Լրահոս
Օրվա լրահոսը

«Զզվում եմ այդ ուսուցչի ձայնից»

Սեպտեմբեր 09,2004 00:00

«Զզվում եմ այդ ուսուցչի ձայնից» Իր ուսուցչի մասին գրել է թիվ 27 դպրոցի աշակերտներից մեկը՝ ուսուցիչների վարկանիշը ստուգող հարցաթերթիկում: Այս հարցաթերթիկները դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանին կօգնեն՝ կրճատումների ժամանակ կողմնորոշվելու եւ մանկավարժների միջեւ ընտրությունը հիմնավորելու համար: Կօգնեն, բայց որոշիչ չեն լինի: Ըստ տիկին Բախշյանի, օպտիմալացման ճանապարհին պետք է առաջնորդվել երեխաների շահերի պաշտպանության սկզբունքով. «Այդ դեպքում ամեն ինչ հստակ կլինի. թող դաս տա 70 տարեկան ուսուցիչը, եթե աշակերտի շահը դա է պահանջում»: Հարցումն անանուն է, եւ ուսուցիչներին էլ խստիվ արգելված է հետաքրքրվել իրենց մասին գրված այս կամ այն կարծիքի հեղինակի անձով: «Բանաձեւերը չեմ հասկանում, կյանքում ինչի՞ պետք կգան դրանք, եւ վերջապես շատ ա մանրացրած»,- մաթեմատիկա առարկայի մասին գրում է մի աշակերտ եւ առաջարկում մաթեմատիկան ընդհանրապես հանել ծրագրից: Իր մաթեմատիկայի ուսուցչի մասին այս աշակերտը նաեւ գրում է. «Ժողովրդական մի ասացվածք կա. «Երազը» ինչքան էլ վերանորոգես՝ «Մերսեդես» չի դառնա»: Կա նաեւ այսպիսի կարծիք. «Միայն գերազանցիկներին է հարցնում, ով չի հասկանում՝ բանի տեղ էլ չի դնում»: Իրենց առաջարկություններում աշակերտները նաեւ նշում են, որ դասի ժամանակ շատ լինի հումորը, որ տնայինը չկատարելու կամ կարգապահության համար երկու չդնեն, ուսուցիչները բարի եւ հոգատար լինեն: Եվս մի կարծիք. «Նա ուզում է իմանալ աշակերտի կյանքը՝ ամենայն մանրամասնությամբ, հետաքրքրվում է նույնիսկ կենցաղային հարցերով»: Եվ անգամ այսպիսին՝ «Մենք փող չունենք՝ ես նրա մոտ լրացուցիչ չեմ պարապում, դրա համար նա ինձ չի սիրում»: Հարցաթերթիկներն այնուհետեւ մանրակրկիտ վերլուծության են ենթարկվում: Անցյալ տարվա ամփոփումից հետո պարզվել է, որ դպրոցում ամենաշատը սիրում են հայոց լեզու առարկան, երկրորդ տեղում է իրավունքը, այնուհետեւ՝ ռուսաց լեզուն, անգլերենը, կենսաբանությունը: Սակայն ամբողջովին հիմնվել աշակերտի սուբյեկտիվ կարծիքի վրա, Ա. Բախշյանը դարձյալ ճիշտ չի համարում: Տնօրենին հիշեցրինք ԱԺ գիտության, կրթության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի՝ վերջերս մեջբերած մի բանաձեւը, ըստ որի ուսուցչին ընտրելու լավագույն տարբերակը գրավորի միջոցով նրանց մանկավարժական եւ մասնագիտական ունակությունների ստուգումն է: «Եթե կարող են այդ գրավորի միջոցով բացի գիտելիքներից նաեւ մանկավարժական հմտություններ ստուգել, թող այդպես լինի: Այլապես դա մեդալի մի կողմը կլինի»: Տիկին Բախշյանը չի վստահում նաեւ ԿԳՆ-ի ենթակայությամբ ստեղծվելիք տեսչական կենտրոնների վերահսկողությանը՝ թեկուզ հենց կրճատումներն իրականացնելիս. «Այդ դեպքում արդեն տեսուչը կսկսի կամայականություն դրսեւորել, նրանց անկախությանը չեմ հավատում, դա չգործող մեխանիզմ է»: Դպրոցին առնչվող մյուս դեռեւս չլուծված հարցը դրամահավաքությունն է, ինչի առնչությամբ եւս թիվ 27 դպրոցն իր սեփական մեխանիզմն է մշակել՝ առավել թափանցիկ դարձնելու համար դպրոցական ֆոնդի ելումուտը: Ա. Բախշյանն ամեն ամիս ծնողական ժողով է հրավիրում եւ բոլորին ներկայացնում այն ծախսերը, որոնք արվել են այդ ամիս: Այսուհետ ծախսերը կներկայացվեն նաեւ կտրոնների տեսքով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել