Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնավաճառը կույս չի դառնա

Հոկտեմբեր 19,2004 00:00

Մարմնավաճառը կույս չի դառնա Ճիշտ այդպես էլ պաշտոնյան, անկախ աշխատավարձի չափից, չի դադարի կաշառք վերցնել: Կրթությամբ զարգացման ակադեմիայի կազմակերպած հասարակական կազմակերպությունների ցուցահանդեսի շրջանակներում հանգստյան օրերին կառավարությունում կազմակերպված կլոր սեղանները նպատակ ունեին վերհանել հանրապետության տարբեր մարզերում գործող ՀԿ-ների խնդիրները: Աշխուժություն նկատվեց հատկապես «ՀԿ-ներ եւ կոռուպցիա» թեմայով քննարկման ժամանակ: Արծարծվող հարցերը կարելի է բաժանել 2 մասի՝ արդյո՞ք կոռուպցիան ազգային բնավորության գիծ է եւ ինչպես անել, որ ՀԿ-ները կոռուպցիայի դեմ պայքարում իրենք էլ չկոռումպացվեն: Համաշխարհային բանկի փորձագետ Ռուբեն Գեւորգյանը, որ հանդես եկավ նաեւ զեկույցով, առաջին հարցի մասին խոսելով հիշեցրեց, որ չկա որեւէ երկիր, որտեղ կոռուպցիա չլինի, այլ հարց է, թե որ երկրում այդ երեւույթն ինչ դրսեւորումներ է ունենում: Մեզ մոտ, օրինակ, կոռուպցիան ավելի շատ կենցաղային մակարդակի վրա է: Ըստ պրն Գեւորգյանի, մխիթարական է այն, որ, ըստ միջազգային իրավապաշտպան «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության հետազոտությունների, Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում ամենաքիչ կոռումպացվածներից է: Հանրային ռադիոյի թղթակից Քրիստինե Խաչատրյանի կարծիքով, «քանի դեռ հոգու աչքը չի կշտացել, կոռուպցիան չի վերանա, քանի դեռ մարդիկ չեն գիտակցում, որ մնայուն արժեք է ոչ թե «Ջիպն» ու ամառանոցը, այլ քաղաքացիական հասարակությունը: Ի՞նչ է նշանակում բարձրացնել դատավորի աշխատավարձը, որպեսզի նա այլեւս կաշառք չվերցնի. եթե մարմնավաճառին տաս 200 հազար, նա կդառնա՞ կույս օրիորդ»: Որպես կոռուպցիան կանխարգելելու ճանապարհներից մեկը «Սպառողների միության» նախագահ Աբգար Եղոյանը կարեւորեց հասարակության իրավագիտակցության բարձրացումը. «Պետք է սկսել քաղաքացուն կրթելով, որպեսզի նա կարողանա պաշտպանել գոնե իր իրավունքները»: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարում ՀԿ-ների դերին, ապա «Գյումրիի ուսանողական խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչների կարծիքով, մեզ մոտ գրեթե բոլոր կազմակերպությունները կոռումպացված են, «իշխանական ապարատի մանկլավիկներ են, իսկ երիտասարդական դաշտում կամ քաղաքական դաշինքի մի մասն են, կամ չինովնիկական սեկտորի ծառայողներ»: Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնի (ԱԳՄԱԿ) նախագահ Լուսինե Մարգարյանը մեջբերեց իրենց կատարած մի հետազոտությունը, ըստ որի հասարակության մի ստվար զանգված այս պայքարում վստահում է ավելի շատ ՀԿ-ներին ու չորրորդ իշխանությանը, քան, ասենք, պետական կառույցներին: ԱԳՄԱԿ-ի՝ 300 ռեսպոնդենտների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով, 79 տոկոսը վստահում է ՀԿ-ներին, 66 տոկոսը՝ չորրորդ իշխանությանը, եւ միայն 19 տոկոսը՝ պետական կառույցներին: ԱԳՄԱԿ նախագահը ներկայացրեց նաեւ 500 ռեսպոնդենտների շրջանում կազմակերպության անցկացրած մի ուրիշ հարցում՝ ըստ որի, հարցվածների 87 տոկոսի կարծիքով, լրատվամիջոցներում կոռուպցիոն թեմաներով հրապարակումները ոչ պրոֆեսիոնալ մակարդակի վրա են, ավելին՝ լրատվամիջոցներն իրենք են հաճախ կոռուպցիայի թեմաներով գրելիս կոռումպացվում: Իբրեւ կոռուպցիոն դրսեւորում, Լ. Մարգարյանը նշեց պետական մարմինների ոչ թափանցիկ գործունեությունը՝ խնդրի լուծման քաղաքակիրթ ձեւերից մեկը համարելով էլեկտրոնային կայքերի գոյության անհրաժեշտությունը, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցվեն քաղաքացի-չինովնիկ շփումները: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031