Լրահոս
Օրվա լրահոսը

Համատիրությունները կօգնե՞ն լուծել ջրի հարցը

Հունիս 01,2004 00:00

Համատիրությունները կօգնե՞ն լուծել ջրի հարցը Ջրագծի անմխիթար վիճակը նաեւ մեր՝ սպառողներիս մեղքով է Դեռ երեկ բազմաբնակարան շենքերի խմելու ջրի ներքին ցանցերի եւ կոյուղագծերի սպասարկման պատասխանատուն տարածքային բնակարանային շահագործման տեղամասերն էին։ Դրանք իրականացնում էին տարբեր բնույթի աշխատանքներ, վերացնում էին վթարները, կատարում էին ընթացիկ եւ հիմնանորոգումներ։ Սպառողը շահագործողի աշխատանքի դիմաց հատուցում էր բնակարանի եւ ջրի վարձը մուծելու միջոցով։ Իհարկե, ամեն ինչ չէ, որ արվում էր պահանջվող ծավալներով, արագ ու որակով։ Բայց, այնուամենայնիվ, գործերը մեծի մասամբ առաջ էին տարվում առանց ավելորդ քաշքշուկների։ Վիճակը հիմնավորապես ուրիշ է այսօր։ Ավելի քան 15 տարի է, ինչ բազմաբնակարան շենքերի ներքին ջրագծերն ու կոյուղին հայտնվել են աչքից հեռու, ուշադրությունից դուրս։ Դրանք գրեթե ամբողջովին մաշված, շարքից դուրս եկած են։ Ծորակների, սանհանգույցների անսարքության պատճառով տրված ջրի զգալի մասը հոսում, կորչում է աննպատակ։ Երբեմն մարդիկ նույնիսկ զլանում են փոխել, նորացնել փականների արդեն ոչ պիտանի դարձած ներդիրները, որոնք առանձնապես մեծ ծախսեր չեն պահանջում։ Նման վերաբերմունքը, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկման իսպառ բացակայությունը, հանգեցնում են ջրի հսկայական կորուստների, նկուղային հարկերի ողողմանը, շենքերի հիմքերի խարխլմանը։ Փաստորեն, սպառողների մի մասը ջրագծերի ներքին ցանցի կարգաբերման գործընթացից իրեն դուրս է մղել։ Մյուսները պատրվակ են դարձնում իրենց անվճարունակությունը, իսկ ոմանք էլ, թեպետ միջոցներ ունեն, սակայն չեն կամենում ներդրում կատարել ընդհանուր օգտագործման ցանցում։ Մի կողմից իրենց հեռու են պահում բազմաբնակարան շենքերի բնակիչները եւ փորձ անգամ չեն անում որեւէ կերպ մասնակցել ցանցերի սպասարկմանը, շահագործմանը, մյուս կողմից նրանց հետ պայմանագրեր չեն կնքում համատիրությունները կամ բնակարանային շահագործման այլ կազմակերպությունները։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ԲՇՏ-ները ինքնալուծարվել են, եթե կարելի է այդպես ասել, համատիրություններն էլ տակավին չեն ձեւավորվում կամ խիստ դանդաղ են կայանում։ Համենայնդեպս, վիճակը այդպիսին է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման ոլորտում գտնվող 41 քաղաքներում։ Ստացվում է, հին համակարգն այլեւս գոյություն չունի, նորն էլ չի ստեղծվում եւ բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման ու ջրահեռացման խիստ կենսական նշանակության խնդիրը մնացել է օդից կախված, որը հղի է ծանր հետեւանքներով։ Հարցը համակողմանի լուծում կստանա միայն այն դեպքում, եթե Երեւան քաղաքի օրինակով համատիրություններ (թեպետ այստեղ էլ դրանց զգալի մասը տակավին չի կայացել) ստեղծվեն նաեւ հանրապետության բոլոր քաղաքներում եւ ապահովվի դրանց արդյունավետ աշխատանքը։ Մանավանդ որ, դրա համար առկա են լուրջ նախադրյալներ՝ օրենսդրական մի շարք ակտեր։ Բավական ժամանակ է, որ կյանքի ուղեգիր են ստացել «Համատիրությունների մասին», «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքները, որոնք հստակեցնում են խնդրո առարկա շենքերի ներքին ցանցի սպասարկման, շահագործման գործում համատիրությունների իրավունքներն ու պարտականությունները։ Վերը հիշատակված երկու կարեւորագույն օրենքները գործողության մեջ դնելու ուղղությամբ լուրջ անելիքներ ունեն հատկապես տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս հարցի լուծմամբ խիստ շահագրգիռ պետք է լինեն նաեւ ջուր սպառողները։ ԾՈՎԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել