Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկությունը զոհեր է պահանջում

Հոկտեմբեր 27,2004 00:00

Հայ
կանայք սկսել են ավելի հաճախ դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը Պլաստիկ
վիրաբուժությունը որքան հին, այնքան էլ նոր մասնագիտություն է՝ հատկապես Հայաստանում:
Այս մասին պատմում է 2-րդ բուժմիավորման վիրաբուժության գծով փոխտնօրեն, գիտությունների
թեկնածու Արթուր Սոխակյանը. «Մեզ դիմում են 20-30 տարեկան այն աղջիկները (անկախ մասնագիտությունից),
որոնք կարճահասակության նկատմամբ բարդույթ ունեն: Նրանք ցանկանում են բարձրացնել
հասակը, ինչը արվում է ոտքերը երկարացնելու միջոցով»: Նույն բուժմիավորման
պլաստիկ վիրահատության ծառայության ղեկավար Տաթեւիկ Հարությունյանը կատարում է նաեւ
էսթետիկ վիրահատություններ: «Դրանք մեզ մոտ կատարվում են տասը կլինիկաներում: Հայաստանում
առաջնայինը քթի վիրահատությունն է, որը, եթե հաշվի առնենք, որ նաեւ շնչառությունը
չվնասելու խնդիր ունի, կատարում են երեք տարբեր մասնագետներ: Մնացած բոլոր՝ կոպերի,
դեմքի, փորի ճարպային գոյացությունների, տարիքային փոփոխությունների, կնճիռների,
կրծքի եւ այլ վիրահատությունների հիմնական մասը պատվիրվում է ոչ հայաստանաբնակների
կողմից: Մեզ մոտ վիրահատությունը մոտ 10 անգամ էժան է եւ որակով ոչնչով չի զիջում
արտասահմանյան թանկարժեք վիրահատություններին»,- ասում է Տ. Հարությունյանը: Ծառայության
ղեկավարը գտնում է, որ պլաստիկ վիրաբուժությունը տեխնիկական մեծ հնարավորություններ
չպահանջող ճյուղ է: Սուր մկրատ, սուր դանակ եւ լավ ձեռք, ու ամեն անգամ զարմանալի
նոր արդյունք: Այսինքն՝ մեր բժիշկները չե՞ն զգում նորագույն տեխնիկայի կարիք: Տաթեւիկը
ժպտաց. «Միայն քթի վիրահատության գործիքների ամենաէժան հավաքածուն արժե 7000 դոլար:
Պատկերացրեք, ինչքան քթեր են պետք՝ այդ ծախսը փակելու համար: Այդքան քիթ որտեղի՞ց»:
Մինչեւ այս տարվա վերջ, բուժմիավորումում կկատարվի քթի մոտ 200 վիրահատություն: Բացի
էսթետիկ վիրահատություններից, պետպատվերով կատարվում է նաեւ բնածին արատների շտկում՝
գայլի երախ, նապաստակի շրթունք, կտրած մատներ, ծուռ եւ ավելորդ մատներ, չզարգացած
ականջ եւ այլն: Ինչ վերաբերում է կրծքի վիրահատությանը, պարզաբանվեց, որ մեծ կամ
չզարգացած կուրծքը նույնպես արատ է, որ առաջանում է հորմոնալ խանգարման հետեւանքով:
Չզարգացած կրծքի վիրահատությունը անհրաժեշտ է կատարել սեռական հասունացումից հետո
միայն, իսկ մեծի դեպքում, եթե ծանրությունը կորացնում է մեջքը՝ միայն խորհրդակցելով
էնդոկրինոլոգի եւ գինեկոլոգի հետ: Վերջերս Մոսկվայում կայացած սեմինարին, որին մասնակցել
է նաեւ Տաթեւիկը, խոսվել է ոչ վիրահատական, ժամանակակից մեթոդների մասին, որոնք թույլ
կտան ստանալ գոհացուցիչ արդյունք: «30-ից սկսած՝ մարդը սկսում է ծերանալ,- ասում
է նա,- կան պրեպարատներ, որոնք կարող են օգնել մարդուն՝ մնալ երիտասարդ, միայն թե
նա պետք է ունենա ներքին կուլտուրա, ինչը մեզանում իսպառ բացակայում է: Գումարներ
են ծախսվում ճոխ սննդի, գեղեցկության սրահների եւ այլ զվարճանքների վրա, ու մարդիկ
փող ունեն, իսկ մարզվելու, արտաքինին հետեւելու համար փող չունեն: Չնայած այժմ համեմատաբար
շատացել են էսթետիկ վիրահատության դիմողները, իհարկե, գերակշռողները կանայք են, պատճառը
հավանաբար այն է, որ շատ ընտանիքներում կանայք հայտնվել են սոցիալական հարցեր լուծողի
դերում: Իսկ աշխատանք գտնելու համար գեղեցիկ արտաքին է պետք»: Պլաստիկ վիրաբուժության
մի առանձին ճյուղ զբաղված է սեռը փոխելու խնդրով: Այն մեզ մոտ օրենքով արգելվում
է, ինչը, սակայն, հաջողությամբ իրականացնում է մեր հայրենակից Ռուբեն Ադամյանը՝ Մոսկվայում:
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել