Լրահոս
Օրվա լրահոսը

«Բատկայի» երգը

Օգոստոս 25,2004 00:00

«Բատկայի» երգը Երեկ արդեն տեղեկացրել ենք, որ ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը բարձրաձայնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պաշտոնանկ անելու՝ ԱՄՆ իշխող շրջանակների մտադրության մասին: Սենատորն այս աղմկահարույց հայտարարությունն արել է օրերս Ռիգա կատարած աշխատանքային այցի ընթացքում, եւ հատկանշական է, որ «Բատկայի» քաղաքական ճակատագիրը «կոպտորեն» շոշափող այս խոսքերը հնչել են ճիշտ այն ժամանակ, երբ վերջինս Սոչիում հանդիպում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսական «Կոմերսանտ»-ի գնահատմամբ, «Լուկաշենկոյի համար ԱՄՆ-ի դիրքորոշումը համազոր է դատավճռի, հատկապես հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս Բելառուսի նախագահը լրջորեն փչացրել է հարաբերությունները նաեւ իր ամենամոտ դաշնակցի՝ Մոսկվայի հետ»: Միեւնույն ժամանակ, մի շարք այլ դիտորդներ նկատել են տալիս, որ այսպիսով հաղթահարված է այն հոգեբանական արգելքը, որը թույլ չէր տալիս ենթադրել, թե Միացյալ Նահանգները, Ռուսաստանից քաշվելով, բացեիբաց չի միջամտի հետխորհրդային տարածքում ձեւավորված բռնիշխանական ռեժիմների ներքին գործերին: Սենատոր Մակքեյնը «Բելառուսի ժողովրդավարության ակտ» կոչվող նախագծի հեղինակներից է, որը բելառուսական ընդդիմության համար ֆինանսական օժանդակություն, իսկ նախագահ Լուկաշենկոյի եւ նրա մերձավոր շրջապատի համար որոշակի պատժամիջոցներ է նախատեսում: Ըստ «Կոմերսանտի», Մակքեյնը պատրաստվում էր վերոհիշյալ հայտարարությունն անել հենց Մինսկում, սակայն, ինչպես տեղեկացնում է թերթը, սենատորին եւ նրա երեք ուղեկիցներին Բելառուս մուտք գործելու վիզաներ չեն տրամադրել: «Կոմերսանտը» համոզված է, որ Ջոն Մակքեյնի սենսացիոն հայտարարությունը բնավ կապ չունի նրան հասցված անձնական վիրավորանքի հետ: «Ասվել է այն, ինչը դեռեւս բարձրաձայն չեն ասում Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչները»,- նշում է աղբյուրը: Մի ուշագրավ հանգամանք եւս. Լուկաշենկոյին գահընկեց անելու մտադրության մասին այս հայտարարությունը, փաստորեն, անմիջապես հաջորդել է Բելառուսի միանձնյա ղեկավարի վերջին «անկեղծացմանը»: Հիշեցնենք, որ սահմանադրորեն նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունեցող Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս ասել էր, թե հետագա պաշտոնավարման ցանկություն չունի: «Բայց եթե ժողովուրդը ցանկանա, ես ընդառաջ կգնամ նրա պահանջին»,- անձնազոհաբար վերապահում էր արել նա: Թերեւս չմանրամասնենք, թե նման դեպքերում ժողովուրդն ինչպես է «ցանկանում»: Այսպիսով պարզ է, որ ԱՄՆ-ն ամենեւին չի պատրաստվում անտեսել հետխորհրդային իշխանիկների հավերժության փաստը, եթե անգամ նրանք գրկախառնվում են Պուտինի հետ: Ի դեպ, խորհրդանշական է, որ Լուկաշենկոյից առաջ Պուտինի հետ Սոչիում հանդիպեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Խորհրդանշական է նաեւ այն, որ այդ հանդիպումն ու դրան հաջորդած համատեղ ասուլիսը հայկական քարոզչամիջոցներով գովազդվեց ավելի ուժգին, քան երբեւէ գովազդվել է «Գոնչե» յուղը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել