Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ «ՓՅՈՒՆԻԿԻՑ»

Հուլիս 21,2004 00:00

ԱՄԵՆ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ «ՓՅՈՒՆԻԿԻՑ» Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Երեւան ժամանած Մակեդոնիայի «Պոբեդա» թիմի մարզիչ Դրագան Խրիստովսկին հանդիպեց Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նա բարձր գնահատեց Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի մեկնարկային փուլում Սկոպյեում կայացած «Պոբեդա»-«Փյունիկ» խաղում հյուրերի ցուցադրած խաղի մակարդակը՝ ընդգծելով, որ Հայաստանի չեմպիոնը ժամանակակից թիմ է, ցույց է տալիս արագ ֆուտբոլ, եւ որ բոլոր ֆուտբոլիստներն էլ բարձր տեխնիկա ունեն: Դ. Խրիստովսկին հատուկ առանձնացրեց փյունիկցիների հարձակվող Էդգար Մանուչարյանին՝ նշելով, որ իրեն ամենից շատ մրցակցի կազմում անհանգստացնում է այդ տաղանդավոր ֆուտբոլիստը: Այն հարցին, թե սեփական հարկի տակ կրած 1:3 հաշվով պարտությանն ինչպե՞ս արձագանքեցին տեղի մամուլն ու ֆուտբոլասերները, մարզիչը պատասխանեց. «Հասկանալի է՝ բացասաբար»: Սակայն նա կարծիք հայտնեց նաեւ, որ եթե խաղը կայանար իրենց հարազատ Պրիլեպ քաղաքում, այլ ոչ թե Սկոպյեում, հնարավոր էր, որ ֆուտբոլասերների ավելի ջերմ աջակցությունը կատարեր 12-րդ խաղացողի դերը եւ այլ հաշիվ արձանագրվեր: Այդուհանդերձ, չնայած Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում «Պոբեդայի»՝ հաջորդ փուլ անցնելու հեռանկարներն արդեն իսկ աննշան են, Դրագան Խրիստովսկին հայտարարեց, որ իրենք Հայաստան են ժամանել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելու նպատակով ու մտադիր են պայքարել մինչեւ վերջ: Իսկ, թե դա որքանո՞վ նրանց կհաջողվի, մարզիչը դժվարացավ մեկնաբանել: Ու դրա համար նա լուրջ հիմնավորումներ ուներ: Այսօրվա խաղում «Պոբեդան» խաղադաշտ է մտնելու հիմնական կազմի որոշ փոփոխություններով: Նախ, Բուլղարիայում Հայաստան մուտքի վիզա չստանալու պատճառով չեն ժամանել թիմի բրազիլացի երկու լեգեոներականներ: Բացի դա, մարզչի խոսքերով, առաջին հանդիպումում անհաջող խաղալու պատճառով այս անգամ խաղադաշտ կմտնեն երկու երիտասարդ պաշտպաններ: Ճիշտ է, նրանք ամենայն հավանականությամբ չունեն անհրաժեշտ մրցակցական փորձ, սակայն կարող են իրենց եռանդի շնորհիվ լրացնել այդ բացը: Դ. Խրիստովսկին մտադիր է նաեւ Երեւանում մեկնարկային կազմում հայտավորել 18-ամյա դարպասապահ Դարկո Տոֆիլովսկուն: Կասկածից վեր է, որ «Պոբեդան», որ արդեն կորցնելու ոչինչ չունի, այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում գործելու է անկաշկանդ, աշխատելու է ցուցադրել բաց ֆուտբոլ, սակայն ամեն բան կախված է լինելու «Փյունիկից»: Մեր չեմպիոնն ի՞նչ խաղաոճ կընտրի՝ կփորձի պահպանել հաղթական հաշի՞վը, թե՞ կձգտի զարգացնել հաջողությունը: Հիշեցնենք, որ Մակեդոնիայից վերադառնալուց հետո «Փյունիկի» մարզիչ Վարդան Մինասյանը իր մամուլի ասուլիսում հավաստիացրեց, որ երկրի չեմպիոնը Երեւանում էլ ցուցադրելու է հարձակվողական այն ֆուտբոլը, ինչը ինքը կարողանում է: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել