Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժանապատվությունը»

Նոյեմբեր 11,2004 00:00

«Արժանապատվությունը» աղքատությունը կհաղթահարի «Իսկ հիմա ո՞ր կուսակցությունն է ակտիվություն ցուցաբերում»,- «Առավոտի»՝ «Ինչո՞ւ է կուսակցությունն այդքան պասիվ» հարցին հարցով պատասխանեց «Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը: Նկատեցինք, որ շատերը սահմանադրական եւ ԸՕ-ի բարեփոխումների հարցերով են գոնե «զբաղված»: «Մեզ էլ են օրինակներն ուղարկված, մենք դա կարդում ենք»,- ասաց Լ.Հարությունյանը: Պարզվեց, որ այդ հարցերի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը հետեւյալն է՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգ եւ «ընտրությունների համար պատասխանատվությունը պետք է պետությունը կրի, ուստի տեղամասային հանձնաժողովները պետության կողմից պետք է ձեւավորվեն: Պետք չէ այդ պատասխանատվությունն ուրիշների վրա դնել եւ ձեռքերը լվանալ: Պետությունը պետք է բարի լինի այդ ամենը կազմակերպել ու պատասխան տալ թերությունների համար: Շատ երկրներում այդպես է»,- կարծիք հայտնեց Լ. Հարությունյանը: «Արժանապատվությունը» նաեւ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերում է ներգրավված: Ինչպես հայտնի է, անցած շաբաթ շահերի պաշտպան 11 գործընկերային խմբերը գործունեության համաձայնագիրն արդեն ստորագրել են: Լ. Հարությունյանից տեղեկացանք, որ աղքատության հաղթահարումը մոտակա երեք տարիներին նպատակաուղղված պետք է լինի «սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդմանը, սոցիալական անվտանգության ապահովմանը եւ մարդկային կապիտալի պահպանմանը, միջին եւ մանր բիզնեսի զարգացմանը՝ հօգուտ սոցիալապես անպաշտպան խմբերի, գյուղական բնակավայրերում սոցիալական ենթակառուցվածքի ձեւավորման»: Շահերի պաշտպաններն են՝ կառավարությունը, եկեղեցին, համայնքներ, արհմիություններ, գործարարներ, խոցելի խմբեր, իրավապաշտպաններ եւ այլն: «Արժանապատվությունն» աշխատելու է սոցիալական համակարգի ամրապնդման ուղղությամբ: Պարզվում է, մինչ վերջերս ԱՀՌԾ-ում կուսակցությունների գործունեության մասին լսել անգամ չեն ցանկացել: Հիմնական գործը հկ-ների վրա է դրված եղել: Տիկին Լյուդայի համառ պայքարի արդյունքում, ինչպես ասում են, սառույցը կոտրվել է: «Ես կարծում եմ, որ քաղաքական խմբերը պետք է մտնեն սրա մեջ եւ անպայմանորեն մաս պիտի կազմեն: Ոչ ոք այդ մասին չի խոսում: Միգուցե չեն արժեւորում կամ արժեքը չեն հասկանում: Սա նորմալ երկրի հզորագույն ինստիտուտներից մեկն է»,- ասում է նա: Իսկ կուսակցություններն ի՞նչ խնդիր ունեն այդտեղ լուծելու. «Եթե քաղաքական ուժերը չներգրավվեն այս ամենում, չստիպեն, որ անիվը պտտվի՝ չի պտտվի: Դա հարցերի լուծման նոր տեխնոլոգիա է: Վերջին հաշվով, դրա շնորհիվ նաեւ կառավարության մենաշնորհն է վերցվում: ԱՀՌԾ-ի սեփականատերը կառավարությունն էր: Համաձայնագրի ստորագրումից հետո որոշողը՝ բոլոր շահագրգիռ գործընկերներն են»,- գտնում է Լ. Հարությունյանը: Ըստ նրա, այլ քաղաքական՝ «բավականին լուրջ» ուժեր էլ են գործընթացում ներգրավված: Սակայն նրանք առայժմ որպես գործընկեր հանդես չեն գալիս, ուստի անվանումները չեն բարձրաձայնվում: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել