Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՎԱՆԴ ԳԼԽԻՑ ԱՌՈՂՋԻ ՎՐԱ ՄԻ՛ ԲԱՐԴԵՔ»

Հունվար 29,2004 00:00

«ՀԻՎԱՆԴ ԳԼԽԻՑ ԱՌՈՂՋԻ ՎՐԱ ՄԻ՛ ԲԱՐԴԵՔ» Ընդդիմությանը մեղադրող մեր իշխանավորներին Ստրասբուրգից խորհուրդ է տալիս ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: – Կարելի՞ է դիվանագիտական հաղթանակ գնահատել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւից «այլ» բառի դուրս բերումը: – Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս քննարկումներում, ցավոք, մեր երկրի արտաքին քաղաքականությունը կրեց դաժան պարտություն: Այդ «այլ» բառի քվեարկությանը մասնակցեցին ընդամենը 40 մարդ, որոնցից «կողմ» քվեարկեցին 21-ը, այդ թվում՝ 4-ը Հայաստանի պատվիրակներն էին: Փաստորեն 45 երկրների 313 պատվիրակներից ընդամենը 17-ի քվեարկությամբ որոշվեց մեր երկրի համար հույժ կարեւոր հնչեղություն եւ հետեւանքներ ունեցող հարցը: Սա Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի որդեգրած արատավոր կոմպլեմենտարիզմի քաղաքականության ամենախայտառա՛կ պտուղներից է: Խայտառակություն եմ համարում նաեւ այն, որ Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության արդյունավետության մասին զեկույցում տեղ գտավ այն ձեւակերպումը, թե «ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում, որ առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու գործում»: Քվեարկության դրվեց այս ոչ հայանպաստ ուղղումը եւ «կողմ» քվեարկեցին 75 պատվիրակներ: Համեմատեք սա «այլ» բառի հանման օգտին քվեարկած 17-ի հետ: Անգամ Շավարշ Քոչարյանի առաջարկին «կողմ» քվեարկեցին 14-ը, այսինքն՝ ընդամենը 3-ով պակաս, քան հնարավոր եղավ կորզել ողջ հայկական դիվանագիտության տիտանական ջանքերի շնորհիվ: – Սակայն արդյոք ընդդիմությունը պարտություն չկրե՞ց վստահության հանրաքվեի վերաբերյալ առաջարկի մերժմամբ: -Այդ առաջարկի չընդունման պատճառը հետեւյալն է. ԵԽԽՎ-ն արդեն հերթական անգամ է ապացուցում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցում առաջնորդվում է, ցավոք, երկակի չափանիշներով: Այն է՝ Հայաստանի նախագահի ընտրության ժամանակ տեղի ունեցած խայտառակությունների առջեւ փակեցին իրենց աչքերը, կոծկեցին ԱԺ ընտրությունների խայտառակությունները՝ դրանով իսկ ապացուցելով իմ այն պնդումը, թե Ղարաբաղի հիմնահարցի լուծման վերաբերյալ պարտավորվածություններ են ստանձվել թե՛ Փարիզում, թե՛ Քի-Ուեսթում ու դրանց կատարումը, փաստորեն, պայմանավորում են Ռոբերտ Քոչարյանի եւ Ալիեւի քաղաքականության շարունակությամբ: Ուստի ցանկացած հարցադրում, որ ընդդիմությունն է առաջադրելու մինչեւ այդ հարցի քննարկումը՝ ավա՜ղ, մտավախություն ունեմ, թե կունենա նույն վախճանը: Սա ոչ թե ենթադրություն է, այլ պնդում. մեր առաջարկած բազմաթիվ փոփոխություններից եւ ոչ մեկը չընդունվեց ու դիտարկման հանձնախումբը հայտնեց բացասական կարծիք: Պարզ էր, թե որ հարցի շուրջ ինչ որոշում էր ընդունվելու: Մի դեպք չեղավ, որ հանձնաժողովի կարծիքը մեկ լիներ, իսկ վեհաժողովն ունենար այլ կարծիք: Սա մտածելու տեղիք է տալիս, թե ինչ է կատարվում ժողովրդավարության հետ հենց այստեղ՝ ժողովրդավարություն քարոզող կառույցում: Հարցը հասավ աբսուրդի, եւ դրանով ի հայտ եկավ երկդիմի քաղաքականությունը, երբ ճիշտ եւ ճիշտ նույն առաջարկով հանդես եկան «այլ» բառը հանելու կապակցությամբ ե՛ւ հայկական պատվիրակությունը, ե՛ւ իտալացիները: Նույն առաջարկին մի դեպքում դիտարկման հանձնաժողովը կողմ էր արտահայտվել, մյուս դեպքում՝ դեմ: Այս վերաբերմունքն ապացուցում է, որ Հայաստանը չի ընդունվում որպես ժողովրդավարական երկիր, այլապես չէին հանդգնի վերաբերվել նման արհամարհանքով: – Ինչպե՞ս եք գնահատում ԱԳ նախարարի պնդումը, թե ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը պառակտված է աշխատում, ընդդիմությունն «իր խնդիրներն է առաջ տանում, իշխանափոխության խնդիրը տեղափոխել է Ստրասբուրգ: Մեր, փաստորեն, կեղտոտ լվացքը տարել են այնտեղ»: – Վարդան Օսկանյանի անտեղյակությունը հիացնո՜ւմ է ինձ: Սա նրա հերթական գլուխգործոցներից է: Անտեղյակ է, որ Տիգրան Թորոսյանի, Արմեն Ռուստամյանի դիրքորոշումը պաշտպանել ենք թե՛ ես, թե՛ Շավարշ Քոչարյանը: Ավելին՝ ասվել է, որ եթե ավելի կուժեղանան մեր դիրքերն «այլ» բառի հանման շուրջ նաեւ ընդդիմության տեսակետը հայտնելով՝ մենք պատրաստ ենք: Սակայն փոխանակ ընդդիմությանը մեղադրի եւ պառակտվածության մասին խոսի՝ թող Օսկանյանը հաշվետու լինի հայ ժողովրդին, թե ինչպես է ստացվում, որ 313-ից ընդամենը 17 պատվիրակներ են պաշտպանում Հայաստանի դիրքորոշումը: Մեր այդ բազմաթիվ դեսպանատները՝ իրենցից չափազանց գոհ դեսպաններով ու դիվանագիտական անձնակազմով ինչո՞վ են զբաղված, եթե մեզ թեւ ու թիկունք չեն կանգնում այս բախտորոշ հարցի ժամանակ: Ինչ վերաբերում է «կեղտոտ լվացքն» ասպարեզ հանելուն՝ այստեղ ես ողջունում եմ պրն Օսկանյանի արդարամտությունը. իրոք կեղտը չափազանց շատ է Հայաստանի իշխանական բուրգում: Եվ երբ դա վեր ես հանում, որ կեղտից ազատես երկիրը՝ զայրանում են: Թեեւ՝ իրոք, ողջամտության դրսեւորում է սեփական իշխանության նեխած լինելն ընդունելը: Մենք ականատեսն ենք, որ իշխանությունը ձախողել է Ղարաբաղի բանակցային ողջ գործընթացը, իրեն սպառել արտաքին քաղաքականության բնագավառում եւ հիմա, բնականաբար, արդարանալու էլ ոչ մի միջոց չունի, քան իր մեղքերն ընդդիմության վրա բարդելը: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել