Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի

Հոկտեմբեր 27,2004 00:00

Օսկանյանի սխալը Փորձեք մի փոքր լարել ձեր երեւակայությունն ու պատկերացնել, թե ինչպես կարձագանքի միջին վիճակագրական, այսինքն՝ 20 հազար դրամից քիչ ավելի եկամուտ ունեցող հայաստանցին Վարդան Օսկանյանին, եթե վերջինս ուղիղ այդ մարդու աչքերին նայելով հայտարարի. «Հայաստանը տարեցտարի արձանագրում է հարաճուն տնտեսական աճ եւ այդ առումով առաջին տեղերից մեկն է զբաղեցնում ոչ միայն նախկին խորհրդային երկրների մեջ, այլեւ իր անմիջական հարեւանների համեմատությամբ»: Միանգամայն ճիշտ եք. միջին վիճակագրական հայաստանցին այդ պահին կկորցնի հակաճառելու եւ, առհասարակ, խոսելու ունակությունը: Իսկ երբ Օսկանյանը, օգտվելով արձագանքի օբյեկտիվ բացակայությունից, ավելացնի, որ Հայաստանում անշեղորեն կատարելագործվում են ժողովրդավարական ինստիտուտները, ըստ ձեզ՝ ի՞նչ կասի (կանի) խոսելու ունակությունը վերագտած հայաստանցին: Դարձյալ միանգամայն ճիշտ եք… մինչդեռ: Քանի որ Հայաստանի արտգործնախարարը բազմափորձ դիվանագետ է, երբեք չի գնա նման չարդարացված ռիսկի եւ կաշխատի դիվանագիտորեն խուսափել հայաստանյան միջին վիճակագրական լսարաններից: Իսկ մտքի վերոհիշյալ «գոհարները» նա խոհեմաբար կմատուցի կամ «Հայլուրով», կամ շատ ավելի ապահով եւ ըմբռնման մեծ ռեսուրս ունեցող դահլիճներում: Ահավասիկ, նման դասական լսարանի օրինակ կարող են ծառայել Լիոնի հայ համայնքի ընտրյալ ներկայացուցիչները, որոնք վերջերս ի մի էին եկել՝ մասնակցելու «Հայաստան» հիմնադրամի միջոցառմանը: Հենց այնտեղ էլ, մի քանի օր առաջ, ելույթ ունենալով 350 հրավիրյալների առջեւ, նախարարն «ավետել» է հայաստանյան իրականության մասին սեփական պատկերացումները: Ֆրանսահայերի մտավոր կարողությունները, իհարկե, չի կարելի թերագնահատել, եւ այդ բանը լավ հասկանալով՝ Օսկանյանը հավատացրել է. «Սա ոչ միայն մեր տվյալներն են, այլեւ համաշխարհային փորձագետների: Երբեք Հայաստանն այսքան ներգրավված չի եղել միջազգային հարաբերություններում, ինչքան այսօր: Մենք անդամակցում ենք այնպիսի միջազգային կարեւոր ատյաններին, ինչպիսիք են Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կամ ECOSOC-ը»: Այժմ փորձենք «հոգեվերլուծել» Օսկանյանի այս ճառը լսած լիոնահային: Նախ փաստենք, որ դահլիճում ներկաների գերակշիռ մեծամասնությունը Հայաստանի իրական վիճակի մասին հեռավոր պատկերացում իսկ չունի, հետեւաբար կարող է խիստ ոգեւորվել ՀՀ արտգործնախարարի նկարագրած պատկերներից: Հաջորդ պահին, սակայն, ուղղամիտ լիոնահայն օրինաչափորեն կտարակուսի, թե այլեւս ի՞նչ իմաստ ունի փող հանգանակել զարգացման սարսափեցնող տեմպեր եւ դինամիկ կատարելագործվող ժողովրդավարական ինստիտուտներ ունեցող, իսկ ամենակարեւորը՝ ECOSOC-ին անդամակցող երկրի համար: Հոգ չէ. նման դեպքերի համար Օսկանյանն ունի «վթարային պլան»: Նա նշել է, որ հակառակ դրական տեղաշարժերին, Հայաստանն այսօր շատ՝ մասնավորապես աղքատության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Թերեւս կարիք չկա տեղեկացնելու, որ Վարդան Օսկանյանի այս վերապահումից հետո լիոնահայերը կորցրել են խոսելու ունակությունը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել