«Փաստինֆոն» շարունակում է «Արդարադատություն ըստ Ադրբեջանի» խորագրով հրապարակումների շարքը՝ վերլուծելով Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը: Մասնագիտական վերլուծության համար ներգրավել ենք միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանին:
Այսօր վերլուծում ենք «Ավիացիայի անվտանգություն» խմբի մեղադրանքները.
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հոդված 270-1.2 — Թռիչքի ընթացքում օդանավին կեղծ տեղեկատվության փոխանցում կամ օդանավիգացիոն սարքավորումների աշխատանքին միջամտություն
Վերագրվող արարք. Քաղաքացիական չվերթների ռադիոէլեկտրոնային խլացում «Поле-21», «Репеллент-1», «Мортира» համալիրներով։
Կարդացեք նաև
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ռուբեն Վարդանյանի և ՌԷՊ համալիրների շահագործման միջև կապ հաստատող ապացույց չկա։ Ներկայացված են կայանների կոորդինատները և խլացված չվերթների ցանկը (օրինակ՝ 31.05.2022, 08.07.2022, 11.08.2022)։ Այս արարքի հետ կապված մեղադրանքի էջերում Վարդանյանի անունը հանդիպում է մեկ անգամ՝ «Ռուբեն Վարդանյանի և այլոց անմիջական ղեկավարությամբ» ընդհանուր բանաձևում, առանց որևէ կոնկրետ գործողության նկարագրության։
Սահմանված պատիժ. Պատիժ չի նշանակվել՝ վաղեմության ժամկետի ավարտի պատճառով։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Ռադիոէլեկտրոնային համալիրները Պաշտպանության բանակի ռազմական տեխնիկա են, և դատավճիռը Վարդանյանի ու դրանց շահագործման միջև որևէ կապ չի ցույց տալիս՝ բացի մեկ ընդհանուր բանաձևից՝ «Ռուբեն Վարդանյանի և այլոց անմիջական ղեկավարությամբ»։
Ժամանակագրությունն այստեղ ամեն ինչ ասում է. դատարանի նշած չվերթները թվագրված են 2022 թ. մայիսի 31-ով, հուլիսի 8-ով և օգոստոսի 11-ով, այսինքն՝ ամբողջությամբ նախորդում են Ռուբեն Վարդանյանի տեղափոխությանը Արցախ։
Իսկ ապացույցի «հավաստիությունը» ցույց է տալիս մի կարևոր մանրուք. ըստ դատավճռի, Սինգապուր–Հելսինկի չվերթի խլացումը «սկսվել է 02:09-ին և ավարտվել 01:28-ին», այսինքն՝ ավարտվել է 41 րոպե ավելի շուտ, քան սկսվել է։
Հոդված 270-1.4 — Շահագործման մեջ գտնվող օդանավի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում
Վերագրվող արարք. ԱԹՍ-ների և ՌԷՊ համակարգերի ձեռքբերման պլանավորում՝ որպես օդանավերի անվտանգությանը սպառնացող գործողություն։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ոչնչացված կամ վնասված որևէ օդանավի մասին ապացույց ընդհանրապես չկա։ Ներկայացված են միայն Liaz (նոյեմբեր 2022) և Malloy (սեպտեմբեր 2023) ԱԹՍ-ների գնման նամակագրությունը և ՌԷՊ համակարգերի պլանավորման մասին նյութերը։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 7 տարի ազատազրկում՝ 3–8 տարի սանկցիայի սահմաններում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Հոդվածը նյութական հանցակազմ է պարունակում, որը պահանջում է ոչնչացված կամ վնասված կոնկրետ օդանավ։ Դատավճիռը ոչ մի այդպիսի օդանավ չի նշում։ Հանցագործության կենտրոնական տարրը, հետևաբար՝ հանցակազմը պարզապես բացակայում է։
Փաստերով նկարագրված ռադիոխլացումը վերաբերում է ուրիշ հոդվածի՝ 270-1.2-ին, որով պատիժ չի նշանակվել վաղեմության պատճառով։ Յոթ տարին նշանակվել է այն հոդվածով, որի վաղեմության ժամկետը դեռ չէր լրացել։ Իսկ ԱԹՍ գնելու չկայացած բանակցությունն օդանավի ոչնչացում որակելը նույնքան հիմնավոր է, որքան մեքենա գնելու մտադրությունից վթար բխեցնելը։



















































