Ինչպէ՞ս կարող է Գլենդելը զարգանալ՝ պահպանելով այն բնութագիրը, որը քաղաքը դարձնում է ապրելու համար գրաւիչ վայր։ Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանը «Ասպարէզ»-ին տրուած բացառիկ հարցազրոյցում անդրադառնում է այն որոշումներին, որոնք, իր համոզմամբ, ձեւաւորելու են քաղաքի ապագան, ինչպէս նաեւ ընտրուած պաշտօնեաների ու բնակիչների համատեղ պատասխանատուութեան հարցին։
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ ուղերձ կը յղէք Գլենդելի բնակիչներին քաղաքի ապագայի եւ համայնքի վերաբերեալ ձեր տեսլականի մասին։ Ձեր կարծիքով, ո՞րն է Գլենդելի համար ամենամեծ հնարաւորութիւնը առաջիկայ տասնամեակում, եւ ո՞րն է այն ամենամեծ մարտահրաւէրը, որին քաղաքը պէտք է պատրաստ լինի։
ԱՐԴԻ ՔԱՍԱԽԵԱՆ.- Ամենամեծ մարտահրաւէրներից մէկը, որի մասին ես մտածում եմ, այն է, ինչը մենք բաւարար չափով չենք քննարկում. ինչպէ՞ս համոզենք լաւ, ազնիւ եւ կարող մարդկանց մտնել պետական ծառայութեան: Վերջին ընտրութիւններն իմ մօտ ամրապնդեցին միտքը, թէ որքան կարեւոր է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրուել ցանկացող մարդիկ հասկանան, թէ իրականում որոնք են տեղական ինքնակառավարման մարմնի գործառոյթները։
Քաղաքի կառավարումը բարդ է: Դուք պէտք է հասկանաք բիւջէի, համայնքային ծառայութիւնների, հողօգտագործման, հասարակական անվտանգութեան, աշխատանքային պայմանագրերի, ենթակառուցուածքների, պետական օրէնսդրութեան մասին, պատկերացնէք ընտրուած պաշտօնեաների եւ քաղաքային մասնագիտական աշխատակազմի պարտականութիւնների միջեւ եղած տարբերութիւնները: Եթէ այս ամէնի մասին տեղեակ չէք, ապա առնուազն պէտք է ունենաք լաւ հարցեր տալու եւ սովորելու համար բաց լինելու ունակութիւն:
Կարդացեք նաև
Սա է այն պատճառներից մէկը, որ ես այդքան ոգեւորուած եմ Գլենդելի Համայնքային քաղաքացիական ակադեմիայով, որը մի ծրագիր է, որ սկսել եմ քաղաքապետի պաշտօնում իմ պաշտօնավարման ընթացքում: Յորդորում եմ մեր բնակիչներին անպայման մասնակցել բազմաշաբաթեայ այս ծրագրին, որը բնակիչներին ծանօթացնում է քաղաքի կառավարման մանրամասներին: Ես կը ցանկանայի տեսնել, թէ ինչպէս են մարդիկ աւարտում այդ ծրագիրն ու ի վերջոյ ծառայում յանձնաժողովներում, ղեկավարում համայնքային կազմակերպութիւններ եւ, հնարաւոր է, առաջադրւում պաշտօնների համար։
Քանի որ մեր այսօրուայ քաղաքական մշակոյթի խնդիրներից մէկն այն է, որ մենք սկսել ենք յաճախ շփոթել տեսանելիութիւնը առաջնորդութեան հետ՝ մարդիկ մտնում են քաղաքականութիւն այն մտքով, որ այն նոյնպէս պէտք է նրանց դարձնի ուշադրութեան կենտրոն՝ ինչպէս սոցիալական (ընկերային) հարթակները։ Եթէ դուք ունէք բաւականաչափ հետեւորդներ, մարդիկ կարող են ենթադրել, որ դուք, հաւանաբար, կարեւոր ասելիք ունէք, սակայն հետեւորդ ունենալը նոյնը չէ, ինչ գիտակցելը, թէ ուր ես գնում։
Ինձ համար առաջնորդութիւնը ծառայութիւնն է։ Իմ կեանքի ամենակարեւոր դասերից մէկը բխում է այն պատմութիւնից, թէ ինչպէս Քրիստոսը Վերջին ընթրիքի ժամանակ լուաց առաքեալների ոտքերը։ Մտածէք, թէ ինչ է դա նշանակում։ Առաջնորդը դառնում է ծառայ։ Մեզանից ո՞վ է պատրաստ լուանալու ոտքերը մէկի, ում հասարակութիւնը համարում է մեզանից ցածր դիրքում գտնուող։ Եւ եթէ Քրիստոսը կարողացաւ կատարել խոնարհութեան այդ արարքը, ապա մենք ո՞վ ենք, որ կարծում ենք, թէ չափազանց կարեւոր ենք ուրիշին ծառայելու համար։
Սա մի հարց է, որի հետ ես ինքս էլ պայքարում եմ։ Մենք ապրում ենք մի հասարակութեան մէջ, որտեղ շերտաւորումը գնալով խորանում է։ Մենք մեր երեխաներին տանում ենք մարզական խմբակների, երաժշտութեան կամ պարի դասերի՝ վճարելով թանկ վարձ, ինչը շատերի համար անհասանելի է, երթեւեկում ենք թանկարժէք մեքենաներով, ապրում ենք թանկարժէք թաղամասերում եւ աստիճանաբար յայտնւում ենք մի իրավիճակում, երբ շփւում ենք գրեթէ բացառապէս մեր սեփական տնտեսական կամ սոցիալական խաւին պատկանող մարդկանց հետ։
Հեշտ է մոռանալ, թէ որքան արհեստական են այդ բաժանումներից շատերը։ Մենք բոլորս ծնւում ենք նոյն կերպ։ Եւ հեռանում ենք այս աշխարհից նոյն կերպ։ Իսկ այդ ընթացքում մենք ունենք համեմատաբար կարճ ժամանակահատուած՝ որոշելու, թէ ինչ կարող ենք անել միմեանց համար։ Ուստի, երբ մտածում եմ Գլենդելի ապագայի մասին, ես, անշուշտ, մտածում եմ ենթակառուցուածքների, բնակարանային հարցերի, տնտեսական զարգացման, տեխնոլոգիաների եւ հանրային անվտանգութեան մասին։ Բայց նաեւ մտածում եմ մարդկանց մասին։ Մեզ անհրաժեշտ են ծնողներ, ովքեր օրինակ կը ծառայեն իրենց երեխաների համար։ Մեզ անհրաժեշտ են լաւ մարդիկ մեր թաղամասերում, որոնց ձայնն առաւել բարձր կը հնչի։ Մենք պէտք է խրախուսենք ազնուութիւն եւ քաղաքացիական կեանքին մասնակցելու ունակութիւն ունեցող մարդկանց, այլ ոչ թէ դաշտը թողնենք նրան, ով ամենաշատն է ուզում ուշադրութիւն։
Մեզ անհրաժեշտ են ծառայող առաջնորդներ, այլ ոչ թէ մարդիկ, ովքեր առաջնորդութիւն են փնտրում պարզապէս ուշադրութեան, կարգավիճակի կամ իշխանութեան համար։ Դա շատ աւելի լայն զրոյց է, հաւանաբար՝ բոլորովին այլ հարցազրոյց։ Եւ ես ինքս անկատար եմ դրանում։ Ես պայքարում եմ նոյն եսասիրութեան, ենթադրութիւնների եւ հակասութիւնների հետ, ինչպէս բոլորը։ Առաջնորդութեան մի մասն է այն, որ գիտակցում եմ, որ այն մարդը, ում դուք պատկերացնում էք, եւ այն մարդը, ով դուք իրականում էք, միշտ չէ, որ նոյնն են։ Միգուցէ ողջ կեանքի աշխատանքն այդ հեռաւորութիւնը կրճատելու փորձն է։
Եթէ մենք կարողանանք կառուցել տնտեսապէս ուժեղ, անվտանգ, գեղեցիկ եւ նորարարական Գլենդել, միաժամանակ դաստիարակելով սերունդ, որը գիտակցում է ծառայութեան եւ պատասխանատուութեան անհրաժեշտութիւնն այլոց նկատմամբ, կարծում եմ, կը հասնենք շատ աւելի երկարատեւ արդիւնքի, քան որեւէ մէկ այլ նախագծի կամ քաղաքականութեան արդիւնքում։
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:


















































