Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակին

Հոկտեմբեր 14,2004 00:00

Բանակին պատրաստված զինակոչիկներ են պետք Անցած շաբաթ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, փշատավանցի 20-ամյա Զարզանդ Մխիթարյանի սահմանած արտասովոր ռեկորդին՝ 2 ժամ 51 րոպեում 1150 ձգում-շրջադարձ, ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Դա ֆիզիկական արտասովոր դիմացկունություն էր պահանջում, որն էլ կուրսանտը դրսեւորեց հիանալիորեն ու հիմա հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Սակայն հայտնի է, որ Հայաստանում զինակոչային տարիքի երիտասարդները, մեղմ ասած, ֆիզիկապես պատրաստ չեն լիարժեք կատարել իրենց ծառայությունը: Հենց այս խնդրի շուրջ զրուցեցինք փոխնախարարի հետ: – Պարոն փոխնախարար, այսօր Զարզանդը ֆիզիկական հազվագյուտ պատրաստվածություն ցուցադրեց: Ու դա, անկասկած, ուրախացնում է ձեզ՝ զինվորական բարձրաստիճան պաշտոնյայիդ: Իսկ ընդհանրապես զինակոչային տարիքի երիտասարդների ֆիզպատրաստվածության աստիճանին ի՞նչ գնահատական կտաք: – Շատ վատ: – Ի՞նչն է պատճառը: – Դպրոցներում համապատասխան աշխատանք չեն տանում: Հետո երիտասարդներն ընտրում են այնպիսի մարզաձեւեր, որոնք հային այնքան էլ հոգեհարազատ չեն: Նկատի ունեմ արեւելյան մարզաձեւերը, որոնք բանակում ծառայության ժամանակ զինվորին այնքան էլ պետք չեն գալիս: – Ասացիք, որ դպրոցներում համապատասխան աշխատանքներ չեն կատարվում: Հավանաբար խոսքը ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման խայտառակ վիճակի մասին է: Պաշտպանության նախարարությունը կառավարության միջոցով կրթության նախարարության վրա այդ հարցի լուծման համար ազդելու քայլեր չի՞ ձեռնարկում: – Մենք սպորտպետկոմի հետ միասին այդ ուղղությամբ աշխատել ենք: Եթե չեմ սխալվում՝ կա կառավարության որոշում ֆիզկուլտուրան դպրոցում ավարտական քննական առարկա դարձնելու մասին: Սա, անկասկած, իր դրական դերը կատարելու է: – Իմ կարծիքով դա հեռանկարային ծրագիր է ու հիմա դպրոցում քննությունները ավելի շատ ձեւական բնույթ են կրելու: 10-րդ դասարանցին ինչպե՞ս է քննություն հանձնելու, եթե սովորելու ամբողջ ընթացքում ֆիզկուլտուրայի դաս չի արել: – Հիմա մենք այդ բացը լրացնում ենք բանակում՝ հետեւյալ կերպ: Բանակը յուրօրինակ դպրոց է: Այն ունի մեկ տարվա հատուկ ծրագիր՝ մարտական պատրաստության պլան: Ու դրանում սպորտին կարեւոր դեր է հատկացվում: Զինվորը մարզվելիս կատարում, յուրացնում է այնպիսի մարզական տարրեր, ասենք՝ վազք 100, 300, 3000 մետր, կոլեկտիվ կազմով վազքեր 5000 մետր, ձգումներ պտտաձողի վրա եւ այլն, որոնք նրան վաղը պետք են գալու մարտի դաշտում: Եվ հավաստիացնում եմ ձեզ, որ արդեն վեց ամիս անց տարբերությունը զգացվում է: Ֆիզկուլտուրան, սպորտը մեր մարտական պատրաստության ծրագրում հիմնական առարկա է ու եթե ստուգվող ստորաբաժան թեկուզ մեկ վաշտը ֆիզպատրաստությունից անբավարար է ստանում, դա տարածվում է ամբողջ գումարտակի վրա իր բոլոր հետեւանքներով՝ խրախուսանքներ, արձակուրդ եւ այլն: – Բայց միեւնույն է, դպրոցներում անհրաժեշտ է լուրջ վերաբերվել ֆիզկուլտուրա առարկային: Դրանով ձեր գործն էլ կթեթեւանա: – Անշուշտ: Եթե կրթության նախարարությունը դեմքով շրջվի դեպի այդ առարկան եւ ռազմագիտությունը՝ դրանք դիտելով պետության համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ոլորտներ, բանակում դրական արդյունքները կստանանք արդեն տվյալ ուսումնական տարվա վերջում: Ֆիզկուլտուրան այն առարկան չէ, որ առաջին դասարանում բաց թողնելու դեպքում հետագայում լրացվի: Դա երիտասարդ մարդու եւ ապագա քաղաքացու առողջությունն է, որ չունենալու կամ կորցնելու դեպքում հետ չի բերվում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031