որից 110-ը դեռ պետք է վճարվի: Իսկ 1992-ից ի վեր, երբ Հայաստանը միացավ ՀԲ-ին, 30 ծրագրերի համար Հայաստանին տրամադրվել է 735 մլն դոլար: Խնդրահարույց ծրագրերից նշվեց Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որ դեռեւս ընթացքի մեջ է: Անբավարար է գնահատվել ձեռնարկությունների զարգացման ծրագիրը. «մեզ չհաջողվեց հզորացնել բանկային այն կառույցներին, որոնք վարկային գծերի միջոցով ձեռնարկություններին դրամական միջոցներ են տրամադրում», – խոստովանեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը: Հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիրն, ըստ պրն Ռոբինսոնի, ավելի լավն է, քան նախկին՝ միջանկյալ տարբերակը: Որովհետեւ սա հստակ գործողությունների օրակարգ ունի: «Ես ակնկալում եմ, որ այս ծրագիրը կհանգեցնի կոռուպցիայի նվազեցմանը: Բայց կվերացնի՞ արդյոք այն՝ ոչ: Կոռուպցիայի արմատախիլ անելը ժամանակ կպահանջի: Այն չի վերացվի, պարզապես պետք է շարունակական կերպով նվազեցվի»: 2003 թ. հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կոռուպցիայի հարցում Հայաստանը բոլոր երկրների շարքում 78-րդն է, այն դեպքում, երբ Վրաստանի ու Ադրբեջանի ցուցանիշներն ավելի վատն են՝ նրանք մոտավորապես 120-130-րդ տեղերում են: Մեզ հետաքրքրում էր՝ արդյո՞ք ՀԲ-ն դժվար է գնում փոխզիջումների՝ կառավարության հետ համագործակցության ընթացքում՝ հաշվի առնելով, որ հաճախ նախարարությունները կարծիք են ստեղծում, թե իրենք ՀԲ-ի կողմից ճնշվողի դերում են: «Համաշխարհային բանկը զարգացման հաստատություն է: Մեր մանդատը եւ մեր օրակարգը շատ պարզ է՝ Հայաստանի ժողովրդի տնտեսական եւ սոցիալական բարեկեցության բարելավում եւ, իհարկե՝ աղքատության վերացում: Այս գործընթացը փոփոխություններ է պահանջում, սա պարզապես փող չէ: Կառավարությունն էլ այն մարմինն է, որ այս փոփոխությունն է իրականացնելու: Մենք փորձում ենք համաձայնության գալ իշխանությունների հետ՝ այս փոփոխությունների եւ դրանց արագության վերաբերյալ: Եվ երբեմն այդ համաձայնության ձեռքբերումը բարդ է լինում, որովհետեւ որոշ փոփոխություններ բարդ են: Եվ երբեմն ամենաբարդ կետը փոփոխությունների արագությունն է, որտեղ որպես կանոն դանդաղում է կառավարությունը: Ամեն դեպքում փոխզիջում կա: Հիմնվելով ամբողջ աշխարհում վերջին 30-40 տարիների մեր գործունեության վրա, կարելի է ասել, որ ՀԲ-ի ծրագրերն ամբողջովին գործում են, երբ լիարժեք համագործակցություն կա՝ իրականացնող մեր գործընկերոջ հետ: Ինչ-որ բանի հարկադրումը վերջին հաշվով չի գործում: Հայաստանի դեպքում փոխադարձ պատկերացում ունենք, եւ դա է պատճառը, որ մեր ծրագրային փաթեթը հաջողված է»,- ասաց Ռոջեր Ռոբինսոնը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել