Լրահոս
Օրվա լրահոսը

Սա իսկական շանտաժ է, որը վերջին տարիների քաղաքական զարգացումների տարբեր փուլերում ունեցել է տարբեր ձևակերպումներ. Մենուա Սողոմոնյան. «Փաստ»

Նոյեմբեր 03,2026 10:43 Share
Աջակցեք aravot.am-ին

Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ եթե ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրությանը, ուրեմն դեմ է խաղաղությանը։ Սա չի՞ նմանվում շանտաժի թե՛ պատգամավորների, թե՛ հանրության նկատմամբ։ «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը համաձայն է՝ սա բառի ամենաիսկական իմաստով շանտաժ է նաև հանրության նկատմամբ: «Եթե ընդդիմադիրին շանտաժ են անում, ասում՝ պարտավոր ես քվեարկել ալիևյան Սահմանադրության օգտին, որպեսզի պատերազմ չլինի, դրանով հանրությանը շանտաժ են անում, որ չպետք է սատարես ընդդիմությանը, որն, իբրև թե, իր գործունեությամբ նպաստում է պատերազմին։ Սա իսկական շանտաժ է, որը վերջին տարիների քաղաքական զարգացումների տարբեր փուլերում ունեցել է տարբեր ձևակերպումներ։ Շատ լավ հիշում եմ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների փողոցային պայքարի ժամանակները, երբ նույն ձևով ասում էին՝ իրավիճակը, որը ֆիքսվել է, խաղաղություն է, և դուք, որ պայքարում եք իրավիճակի փոփոխության համար, պատերազմ եք ուզում։ Հիմա այդ պայքարի մեջ իշխանությունը՝ իբրև թե խաղաղության կողմնակիցը, հաղթեց, բայց պատերազմի հարցը շարունակեց մնալ արդիական։ Այս շանտաժն արվում էր նաև այն ժամանակ, երբ «ՀայաՔվե» ազգային – քաղաքացիական նախաձեռնությունը սկսեցինք և ցանկանում էինք ընդամենը Քրեական օրենսգրքում փոփոխություն մտցնել, որ Հայաստանի անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը դառնար քրեորեն պատժելի։ Հակադարձումը նույնն էր, նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը չներկայացվեց։ Իսկ հանձնաժողովի նիստում իշխանության ներկայացուցիչների միակ հակափաստարկը, որը, բնականաբար, խելքին մոտ չէր, այն էր, որ այդ օրինագիծը պատերազմի է միտված։ Ցանկացած փուլում, երբ այս իշխանությունը հերթական՝ մեծ կամ փոքր զիջումն է անում, դրան քաղաքական, հանրային դիմադրության որևէ դրսևորման հակադարձում է պատերազմի շանտաժով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Իշխող ուժը նաև ակնարկում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Բայց հանրության աչքի առջև է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների պատկերը՝ նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջանի զարգացումներով, մասնավորապես՝ կալանավորումներ, խոսքի սահմանափակումներ, խախտումներ։ Թվում է, թե ՏԻՄ վերջին ընտրություններն այս իրավիճակում ինքնավստահություն են փոխանցել իշխող ուժին, որ նա կարող է դրական արդյունք գրանցել նաև համապետական ընտրությունների ժամանակ։ «ՏԻՄ ընտրությունների արդյունքներով չի կարելի առաջնորդվել ու վերագրել դրանք, իբրև թե, «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի օրակարգի հաղթանակին։ Չկա նման բան։ Պետք չէ նայել արդյունքներին և զարհուրել, սարսափել, ասել, որ վերջ, ամեն ինչ կորած է, Փաշինյանն ինչ ցանկանում, դա էլ անում է, ինչ օրակարգ ցանկանում է, դա էլ թելադրում է։ ՏԻՄ ընտրությունների մի զգալի հատվածը եղել է ոչ թե քաղաքական, այլ անձի ընտրություն։ «ՀայաՔվեն» Գավառ համայնքում մասնակցում էր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությանը։ Գործող համայնքապետը ՔՊ-ի հետ միասին ձևավորել էր «Համերաշխություն» դաշինքը, փոխառել էին ՔՊ-ին վերաբերող կարգախոս՝ «Նպաստենք խաղաղ զարգացմանը», բայց, այդուհանդերձ, բնակչության մի զգալի հատված այդ դաշինքը չէր ընկալում որպես փաշինյանական, քպական։ Մարդիկ, որոնց հետ շփվում էի և 15 համարի վերաբերյալ օգտագործում «ՔՊ» տերմինը, դա վիրավորական էին համարում։ Համոզված եմ, որ նույն անձնավորված մոտեցումը եղել է նաև Գորիս համայնքում, որտեղ ժամանակին ընդդիմադիր Առուշ Առուշանյանը, բանտում լինելով, հաղթեց ընտրություններում։ Սրանք անձնավորված դեպքերն են։ Որտեղ ՔՊ-ն իր դեմքով է հանդես եկել, նշանակում է՝ ինչ կարգի ճնշումներ են իրականացրել այնտեղ, որ ամայացրել են քաղաքական դաշտը, և մարդիկ չեն էլ ցանկացել թեկնածություն դնել և անցնել այդ պրոցեսների, ճնշումների միջով և այլն։ Սա մեզ համար հստակ ցուցիչ է, որ մի քանի բնակավայրում, համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում։ Եթե մարդիկ Գավառում ձայն են տվել Գուրգեն Մարտիրոսյանին կամ Գորիսում Առուշ Առուշանյանին, որոնք ընդգրկված են եղել ՔՊ-ի հետ ստեղծված դաշինքներում, դա դեռևս չի նշանակում, որ համապետական ընտրությունների պարագայում նույն իրավիճակն է լինելու։ Փաշինյանն այս շրջանում ձգտելու է հնարավորինս շատ վարկաբեկել ընդդիմությանը, ընդդիմությունն էլ, բնականաբար, վարկանիշային որոշակի անկում ունեցել է, ինչը վատ է։ Փաշինյանը կփորձի դրանից օգտվել, բայց քաղաքական իրադարձություններն իրենց զարգացման յուրատեսակ տրամաբանությունն ունեն, ամեն ինչ չէ, որ չափվում է գծային հաշվարկով, պարզ թվաբանական գումարում-հանումներով, նաև իրավիճակները կարող են փոփոխություններ առաջ բերել», – նկատում է նա։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30