Լրահոս
Օրվա լրահոսը

Հետին թվով բացահայտումներ

Հոկտեմբեր 27,2004 00:00

Իշխանությունը
չարակամների հորինվածք է համարում այն պնդումները, թե 1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ
հակասություններ կային բարձրագույն վերնախավում: Սակայն ահա թե այդ մասին ինչ է վկայել
Սերժ Սարգսյանը: 2003-ի մայիսի 16-ին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեց
«Մարդու ժամանակը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրը Սերժ Սարգսյանն էր:
Մանրամասն պատմելով իր անցած ուղու մասին՝ նա բառացիորեն ասաց. «1999-ի խորհրդարանական
ընտրություններից հետո զգացի, որ մթնոլորտն ինչ-որ ձեւ… կարծես թե… ուրիշ կերպ
է: Քոչարյանն ասաց, թե՝ գիտե՞ս, կարծիք կա, որ ճիշտ կլինի կիսել ներքին գործերի եւ
ազգային անվտանգության նախարարությունը: Ասաց՝ գիտե՞ս, Վազգենն ա, իրան մի քիչ լավ
չի զգում»: Սերժ Սարգսյանը չանդրադարձավ այն պատճառներին, թե ինչու էր Վազգեն Սարգսյանն
այդ կերպ վերաբերվում եւ ինչու էր ցանկանում սահմանափակել «սուպերնախարարության»
ղեկավարի ազդեցության շրջանակը: Սակայն պատմեց. «Գնացի Վազգենի մոտ, ասացի՝ Վազգեն
ջան, խնդիր չկա, պրոբլեմ չկա. եթե այդպիսի որոշում է կայացվել, նորմալ ա ամեն ինչը:
Վազգենն ասաց՝ ո՞ւմ ես տեսնում անվտանգության նախարար: Ասացի՝ Վազգեն ջան, ես անվտանգություն
եմ ուզում գնալ, որովհետեւ ներքին գործերի նախարարությունում նորից ու նորից պետք
է պրոբլեմներ առաջանան, նորից քեզ հայտնի խնդիրները պետք է ծագեն եւ այլն»: Եվ էլի
չմանրամասնեց, թե այդ ի՞նչ խնդիրներ էին առաջացել ՆԳՆ-ում: Փոխարենը պատմեց,
որ երբ Վազգեն Սարգսյանը պիտի ստանձներ վարչապետի պարտականությունները՝ «ինձ առաջարկեց
գնալ պաշտպանության նախարար: Կատեգորիկ հրաժարվեցի: Իսկ մինչ այդ Վազգենն ինձ ասում
էր, որ դու պիտի գնաս վարչապետ: Ասում էի՝ Վազգեն, զրույցը լուրջ չի եւ այլն: Չեմ
կարող գնալ նաեւ պաշտպանության նախարարություն: Ասաց՝ ինչո՞ւ, բանա՞կը չես սիրում,
թե՞ չես ուզում, որ ես գնամ վարչապետ: Ասացի՝ դու շատ լավ գիտես, որ բանակը սիրում
եմ, շատ լավ գիտես, որ ուզում եմ, որ դու գնաս վարչապետ, բայց ես չեմ կարող ՊՆ նախարար
լինել, որովհետեւ գալով պաշտպանության նախարարություն՝ դու գիտես իմ բնավորությունը,
ես միայնակ կղեկավարեմ այդ նախարարությունը, եւ քո միջամտությունները ուղղակի պրոբլեմատիկ
են լինելու, կոնֆլիկտային են լինելու: Եվ դու չե՛ս կարող չմիջամտել, որովհետեւ էսքան
երկար ժամանակ եղել ես պաշտպանության նախարար, բոլորը քեզ ընդունում են, բոլորը քեզ
ենթարկվում են եւ ավելորդ տեղը պետք չէ, որ կոնֆլիկտներ լինեն»: Ի դեպ, այս
հարցազրույցում Սերժ Սարգսյանը նաեւ մանրամասներ պատմեց, թե ինչ իրադարձություններ
են հետեւել, երբ ինքը 1999-ի հոկտեմբերի 27-ին սահմանամերձ բնակավայրերից ուղղաթիռով
վերադարձել է Երեւան, սակայն օդանավակայանում չեն իջել. «Ես ասացի՝ եթե չիջնենք,
ուրիշ բան է լինելու: Իջանք, զգում եմ, որ միջավայրն այն չի: Զգում եմ, որ ինչ-որ
բան կա: Զենքերով էին տղաները, բնականաբար, դուրս եկան: Դիմավորեցին նախագահականից,
ընկերներից եւ ասացին՝ գիտե՞ս, եկել էին քեզ ձերբակալելու, որովհետեւ արդեն տարածված
է, որ դու ես էդ բաները կատարել, քո գործն է»: Սերժ Սարգսյանը նաեւ բացահայտեց, որ
եթե չլինեին նման մեղադրանքները՝ «Եթե նախագահին չմեղադրեին, եթե չգային նախագահին
ինչ-որ պայմաններ պարտադրելու՝ ամենայն հավանականությամբ, իրոք, ես հրաժարական կտայի
եւ կզբաղվեի այլ խնդիրներով»: Եվ նշեց, թե Ռոբերտ Քոչարյանն էր որոշել իրեն ազատել
նախարարի պաշտոնից, հետեւյալ հիմնավորմամբ՝ «թող այդպես լինի, որպեսզի հնարավորություն
ունենան համոզվելու, որ մենք որեւէ՛, բացարձակ որեւէ՛ առնչություն չունենք»: Պատրաստեց
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել