2024 թվականի դեկտեմբերին փաստաբանները ֆինանսների նախարարին կասկածում էին կոռուպցիոն գործարքների մեջ․ խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարին մամուլի հրապարակումները հիշեցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
Հրապարակումները վերաբերում են նախարարի հայտարարագրերի անհամապատասխանություններին․ «Մոտ 1 միլիոն դոլարի չափով փոխհատուցումների տրամադրման ինչ-որ խնդիրներին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է դրան անդրադարձել, հակակոռուպցիոն կոմիտեն և այլն: Ես խնդրում եմ, այս հրապարակման արդյունքների հետ կապված մեզ տեղեկություն տաք՝ արդյոք վարույթ նախաձեռնվե՞լ է ձեր դեմ, թե՞ ոչ»։
Էդգար Ղազարյանը հիշեցրեց՝ մինչ այդ էլ նախարարը մեկ այլ կոռուպցիոն սկանդալի մեջ էր հայտնվել․ «Ձեզ պատկանող մի տարածք հանձնել էիք ձեր ընկերոջը, ձեր ընկերը ԱՄՆ-ից ֆինանսավորմամբ կազմակերպել էր ֆինանսների նախարարության աշխատակիցների մի անհասկանալի կորպորատիվ փարթի, որը որ ձեր նախարարության կանոնադրությամբ նախատեսված չի: Այնպես որ, շատ պարբերական է դառնում կոռուպցիոն սկանդալներում ձեր անվան հայտնվելը»:
Կարդացեք նաև
Նախարարը սրտնեղեց՝ ասելով, որ նման հարցեր իրեն սովորաբար լրագրողներն են տալիս, ապա հորդորեց դիմել համապատասխան մարմիններին։ Իր դեմ փաստաբանների հայցը նա համարեց անիմաստ և հայտարարեց, որ դրա հետևում կանգնած մարդիկ «վրեժխնդիր են լինում» նրա համար, որ ֆինանսների նախարարությունը որոշել է հարկել փաստաբաններին․ «Քանի որ տեղյակ չեմ այդ գործերի դետալներից, սովորաբար ասում եմ՝ դիմեք համապատասխան մարմին, իրենք ձեզ կպատասխանեն։ Այն մարդիկ, ովքեր դատական հայց են ներկայացրել, իրենք դատական համակարգի մեր բյուջեի քննարկման հետ որևէ կապ չունեն, հետևաբար, ես կարծում եմ, որ ձեր հարցն ընդհանրապես տեղին չի։ Ես չգիտեմ ձեր հարցի պատասխանը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































