Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Նոյեմբեր 09,2004 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՎԵՑԻՆ Հովհաննես Հովհաննիսյանը՝ Սխեֆֆերի այցի եւ ԱՄՆ ընտրությունների մասին Երեկ «Առավոտի» հետ զրույցում, վերլուծելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերի այցը Կովկասյան տարածաշրջան, «Ազատական առաջադիմական» կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նկատեց, որ՝ «այցի միջոցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծեց իր վերաբերմունքը տարածաշրջանի երկրների նկատմամբ»: Մասնավորապես՝ «պարոն Սխեֆֆերը Վրաստանում եւ Ադրբեջանում գիշերեց՝ այդ երկրների քաղաքական ղեկավարության հետ քննարկումներին ավելի շատ ժամանակ տրամադրելով, իսկ Հայաստան եկավ մեկ ժամ ուշացումով, կես ժամ շուտ էլ մեկնեց: Այսինքն, դիվանագիտության լեզվով ասած՝ դա վերաբերմունք էր Հայաստանի նկատմամբ»,- եզրակացնում է Հովհաննես Հովհաննիսյանը: «Այդուհանդերձ, ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ» հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ընդհանրապես, ՆԱՏՕ-ն շատ հետաքրքրված է Հարավային Կովկասով եւ կարեւորում է տարածաշրջանի հետ համագործակցությունը: Սակայն այն, որ Հայաստանը չի պատրաստվում հետեւել Վրաստանի օրինակին եւ դուրս գալ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր կազմակերպությունների շարքից եւ այդպես է ցանկանում շարունակել ինտեգրվել ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը, ինձ համար անընդունելի է: Դա ուղղակի անլուրջ է: Այս ամենը մեկ անգամ եւս հաստատում է, որ արեւմտյան պարտնյորների հետ համագործակցությունը ձգձգման խաղ է, ոչ թե լուրջ գործընթացներ»: Խոսելով ԱՄՆ-ում կայացած նախագահական, Սենատի եւ Կոնգրեսի ընտրությունների մասին՝ պարոն Հովհաննիսյանը ցավով արձանագրեց, որ մեր երկիրը հերթական պարտությունը կրեց: Հիշեցնենք, որ Հ. Հովհաննիսյանը ազգովին Քերիին տրվելու ամենաակտիվ ընդդիմախոսներից մեկն էր: «Դա նախադեպը չունեցող երեւույթ էր, երբ ողջ սփյուռքը, այսպես ասած, նույն դարպասի վրա էր խաղում: Ամերիկայի հայկական կազմակերպություններն իրենց կշիռն ունեն, եւ նրանք միշտ կարողացել են հավասարակշռությունը պահել: Այս անգամ մեր իշխանությունների անհեռատեսության շնորհիվ, մեղմ ասած, անհարմար վիճակում հայտնվեցին բոլորը: Բուշը հաղթեց ոչ միայն նախագահական, այլեւ Սենատի եւ Կոնգրեսի ընտրություններում, ինչը բավականին հազվադեպ երեւույթ է: Սովորաբար, այդ երկու ինստիտուտներից որեւէ մեկում ընդդիմադիր կուսակցությունն է հաղթանակ տանում: Փաստորեն, ԱՄՆ-ի ժողովուրդը վստահում է Բուշի վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականությանը: Իսկ այդպիսով Հայաստանը, իմ համոզմամբ, կորցրեց Բուշի ադմինիստրացիայի հետ երկխոսության հնարավորությունը: Նաեւ՝ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները: Նախկինում եթե մի կառույցի հետ աշխատանքը չէր ստացվում, փոխարենը՝ մյուսի հետ էր սերտ համագործակցությունը, այժմ բոլոր դռները փակվեցին՝ ընդամենը ցանկալին իրականի տեղ մատուցելու պատճառով: Ես չեմ կարծում՝ Բուշը այնքան հիշաչար լինի, որ Հայաստանի եւ տեղի հայ համայնքի նկատմամբ մանր-մունր վրեժներ լուծի, բայց մի բան հստակ արձանագրվեց եւ կմնա՝ Հայաստան պետությունն ու ԱՄՆ-ի հայերը այսօր մեծագույն ցանկություն ունեին Բուշին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում չտեսնելու: Իմ կարծիքով, Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն առաջիկա չորս տարիներին այդ ֆոնի վրա կզարգանան, եթե մեր երկրում իշխանափոխություն չլինի»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել